1) Աստված ամենապարզ է – Գրադարան – Mashtoz.org

1) Աստված ամենապարզ է

ա) Պարզ է կոչվում այն էակը, որը մասերից կազմված չէ: Պարզությանը հակառակ են բաղադրությունը և բարդությունը:

Ամեն բաղադրյալ էակ կախումնավոր է:

Բաղադրյալ էակը կախյալ է իր մասերից, որոնցից կազմված է: Մասերն առաջնային են, քան նույն մասերից բաղկացած էակը, որն առանց մասերի չի կարող գոյություն ունենալ:

բ) Բաղադրյալ էակն արդյունք է, որ ենթադրում է իր պատճառը: Իրարից տարբեր մասերը, բաղադրյալ էակ կազմելու համար, կարիքն ունեն իրենց միակցող մի պատճառի:

գ) Բաղադրյալ էակը սահմանավոր է, որովհետև զանազան մասերն իրար սահմանափակում են, միմյանց սահման են դնում:

Մասերը միշտ սահմանափակ են: Որքան էլ բազմացնելու լինենք սահմանավոր էակները, երբեք չի կարող առաջանալ անհուն, անսահման էակ, որովհետև սահմանավորի և անսահմանի մեջ անանցանելի անդունդ կա:

Մյուս կողմից, անհուն էակը ո՛չ կարող է աճել, ո՛չ էլ՝ նվազել, իսկ սահմանավոր էակը միշտ ունակ է նվազելու և աճելու:

Այսպիսով, ապացուցեցինք նախապես, որ Աստված անկախ, առանց պատճառի, անհուն էակ է, հետևաբար՝ Աստված չի կարող բաղադրյալ լինել, այլ՝ ամենապարզն է:

Աստծո մեջ չկա քանակի և որակի բաժանում: Բացի Աստծուց, ամեն էակ բաղադրյալ էակ է:

Անհոգի տիեզերքը բաղկացած է նյութի զանազան մասերից: Բույսերը՝ բուսական կյանքից և նյութից, անասունները՝ զգայական կյանքից և նյութից, մարդը՝ հոգուց և մարմնից, անմարմին հրեշտակները՝ էությունից և գոյությունից: Հրեշտակների, ինչպես նաև բոլոր էակների մեջ, էությունը տարբերվում է իրենց գոյությունից: Միակ Աստծո էությունը իր «Գոյությունն» է. էության և գոյության զանազանություն չկա Աստծո մեջ:

Նմանապես, արարածների բոլոր կատարելությունները տարբերվում են նրանց էությունից ու գոյությունից և ունեն սահման ու չափ: Մինչդեռ Աստծո կատարելություններն անհուն են և նույնական են իր էության հետ:

Արարածները առավել կամ նվազ չափով բարի են, ճշմարիտ են, գեղեցիկ են, և այլն. մինչդեռ Աստված Ինքնին Բարությունն է, Ճշմարտությունն է, Սրբութունն է, Գեղեցկությունն է, և այլն:

Աստված ունի միտք՝ մտածելու համար, և կամք՝ կամենալու: Սակայն, Աստծո միտքն ու մտածումը, կամքն ու կամեցողությունը Իր իսկ էությունն են:

Աստծո ներսում մտածումները մտածումներին չեն հաջորդում, ինչպես նաև՝ կամեցողությունները կամեցողություններին, այլ՝ Նա մեկ մտածումով ըմբռնում է բոլոր ճշմարտությունները և մեկ կամեցողությամբ ընդգրկում է բոլոր բարիքները:

Ինչպես երփներանգ ծիածանի յոթ գույները նույնանում են արևի լույսի մեջ, այդպես էլ իրարից տարբեր բոլոր կատարելությունները նույնանում են Աստծո էության հետ:

Մեր սահմանափակ միտքը չի կարող մեկ հայացքով ըմբռնել Աստծո բազմերանգ ու ամենապարզ էությունը: Ինչպես արևի լույսն է անձրևի բյուրեղ կաթիլների մեջ փշրվում և յոթ զմայլելի գույների փոխարկվում, այնպես էլ Աստծո ամենապարզ էությունն է մեր մտքի բյուրեղի մեջ փշրվում և բազմազան կատարելությունների վերածվում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։