– Գրադարան – Mashtoz.org

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉԻ՞ ԵՎ ԼՈՒԾՈՒՄ Է ԱՄԵՆ ԽՆԴԻ՞Ր։ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ Ո՛Չ։ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՉԻ ՀՊՎՈՒՄ ԱՆԳԱՄ։
« Գիտության շնորհիվ է, որ կարող ենք հուսալ, թե կարող ենք պատասխանել մարդուն տանջող հարցերին։ Գիտության շնորհիվ է, որ կարող ենք նպաստել անհատների կյանքի որակը բարելավելու գործին »։ Երկու նախադասություններ են սրանք, որ շատ հաճախ են լսվում հանրահայտ կամ նորահայտ աթեիստների բերանից։
 
Սա, անշուշտ, չափազանց մտահոգիչ չէր լինի, եթե չանդրադառնայինք, որ բազմաթիվ ոչ-աթեիստ անձնավորություններ ևս հեշտությամբ վարակվում են այս հիվանդ մտածելակերպով, երբեմն թերևս առանց չափազանց լրջություն ներդնելու իրենց նմանատիպ մտքերի կամ խոսքերի մեջ։ Իրոք որ, ինչպե՞ս է հնարավոր իսկապես կարծել և հավատալ, որ այն բոլոր էական հարցադրումներին, որոնք մարդը հասունացնում է իր անկատար, թերի գոյության դիմաց, վերջին ու ամբողջական իմաստի իր ծարավի դիմաց, կարող են պատասխաններ տրվել գիտության կողմից։
 
Հակառակ ամենահամառ աթեիստների ունեցած համոզմունքների, – որոնցից մեկն է, օրինակ, միջատագետ Է.Օ. Ուիլսոնը, ով քանի որ շատ բան գիտի միջատների մասին, կարծում է, թե ամեն ինչ գիտի նաև մարդկության և ընդհանրապես տիեզերքի ողջ կառույցի մասին, և իրեն թույլ է տալիս հայտարարել. « Գիտությունը պարզապես մի ա՛յլ ձեռնարկ չէ, ինչպես բժշկությունը, ճարտարագիտությունը (ինժենիերություն) և աստվածաբանությունը։ Գիտությունը աղբյուրն է այն ողջ գիտելիքի, որ կարող ենք ունենալ իրական աշխարհի մասին », – խոսքը վերաբերվում է փիլիսոփայական ռիդուկցիոնիզմի(*) վերջին մնացորդներին. ռիդուկցիոնիզմ, որն արդեն ծերացած էր ծնվել։ Տիեզերքի իլլումինիստական տեսությունն իր տեղը վաղուց արդեն զիջել է գիտական այն տեսակ հասկացողությանը, որը գիտակից է իր առժամանակյա բնույթին, և հիմնվում է հատկապես 20րդ դարի գիտական ձեռքբերումների վրա, ինչպիսին է, օրինակ, Վերներ Կառլ Հայզենբերգի անորոշությունների սկզբունքը։ Կառլ Փոպպերը խեղաթյուրման չափանիշի ներդրմամբ ապացուցեց, որ գիտությունը դա ենթադրական-եզրակացական համակարգ է (հիպոտետիկ-դեդուկտիվ սիստեմ) և նրանում ոչ մի վերջնական ու վճռական բան չկա։ Եթե Թոմաս Քյուհնի համոզմամբ՝ գիտությունն առաջ է շարժվում « հեղափոխական ճգնաժամերի » միջոցով և ո՛չ թե գծային անընդհատ և հարաճուն կերպով, 20րդ դարի իմացաբանության (էպիստեմոլոգիայի) մյուս հսկա ներկայացուցչի՝ Իմրե Լաքատոսի համաձայն՝ գիտությունը ոչ-բացարձակ նկարագիր ունի և բնավ ստույգ գիտելիքի ձեռքբերման մեթոդ չէ։ Գիտական աշխատանքի համար Վոլֆ մրցանակակիր Վիկտոր Վայսքոպֆն իր հերթին գծել է այն նեղ սահմանները, որոնց ներսում է միայն գործում գիտական մեթոդը. « Արդարացված չէ այն հավակնությունը, թե գիտությունը կարող է գտնել և գտնելու է բացատրություններ մարդկային յուրաքանչյուր փորձառության համար, իսկ նույնիսկ եթե այդպես լիներ, մարդկային որևէ փորձառության շուրջ տրված գիտական բացատրությունը անհրաժեշտորեն չի հպվում այդ փորձառության բոլոր տեսանկյուններին։ Սա յուրահատուկ կերպով ճշմարիտ է այն տեսանկյունների դեպքում, որոնք որևիցէ մի կերպ առնչվում են այնպիսի հասկացողությունների, ինչպիսիք են սերը, արժանապատվությունը և էթիկան » (« Il privilegio di essere un fisico » [Ֆիզիկոս լինելու առավելությունը], Jaca Book 1994, pp. 36-37)։
 
Ո՞վ եմ ես, որ գոյություն ունեմ, բայց ինքս իմ մեջ չունեմ իմ գոյության սկզբունքը, իմ գոյության իմաստը հասկանալու բանալին։ Ինչ որ մեկն իսկապես ի վիճակի՞ է լրջորեն պատասխանելու այս հարցին՝ գործածելով սոսկ կենսաբանական կամ քիմիական սահմանափակ գիտելիքները։ Ծիծաղաշարժ փորձ կլիներ, ինչպես հստակեցրել է կենսաբան և Նոբելյան մրցանակակիր Պիտեր Մեդաուարը. « Գիտնականի համար ավելի արագ ձև չկա՝ վարկազրկելու ինքն իրեն և իր մասնագիտությունը, քան բացահայտ կերպով հայտարարելը, թե գիտությունը ճանաչում է և շուտով ճանաչելու է բոլոր պատասխանները այն բոլոր հարցադրումներին, որոնք արժանի են տրվելու, և որ այն հարցադրումները, որոնք չեն թույլատրում իրենց համար գիտական պատասխաններ, իբր մի տեսակ ոչ-հարցեր կամ ''կեղծ-հարցեր'' են, որոնք միայն պարզամիտները կարող են առաջադրել և որոնց միայն դյուրահավատներն են կարծում, թե ընդունակ են պատասխան տալու։ [...] Գիտության համար սահմանների գոյությունը ակնհայտ է դարձել իր անկարողությունից՝ պատասխանելու տարրական ու մանկական հարցերի, որ վերաբերվում են առաջին և վերջին իրականություններին. հարցեր, ինչպիսիք են ''Ինչպե՞ս է սկսվել ամեն բան'', ''Ի՞նչ ենք անում այստեղ'', ''Ի՞նչ իմաստ ունի կյանքը'' » (« Advice to a Young Scientist » [Խորհուրդ մի Երիտասարդ Գիտնականի], Harper&Row 1979, p. 31)։
 
Գիտական որոնումներն անշուշտ աղբյուր են անհավատալի բացահայտումների ու նորարարությունների, որոնք նպաստել են մարդկային աշխարհը, անհատ մարդու կյանքը փոխելու (բայց ո՛չ միշտ դեպի լավը) և տիեզերքի վերաբերյալ ունեցած նրա բազմաթիվ հարցերից մի մասին պատասխանելու գործին։ Բայց գիտությունն ի՞նչ կարող է ասել ինչ որ մի յուղանկարի, մի բանաստեղծության կամ մի արձանի գեղեցկության մասին։ Հաշվելով վրձնի շարժումները, տեքստում ներկա հանգերը կամ մուրճի հարվածնե՞րը։ Ինչպե՞ս կարող է գիտությունը մեզ ասել, թե մի նկար գլուխգործո՞ց է, թե՞ սոսկ գույների խառնաշփոթ բծերի համագումար։ Յուղանկարը քիմիական հետազոտության ենթարկելո՞վ։ Քիմիկոսը կարող է մեզ ասել, որ ինչ որ մեկի բաժակի մեջ ստրիխնին ավելացնելով՝ կարող ենք սպանել նրան, բայց բնավ չի կարող ասել, թե դա բարոյական գետնի վրա արդարացի՞ է, թե՞ ո՛չ։ Արդարև, բարոյական ուսմունքը նույնպես գտնվում է գիտական դաշտից դուրս։ Գիտությունը իրական և լուրջ ի՞նչ ասելիք ունի Մոցարտի սոնատներից ինչ որ մեկի վերաբերյալ։ Քննարկումների ժամանակ ձայնի ի՞նչ իրավունք ունի գիտական փնտրտուքը, երբ խոսքը գնում է սիրո, իրավունքների, կրոնականության, ապերջանկության, կյանքի իմաստի և նմանատիպ հազարավոր ա՛յլ իրականությունների մասին, որոնց գոյությունը կասկածի տակ դնել միայն բացահայտ խելագարները կարող են։ Եվ, փակագծերում ավելացնենք, ակնհայտ է ինքնաբեր (ավտոմատ) ինքնահերքումը նրա, ով հաստատում է, թե գիտությունը ճշմարտության միակ աղբյուրն է, և դա անում է ամբողջովին ոչ-գիտական ձևով, առանց լաբորատոր փաստերի (իսկ ինչպե՞ս կարող է լաբորատոր փորձարկման դնել իր այդ հաստատումը)։
 
Ինչ վերաբերվում է մարդկանց « կյանքի որակին » (որն ինքնըստինքյան արդեն չափազանց անորոշ, յուրաքանչյուր անհատի ճաշակից ու գաղափարներից կախումնավոր հասկացողություն է), որևէ կասկածից դուրս է, որ միայն գիտական զարգացումը չէ, որ կարող է բարելավել այն։ Առանց հաշվի առնելու լիովին արդարացի նկատողությունը, որ գիտական ու տեխնիկական ձեռքբերումները այնքան էլ չեն բարելավել մարդկանց կյանքի իրական ու անմիջական որակը ո՛չ արևելյան, ո՛չ էլ արևմտյան երկրներում, ուր աղքատությունը բնավ հաղթահարված չէ, ուր մարդկանց աշխատանքի հետ կապված խնդիրները բնավ լուծված չեն, ուր գերհոգնածությունն ու տարբեր պատճառներով առաջացող ստրեսային վիճակները ավելի են ծանրացրել արդեն հայտնի հիվանդությունները և ստեղծել են նորանոր հիվանդություններ, ուր մարդկանց գերակշռող մեծամասնությունը չի հաղորդակցվում ստեղծվող բարիքների բաշխմանը, առողջապահական ծառայություններին և ընդհանրապես ամեն ինչի՝ այդ ամեն ինչի չափազանց թանկ արժեքի պատճառով, ուր որքան ավելի է զարգանում գիտությունն ու տեխնոլոգիան, այնքան ավելի անկում է ապրում սննդի, դեղորայքի և արտադրվող բոլոր ապրանքների որակը, և այլն, և այլն, և այլն, կարող ենք բերել մի քանի կոնկրետ օրինակներ. Շվեյցարիան համարվում է իր քաղաքացիների համար ամենաորակյալ կյանք ապահովող Երկիրը, բայց Շվեյցարիայի կամ նրա առանձին քաղաքների անունները հնարավոր չէ գտնել գիտական փնտրտուքի ոլորտում ամենազարգացած երկրների կամ քաղաքների ցանկերի առաջին տեղերում, ուր մինչդեռ տիրապետող դիրք ունեն Թայվանը, Հարավային Կորեան, Սինգապուրն ու Ճապոնիան, որոնք բնավ չեն համապատասխանում բարձրորակ կյանքի ստանդարտներին։ Ճապոնիան, օրինակի համար, ամենաշատ ինքնասպանություններ գրանցող 26 երկրների շարքում է, մեծապես զարգացած Ֆինլանդիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների հետ միասին, որոնք գրավում են համապատասխանաբար 35րդ, 46րդ և 48րդ տեղերը։ Ընդհակառակը, այն երկրները, ուր ամենաքիչն են ինքնասպանություններ գրանցվում, բնավ հայտնի չեն իբրև գիտական փնտրտուքի կենտրոններ. օրինակ՝ Նեպալը, Պերուն, Հաիթին, Ֆիլիպինները, Հունաստանը, Մալթան և այլն։
 
Մեր այս մտորումները եզրափակելու համար ավելի լավ բան չկա, քան հիշելը ավստրիացի տրամաբան և փիլիսոփա Լյուդվիգ Վիթգենշթայնի իմաստուն խոսքերը. « Նույնիսկ եթե գիտության առջև դրված բոլոր հարցերը իրենց պատասխան գտնեն, մեր կյանքի խնդիրներին այն հպվել անգամ չի կարողանա » (« Tractatus logico-philosophicus » [Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ], 6,52)։

(*) Ռիդուկցիոնիզմ եզրը առաջացել է « նվազեցնել » բայի լատիներեն արմատից։ Մատնանշում է այն բոլոր գաղափարախոսությունները (իդեոլոգիաները), որոնք ձգտում են նվազեցնելու մարդու արժեքը, մերժելով նրա աստվածային արժեքը, նրա հոգևոր էությունը, աշխարհում նրա եզակիությունը, նկատելով մարդուն սոսկ որպես անասնական աշխարհի տեսակներից մեկը, առանց յուրահատուկ էության և բացառիկ իրավունքների։

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։