– Գրադարան – Mashtoz.org

Անդրոմեդայի Գալակտիկա
Անդրոմեդայի Գալակտիկան (որ հայտնի է նաև Անդրոմեդայի Մեծ Միգամածություն հին անունով կամ կատալոգային M 31 և NGC 224 կոդերով) սպիրալային հսկա գալակտիկա է, որ մաս է կազմում Տեղային Խմբին (Local Group), Ծիր Կաթինի, Եռանկյան Գալակտիկայի և ուրիշ մոտ 50 փոքր գալակտիկաների հետ միասին: Գտնվում է Երկրից 2,5 միլիոն լուսային տարի հեռավորության վրա, Անդրոմեդայի հյուսիսային համաստեղության ուղղությամբ, որից էլ ստացել է իր անունը: Մեր գալակտիկային ամենամոտիկ սպիրալային հսկա գալակտիկան է: Տեսանելի է նաև անզեն աչքով: Առանց հեռադիտակների օգնության տեսանելի ամենահեռավոր առարկան է:

Անդրոմեդայի Գալակտիկան պարունակում է մոտ 1 բիլիոն (հազար միլիարդ) աստղ, այսինքն՝ մեր գալակտիկայի աստղերի թվից շա՜տ ավելին: Չնայած այն բանին, սակայն, որ Տեղային Խմբի ամենաընդարձակ գալակտիկան է, զանգվածի առումով ամենածանրակշիռը չէ, որը, ամենայն հավանականությամբ, Ծիր Կաթինն է: Անդրոմեդայի գալակտիկան մոտենում է Ծիր Կաթինի գալակտիկային 100-140 կմ/վայրկյան արագությամբ: Նրանց ենթադրական բախումը հնարավոր է 2,5 միլիարդ տարի հետո:

Ծիր Կաթինի նման, Անդրոմեդայի Գալակտիկան ևս ունի արբանյակային գալակտիկաների համակարգ, որին մաս են կազմում մեզ հայտնի 14 փոքր գալակտիկաներ: Ամենահայտնիները և ամենահեշտ տեսանելիները M 32 և M 110 գալակտիկաներն են: Անդրոմեդայի Գալակտիկան մի սովորական սպիրալային գալակտիկա է, որի թևերը կենտրոնի շուրջը փաթաթված են ժամացույցի ուղղությամբ: Այդ թևերից յուրաքանչյուրը մեկը մյուսից հեռու է նվազագույնը 13.000 լույսի տարի:

Գիտական այս տվյալների հիման վրա հնարավոր է կատարել երկու հետևություն: Առաջինն այն է, որ մարդը երբեք չի կարողանա ֆիզիկապես հասնել, ներկա գտնվել, ուսումնասիրել և ճանաչել Անդրոմեդայի Գալակտիկան. դա անելու համար հարկավոր է կառուցել չափսերով երկրագնդին հավասար, բնական նույնքան պաշարներով հագեցած և թթվածնով ապահովված մի տիեզերանավ, որը տիեզերքի տարածություններում լույսի արագությամբ ճախրելու (ինչին մարդու մարմինը բնավ չի կարող դիմանալ) և ոչ մի վթար ու բախում չունենալու դեպքում՝ 2,5 միլիոն տարի հետո նոր կհասնի տեղ (սրա անհնարինության վերաբերյալ տե՛ս նաև այս հոդվածը): Երկրորդն այն է, որ մենք ոչ մի կերպ չենք կարող վստահ լինել, թե Անդրոմեդայի Գալակտիկան այսօր տակավին գոյություն ունի՞, կամ ինչպիսի՞ տեսք ունի այժմ: Այն պատկերները, որոնք մենք տեսնում ենք այսօր, իրականում ''ճանապարհ են ընկել'' 2,5 միլիոն լույսի տարի առաջ: Այսօրվա նկարները ցույց են տալիս տիեզերքի հեռավոր անցյալը, ո՛չ թե ներկան: Թե ինչպիսի տեսք ունի Անդրոմեդայի Գալակտիկան այսօր, երկրի վրա մարդիկ կիմանան միմիայն 2,5 միլիոն լույսի տարի հետո:
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։