1) Զանազան պատասխաններ – Գրադարան – Mashtoz.org

1) Զանազան պատասխաններ

Չկարողանալով գտնել վերոնշյալ հարցի լուծումը, Սպենսերը և Մանսելը գտնում են, որ մենք ի վիճակի չենք որևէ բան իմանալ Աստծո և Նրա նախախնամության մասին:

Ռեշդալը և այլոք, ընդունելով Աստծո բարությունը, ժխտում են Նրա ամենակարող լինելը:

Իսկ ի՞նչ ասել այն հոռետեսներին, ում համար ողջ կյանքը վշտերի մի շղթա է:

Հնդիկ փիլիսոփա Բուդդան (Սիդդհարթա Գաութամա, Ք.ա. 566-486), ով հոռետես (պեսսիմիստ) փիլիսոփայության ռահվիրան է, ասում է. «Մահը ցավ է, չսիրած բաների հետ միավորվելը ցավ է, սիրված բաներից բաժանվելը ցավ է, անձնական փափագը չհագեցնելը ցավ է»[1]:

Ժամանակակից փիլիսոփաներից Բուդդայի ամենահավատարիմ հետևորդն է հոռետես փիլիսոփա Շոպենհաուերը (1788-1860): Նա այս կերպ է տրամաբանում. կամքը կյանքի արմատն է և հիմքը: Ցանկացած կամք անհրաժեշտորեն ունի փափագներ: Յուրաքանչյուր փափագի մեջ ճիգ և ինչ-որ բանի պահանջ կա: Բայց ճիգից ու պահանջից ծնվում է ցավը: Այսպիսով, ցավն անբաժան է կյանքից: Կյանքը կայանում է ցավի մեջ:

Շոպենհաուերի ազդեցությունը մեծ է եղել հաջորդ սերունդների վրա: Հայ գրական գործիչներից ոմանք նույնպես հայտնվել են հոռետեսության պղտոր հորձանքի մեջ:

Ավետիք Իսահակյանի գրականության վրա ալեկոծվում է հոռետես մելամաղձության մշուշը: Նա Աբու Լալա Մահարու բերանով ասում է.

 
«Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ,
ինչ որ տեսել եմ մարդու հոգու մեջ,
մարդու հոգու մեջ համրել եմ հազար նողկանք
ու գարշանք զազիր ու նանիր [...] :
Եղկելի մարդիկ, փոշի կդառնան ձեր չար սրտերը,
ձեր գործերը սին։ [...]
Եվ ունայնաշունչ հողմը կշաչե ձեր գերեզմանի քարերի վրա,
Իսկ վայելելու դուք միշտ ապիկար երազն այս չքնաղ,
հեքիաթն այս շքեղ»[2]:
[1] Տես P. TACCHI - VENTURI, Storia delle religioni, Torino 1936, p. 194-195.
[2] Ա. ԻՍԱՀԱԿԵԱՆ, Աբու Լալա Մահարի, Կ. Պոլիս 1945, էջ 2 և 7.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։