
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ
- 01
- 02
- 03
- 04
- 05
-
06
-
-
07
-
- 1) Նախագիտելիք
- 2) Երկրի վրա պատահական էակներ կան
- 3) Պատահական էակներն իրենք իրենց մեջ չունեն իրենց գոյության պատճառը
- 4) Պատահական էակների գոյության պատճառը հարկավոր է փնտրել որևէ անհրաժեշտ էակի մեջ, որն ինքն իր մեջ կունենա իր գոյության պատճառը: Այդ անհրաժեշտ էակն Աստված է
- 5) Մի հարց
- 6) Հավելված. – ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ԾԱԳՈՒՄԸ
-
- 1) Նախագիտելիք
- 2) Տիեզերքում զմայլելի կարգուկանոն կա, որ մի նպատակի է ձգտում
- 2.1) Կարգուկանոնը նյութական աշխարհում
- 2.2) Նպատակային կարգուկանոնը բուսական աշխարհում
- 2.3) Նպատակային կարգուկանոնը կենդանական աշխարհում
- 2.4) Նպատակային կարգուկանոնը մեր հինգ զգայարաններում և մարմնի տարբեր օրգաններում
- 3) Այս կարգուկանոնը ենթադրում է բարձրագույն իմացականությամբ օժտված Հեղինակի գոյությունը
- 4) Այդ Հեղինակն Աստված է
-
08
- 09
- 10
Գիտությունը, չնայած իր մեծաշռինդ գյուտերին, տակավին մանուկ է տիեզերքի ամպածրար խորհուրդների առջև:
«Փորձագետի յուրաքանչյուր հարցմանը գիտությունն անտարակույս մի պատասխան տալիս է, սակայն այդ պատասխանը քսան նոր հարցեր (խնդիրներ) է առաջացնում: Գիտությունն ամենից առաջ համեստության և անկեղծության դպրոց է»[1]:
Տիեզերքը լի է առեղծվածներով: Գիտությունը որքան էլ ընդարձակի իր հորիզոնները, միշտ նորանոր ու լայնածիր հորիզոններ պիտի բացվեն իր առջև: Տիեզերքի թաքուն գանձերը սպառելու համար անհունություն է պետք: Նյութի, ուժի, կյանքի շարժման, մարդկային մտքի ու սրտի անսահման տենչերի, ազատության, խղճմտանքի, մահվան ու մեղքի ծագումը և էությունը մեկական առեղծվածներ են, որոնց անդնդախոր հատակը լուսավորելու համար անզոր են գիտության լույսի ճառագայթները:
Գիտությունը կարող է դրանց մոտավոր և ենթադրական պատճառները մատնանշել, բայց ո՛չ երբեք՝ առաջին և վերջին պատճառը: Ֆրանսիացի հեղինակներից մեկն ասում էր. «Գիտությունը ենթադրությունների գերեզման է»[2]:
Տիեզերքի առեղծվածները լուծելու համար հարկավոր է ընդունել Գերագույն մի Էակի գոյությունը, որին մենք «Աստված» անունն ենք տալիս: Անհուն էակը միայն կարող է աղբյուրն ու վախճանը լինել ամեն էակի. այս անսպառ Աղբյուրի լույսով է միայն կարելի լուսաբանել տիեզերքի խորհուրդները: Աստվածային Արեգակի շողերի առջև միայն կարող են փարատվել բոլոր առեղծվածների ստվերները:
«Գիտության յուրաքանչյուր մշակ գիտի, որ անլուծելի խորհուրդներ կան: Միայն Գերագույն մի Էակի հավատքն է […] զորացնում մեզ՝ արիաբար մոտենալու կյանքի գաղտնիքների ուսումնասիրությանը»[3], ասում է անլար հեռագրի գյուտարար Մարքոնին (1874-1937):
«Բայց ո՞ւր է այդ Գերագույն Էակը, ո՞ւր է Աստված», պիտի գոչեն շատերը: «Ո՞վ է տեսել Նրան, կամ ո՞վ է լսել Նրա ձայնը։ Եթե Աստված գոյություն ունի, ինչո՞ւ Ինքն Իրեն ցույց չի տալիս մեզ, որպեսզի տեսնենք և հավատանք: Եթե Աստված արդար է, ինչպե՞ս է հանդուրժում, որ այսքա՜ն ակնբախ անիրավություններ գործվեն երկրի վրա. ինչո՞ւ է անօրենների ճամփան լի հաջողություններով, իսկ արդարներինը՝ փշոտ: Եթե Աստված բարի է, ինչո՞ւ է թույլատրում, որ թշվառությունը և ցավը ա՜յս աստիճան արցունք քամեն խեղճ մարդկության աչքերից: Ինչո՞ւ են այս զազրելի մահվան սրից ավելի շատ մատղաշ և անմեղ կյանքեր հնձվում, քան թե ամբարիշտ ու զառամած սրտեր: Ինչո՞ւ, ինչո՞ւ է մեղքը հաղթական իշխում բարության ու սրբության ավերակների վրա»:
Ահա՛ հարցումները, որոնք օրեցօր կուտակվում են՝ առանց գոհացուցիչ պատասխան գտնելու: Ահա՛ հարցումները, որոնք տանջում են նույնիսկ ճշմարտության ծարավ հոգիներին:
Ու մանավանդ մեր ծաղկող սերունդը, որ պետք եղած սննդարար հյութով չի սնուցվում ազգային վարժարանների մեջ ավանդված կրոնի անբավարար դասերի ընթացքում, օրեցօր թորշոմում է անաստվածության ու անբարոյականության շնչի տակ:
Մեր նպատակն է ներկա աշխատությամբ պարզ և ամենից մատչելի լեզվով պատասխանել վերոհիշյալ հարցումներին: Առանց ապավինելու Աստվածաշնչին ու Ավետարանին, այլ՝ միմիայն մտքի բնական լույսով, պիտի ապացուցենք Աստծո գոյությունը՝ բանականությանը հագուրդ տվող փաստերով:
Տրված ապացույցները պիտի կարողանան համոզել յուրաքանչյուրի բանականությանը, լինի նա հավատացյալ կամ անհավատ. որովհետև, ինչպես ամեն աչք տեսնելու համար է, այնպես էլ ամեն բանականություն ճշմարտությունը ճանաչելու համար է: Բոլոր ճշմարտություններն իրենք իրենց պարտադրում են մտքին, եթե նույնիսկ ազատ կամքը չի ուզում գլուխ խոնարհել նրանց առջև: