ՋՈՐԴԱՆ ՄՈՆՋ – Գրադարան – Mashtoz.org

ՋՈՐԴԱՆ ՄՈՆՋ

« ԳՏԱ ՀԱՎԱՏՔԸ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ »
Քրիստոնեական հոգեկանությունն ու վարքագրությունը հարուստ են դարձի կամ գաղջ հավատքի արմատականացման օրինակներով, որոնց համար որպես դրդապատճառ են հանդիսացել երբեմն գերբնական ուղղակի միջամտությունը (օրինակ՝ Պողոս Առաքյալը), երբեմն՝ տառապանքի և հասարակական անարդարությունների հետ բախումը (ինչպիսին որ, ամենայն հավանականությամբ, եղել է Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացու պարագան), ուրիշ անգամներ՝ անհանգիստ ու պրպտող մտքի հասունացման շնորհիվ (օրինակ՝ Սբ. Օգոստինոսը, իսկ մեր ժամանակակիցներից՝ Էնթընի Ֆլյուն), կամ էլ՝ կյանքի հաճույքների վաղանցուկ ունայնության փորձառությունն ու գիտակցումը (օրինակ՝ Սբ. Իգնատիոս Լոյոլացին)։

Միացյալ Նահանգներում մի քանի տարի է, ինչ որոշակի համբավի է արժանացել փիլիսոփա և հրապարակախոս Ջորդան Մոնջի դեպքը, ով – իր իսկ կողմից տրված ուղղակի վկայության համաձայն – աթեիզմից դարձի է եկել քրիստոնեական հավատքին, սկսելով մեծապես ակտիվ գործունեություն ծավալել գրքային և համացանցային հրապարակումներով։ Պատանեկության տարիները որպես մարտնչող աթեիստ ապրելով, նրա մտահամակարգը փոխվեց համալսարանական տարիների ընթացքում, մինչ ուսանում էր Հարվարդի Համալսարանում (որի նշանաբանն է « Veritas », որ լատիներեն նշանակում է « Ճշմարտություն »)։ Այնտեղ հանդիպում է մի քրիստոնյա ուսանողի՝ Ջոն Ջոզեֆ Փորթըրին, որի հետ սկսում է ազնիվ ու խաղաղ վիճաբանությունների մի շարք, գնալով շատ ավելի անդին, քան բողոքական միջավայրերում ծնված «պետք է միայն հավատալ» արտահայտությունը, որը Մոնջի կողմից որակավորվում էր որպես «մտային վախկոտություն»։ Եվ սակայն, պատմում է, օրինակի համար « մղեց ինձ մտորելու իմ աթեիստական անհետևողականության մասին, երբ իր երեսին շրմփացնում էի, թե այս բանը ճիշտ է, իսկ այս մյուսը՝ սխալ, այդպիսով համընդհանուր դասակարգեր որդեգրելով »։

Մոնջի առաջին քայլը ( www.jordanmonge.com ) եղավ անցումը դեիստական (այսինքն՝ Արարիչ Աստծո հանդեպ հավատքի վրա կենտրոնացած) դիրքորոշման. « Սուրբ Վալենտինի տոնի օրը սկսեցի հավատալ Աստծուն։ Բանականության հարթության վրա ոչ մի ամոթ չկար դեիստ լինելու մեջ։ Չմոռանանք, որ այդպիսով հետևում էի այնպիսի հարգարժան անձնավորությունների, ինչպիսիք էին Թոմաս Ջեֆֆերսոնը և մյուս հիմնադիր հայրերը »։ Այս քայլի արդյունքում փոխվեցին նաև իր մտքերն ու մտորումները փիլիսոփայական ու գիտական հարթության վրա։ Այս փուլը, սակայն, քիչ տևեց և նա շուտով զգաց ու հասկացավ, որ Քրիստոսի Խաչը « աստվածային սադիզմի գռեհիկ խորհրդանշանը չէր », այլ՝ « սիրո մի նշանակալի արարք », մարդկության չարիքների ու մեղքերի դարմանը։ « Այլևս տեսնում էի Խաչը ո՛չ միայն իբրև սիրո խորհրդանշան, այլ՝ մի անդարմանելի կարիքի պատասխան։ Երբ առաջին անգամ կարդացի խաչելության դրվագը Հովհաննեսի Ավետարանում, ակամա սկսեցի արտասվել »։

Գաղափարները խորացնելու կարիքն այդպիսով մղեց նրան « ջատագովական գրքեր խժռելու, տարբեր տեսանկյուններից դիտված։ Կարդացի Ղուրանը և Ռիչարդ Դոկինսի ''Աստծո Պատրանքը'' գիրքը, որոնք սակայն ոչինչ են մտքի քրիստոնեական հարուստ ավանդության համեմատ։ Ես միշտ վիճաբանել էի իմ տարեկիցների հետ, բայց երբեք չէի կարդացել և չէի ուսումնասիրել մտքի տիտանների աշխատությունները. Օգոստինոս, Անսելմոս, Աքվինացի, Դեկարտ, Քանթ, Պասկալ, և Լյուիս։ Երբ վերջապես կարդացի, միակ տրամաբանական բանը, որ կարող էի անել, դա Հիսուս Քրիստոսի մահվանն ու հարությանը հավատալն էր» ։ Բայց, ևս մի գեղեցիկ քայլ, « եթե կամենում էի շարունակել իմ այս պրպտումները, չէի կարող թողնել, որ դրանք լինեին սոսկ մտային ճամփորդություններ »։

Այդ իսկ պատճառով, 2009 թվականի Սուրբ Զատկի օրը, երիտասարդ փիլիսոփայուհին խնդրեց և ստացավ Մկրտությունը Կաթոլիկ Եկեղեցում, վերջնականորեն հասկանալով, որ « Աստված հայտնվում է Աստվածաշնչի, աղոթքի, ընկերների և քրիստոնեական ավանդության միջոցով »։ Հավատքի ու բանականության միասնական մի ընթացք, որ կատարյալ կերպով համապատասխանում է կաթոլիկ ողջ ավանդությանը և կարծես մարմնացումը լինի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի կողմից 1998 թվականին հրապարակված « Fides et Ratio » (« Հավատք և Բանականություն ») Կոնդակի առաջին իսկ նախադասության. Քրիստոնեական « Հավատքը և բանականությունը կարծես երկու թևերը լինեն, որոնցով մարդկային հոգին բարձրանում է դեպի ճշմարտության հայեցողությունը »։ Նշանակալի է արտահայտությունը, որը Ջորդան Մոնջն ինքը գործածել է իր ընթացքը համառոտելու համար. « Հարվարդ եկա՝ փնտրելով ճշմարտությունը։ Բայց Ճշմարտությունն է, որ գտավ ինձ »։
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։