– Գրադարան – Mashtoz.org

ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻ ՆՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ. ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ
Գիտություն և Հավատք։ Վերջին երկու դարերի ընթացքում ի հայտ եկած թեմա է սա, որն – ինչպես միշտ – բնորոշվում է երկու ծայրահեղ դիրքորոշումների բախումով. մի կողմից որոշ կրոնական հոսանքներն ու խմբավորումներն են, որոնք վախենում կամ պարզապես խորշում են գիտությունից, այն մերժում են անկախ որևէ պարագայից, քանի որ ունեն այն անհիմն մտահոգությունը, թե գիտությունը կարող է ընդհարման մեջ մտնել իրենց կրոնական հավատքի հետ (սա անշուշտ Եկեղեցու, հատկապես՝ Կաթողիկե Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը չէ)։ Մյուս կողմից, մինչդեռ, հակակրոնական խմբավորումներն են, որոնք նույնքան անհիմն կերպով իդեոլոգիականացնում, գաղափարախոսության են վերածում գիտությունը, տարածելով այն թյուր կարծիքը, թե գիտությունն անխուսափելիորեն հեռացնում է Աստծուց։

Ողջունելի են, ուստի, սոցիոլոգիական այնպիսի հետազոտությունները, ինչպիսին է վերջին տարիներին Ռայս Համալսարանում (Հյուսթըն, Թեքսաս) Իլեյին Հոուարդ Էկքլունդի կողմից կատարվածը, ուր սոցիոլոգիական կանոնների համաձայն ուսումնասիրվել և վերլուծվել է ամբողջ աշխարհից հազարավոր գիտնականների կրոնական դիրքորոշումը, փաստելով, որ նրանց կյանքում բացարձակ կերպով համատեղելի են կրոնական հավատքն ու գիտական փնտրտուքը։
 
Ճիշտ այս օրերին ներկայացվել են այդ հետազոտությունների վերջին փուլի արդյունքները ( անգլերեն բնագրի համար սեղմեք այստեղ ). ուսումնասիրողների ուշադրությունն այս անգամ կենտրոնանալով ֆիզիկոսների ու կենսաբանների վրա, նրանց ուղարկվել է մի հարցաթերթիկ, որին պատասխանել է մոտ 10.000 գիտնական (որոնցից 609-ի հետ անցկացվել են նաև առավել խորացված ու համապարփակ հարցազրույցներ)։ Հարցազրույցներն անցկացվել են միայն Հոնգ Քոնգի, Հնդկաստանի, Թայվանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Միացյալ Նահանգների և Թուրքիայի գիտնականների հետ, որպես ներկայացուցիչներ քրիստոնեական, իսլամ և արևելյան մշակույթների։
 
Առաջին հետաքրքրական տվյալն այն է, որ Ֆրանսիայից ու Անգլիայից բացի, մյուս բոլոր երկրներում Աստծուն հավատացող(1) գիտնականներն առավել բազմաթիվ են, քան նրանք, ովքեր նախընտրում են սահմանել իրենց իբրև աթեիստ կամ անգիտապաշտ (ագնոստիկ)(2)։ Իտալիայում, օրինակ, ֆիզիկոսների և կենսաբանների 57%ը հավատում է Աստծուն և ներկայացնում է իրեն որպես կաթոլիկ քրիստոնյա, մինչ ընդամենը 20%ն է աթեիստ, իսկ 23%ը՝ անգիտապաշտ։ Առավել բազմաթիվ են հավատացյալ գիտնականները, թեև նվազ հարաբերակցությամբ, նաև Միացյալ Նահանգներում. 36%ը հավատում է Աստծուն, 35%ն աթեիստ է, իսկ 29%ը՝ անգիտապաշտ։ Ֆրանսիայում գիտնականների 51%ն անհավատ է (բայց ավելի ճիշտ կլիներ ասել՝ այլահավատ է), Անգլիայում հավատացյալ ու անհավատ գիտնականների թիվը գրեթե հավասար է, անհավատների սոսկ թեթևակի առավելությամբ (35% և 40%), մինչդեռ ամբողջովին հակառակ տվյալներ ենք գտնում Թուրքիայում (85%ը հավատացյալ, 6%ը աթեիստ, 9%ը անգիտապաշտ), Հնդկաստանում (79%ը հավատացյալ, 11%ը աթեիստ, 11%ը անգիտապաշտ), Թայվանում (74%ը հավատացյալ, 14%ը աթեիստ, 12%ը անգիտապաշտ), և Հոնգ Քոնգում (54%ը հավատացյալ, 26%ը աթեիստ, 20%ը անգիտապաշտ)։
 
Կսխալվի նա, ով կփորձի անտեսել կամ արհամարհել ոչ-արևմտյան երկրներում գրանցված տվյալները. հիշեցնենք, օրինակի համար, որ Չինաստանը (Հոնգ Քոնգ) աշխարհում երկրորդ երկիրն է, Միացյալ Նահանգներից հետո, գիտական փնտրտուքի լավագույն որակի դասակարգում ( աղբյուրն այստեղ )։ Հնդկաստանը 13րդ տեղում է, ուր զիջում է Իտալիային (8րդ տեղում), բայց գերազանցում է արևմտյան այնպիսի երկրների, ինչպիսիք են Հոլանդիան, Ռուսաստանը, Բելգիան և Ֆինլանդիան։ Սխալվում են նաև այն մարտնչող աթեիստները, որոնք սույն ուսումնասիրության տվյալներից կատաղած, իսկույն սկսել են պնդել, թե ավելի շատ աթեիստ գիտնականներ ունեցող երկրները ավելի շատ Նոբելյան մրցանակներ են շահել, քան մյուսները։ Այս ընդդիմությանը կարող ենք երկու պատասխան տալ. առաջինն այն է, որ արդեն բոլորին է հայտնի, թե վերջին հիսնամյակում որքան է քաղաքականացվել Նոբելյան մրցանակաբաշխությունը, կորցնելով իր գիտական օբյեկտիվության բարի համբավը, հայտնվելով ինչ-ինչ քաղաքական հոսանքների ու բանկիրների ազդեցության տակ (օրինակ, Խաղաղության Նոբելյան մրցանակ է տրվում ԱՄՆ կամ ա՛յլ երկրների նախագահների, որոնք իրենց զորքերով ու զենքերով, սոսկ նավթի հափշտակման համար, հրի ու ավերածության են ենթարկում երկրագնդի կեսը). երկրորդ, հարկավոր է միշտ հիշել, որ Նոբելյան մրցանակը տրվում է տվյալ անձին, այն իր մեջ հավաքական իմաստ չի պարունակում, մրցանակը տրվում է ո՛չ թե երկրին, այլ՝ տվյալ քաղաքացուն։ Այլապես ստիպված կլինենք հավատալու, թե Միացյալ Նահանգները, Անգլիան ու Իսրայելը աշխարհի ամենախաղաղասեր երկրներն են, սոսկ այն պատճառով, որ բազմաթիվ ամերիկացիներ, անգլիացիներ ու հրեաներ արժանացել են Նոբելյան մրցանակին։ Սա, անշուշտ, անհեթեթություն է։
 
 
 
Կրոնական արարողություններին մասնակցելու կամ աղոթքի հաճախականության թվերից ավելի, առավել հետաքրքրական է թվում ընդգծել այն փաստը, որ ուսումնասիրությանը մասնակցած գիտնականների մեծամասնությունը, իրեն հավատացյալ բնորոշելով հանդերձ, չի նկատում իրեն որպես այս կամ այն կրոնական ուղղության անդամ։ Իտալիայի դեպքում, օրինակ, եթե բնակչության 88%ը նկատում է իրեն որպես կաթոլիկ, կրոնական մի որոշակի դավանանքի անդամակցող գիտնականների թիվը կազմում է 63%։ Կրոնական մի որոշակի դավանանքի չանդամակցելն անշուշտ չի նշանակում չհավատալ Աստծուն՝ Արարչին։ « Աշխարհամասերի մեծամասնության դեպքում », բացատրել են ուսումնասիրության կազմակերպիչները, « գիտնականներն ավելի լայիկ են ընդհանուր բնակչության համեմատ։ Այդուհանդերձ, գիտնականները չեն կարծում, թե գիտությունն ինչ որ մի նպաստող ազդեցություն է գործում անհատի լայիկացման գործում. ընդհակառակը, նրանց մեծամասնությունը կարծում է, որ կրոնն ու գիտությունը գործում են միմյանցից զատ ոլորտներում։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենալայիկ միաջավայրում ևս՝ գիտությունն ու կրոնը ընդհարման մեջ չեն գտնվում անհատ գիտնականների կյանքում »։
 
Այսինքն, գիտնականներն ավելի լայիկ են ո՛չ թե իրենց գիտական աշխատանքի պատճառով, քանի որ համատեղելի են գտնում գիտությունն ու կրոնը, այլ՝ մշակութային այլևայլ պատճառներով։ Հարկավոր է, այնուամենայնիվ, հիշել, որ կրկին Ռայս Համալսարանի կողմից 2014 թվականին կատարված մի ուսումնասիրության համաձայն (ուսումնասիրությանը մասնակցել են 10.000 գիտնականներ միայն Միացյալ Նահանգներից), ամերիկացի գիտնականների 18%ը կրոնական արարողությունների է մասնակցում ամեն շաբաթ, Միացյալ Նահանգների ընդհանուր բնակչության 20%ի համեմատ. 15%ն իրեն խիստ կրոնասեր է նկատում, ընդհանուր բնակչության 19%ի համեմատ. 13,5%ը կրոնական գրականություն է ընթերցում ամեն շաբաթ, ընդհանուր բնակչության 17%ի համեմատ. 19%ն աղոթում է օրը մի քանի անգամ, ընդհանուր բնակչության 26%ի համեմատ։ Հետևաբար, հավատացյալների և նրանց կրոնական մասնակցության տոկոսային հարաբերակցությունը գրեթե նույնն է ամերիկացի գիտնականների և ընդհանուր բնակչության միջև։
 
Եզրակացնելով ասենք, որ այլևս կասկածից դուրս է և վիճաբանությունների ենթակա չէ փաստը, որ գիտնականների մեծամասնությունն այսօր հավատացյալ է և կրոնասեր։ Այս տվյալները գտնվում են վերջին տարիներին կատարված սոցիոլոգիական բոլոր ուսումնասիրությունների արդյունքներում։
 
Գեղեցիկ վկայություն է «La Repubblica» օրաթերթին տվել Միլանի Համալսարանի Ատոմային և Ենթաատոմային Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ջանպաոլո Բելլինին. «Տարրական մասնիկներ ուսումնասիրող ֆիզիկոս եմ, և կարծում եմ, որ այսքան վիթխարի կերպով համընդհանուր տարածված տրամաբանությունը չի կարող պատահական լինել։ Տիեզերքի կառուցվածքի ու կարգուկանոնի ետևում կա, ըստ իս, մի ներածում (input)։ Եթե բնության տվյալներից ոմանք նույնիսկ նվազագույն չափով տարբեր լինեին, կյանքը երկրի վրա անհնարին կլիներ»։ Նույն հոդվածում, Իտալիայի Մետրոլոգիական Ուսումնասիրությունների Ազգային Ինստիտուտի տնօրեն Մասսիմո Ինգուշոն հավելել է. «Համաչափության գաղափարը և բնության մեջ ամենուր տարածված օրենքները բացարձակ ներդաշնակության մեջ են քրիստոնեական հավատքի հետ» ( իտալերեն բնագրի աղբյուրն այստեղ )։ Նույն օրաթերթի մի ա՛յլ հոդվածում նրանց արձագանքել է հայտնի ֆիզիկոս Լուչո Ռոսսին, որը համոզված կաթոլիկ է և գլխավորում է Ժընևի Ատոմային Ուսումնասիրությունների Եվրոպական Կենտրոնի բաժիններից մեկը. « Գտնում եմ, որ կաթոլիկ հավատքի մեջ կա շատ ազատություն և որ կրոնի հիմնական հարցադրումներում կիրառվում են կասկածն ու ներանձնական որոնումը։ Ի վերջո, ես համոզվեցի, որ վարկածը, որի համաձայն ամեն բան առաջացել է պատահաբար, շատ ավելի դժվար է ընդունել, քան Աստծո գոյությունը։ [...] Կարծում եմ, որ գիտությունը որոշակի առումով քրիստոնեական հավատքի դուստրն է։ [...] Ե՛վ գիտությունը, և՛ քրիստոնեական հավատքը հմայված են գեղեցկության, կարգուկանոնի, համաչափության կողմից։ Եվ երկուսն էլ որոնում են կյանքի իմաստը։ Աստված իմ համար սկզբնապատճառն է բոլոր օրենքների ու բանականության (լոգոս), որոնցով կառավարվում է տիեզերքը։ [...] Ատոմային Ուսումնասիրությունների Եվրոպական Կենտրոնում ես միակ հավատացյալը չեմ։ Մենք բազմաթիվ ենք և միայն քրիստոնյաներ չեն։ Կան նաև լայիկության մեջ անհանդուրժողական կոլեգաներ։ Նրանք շատ չեն տարբերվում երեք դար առաջ ապրած անհանդուրժողական կաթոլիկներից։ Կարծում եմ, որ Ֆրանսիան, -- երկիրը, ուր ապրում եմ, -- իր լայիկությունը վերածել է պետական կրոնի » ( իտալերեն բնագրի աղբյուրն այստեղ )։

(1) Տվյալ դեպքում ասելով Աստված, անշուշտ չենք հասկանում այս կամ այն կրոնի առավել կամ նվազ ճշմարիտ աստվածաբանությունը, մտադիր չենք շփոթելու քրիստոնեական միակ ճշմարիտ Աստծուն ասենք հնդկական բազմաստվածյան կռապաշտության հետ։ Տվյալ դեպքում ասելով Աստված հասկացվում է ընդամենը Արարչի հասկացողությունը, որին են տիեզերքը և մարդկությունը պարտական իրենց գոյության համար։ Արարչի այս տարրական հասկացողությունն է, որ համընդհանուր է բոլոր կրոնների համար։

(2) Կարևոր է ընդգծել, սակայն, որ անգիտապաշտների (ագնոստիկների) թիվը երբեք չպետք է գումարել աթեիստների թվին, քանի որ աթեիստը և անգիտապաշտը բացարձակապես տարբեր հասկացողություններ են։ Աթեիզմը իդեոլոգիա է, թեիստական կրոններին հակադրվող աթեիստական մի ա՛յլ կրոն (այլահավատ), որն իր գաղափարախոսությունը հիմնում է աթեիստական, գիտականորեն անհիմն հավատալիքների վրա, մինչ անգիտապաշտը տակավին փնտրտուքի մեջ գտնվող ազնիվ մարդն է, և հարկավոր է ասել, որ անգիտապաշտների մեջ բազմաթիվ են որոշակի միստիկ իմաստով հոգևոր կյանք ապրող անձնավորությունները։

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։