1) Ի՞նչ է ասում բնության ձայնը – Գրադարան – Mashtoz.org

1) Ի՞նչ է ասում բնության ձայնը

Բնությանը ուշադիր դիտելիս՝ ամենուր կհանդիպենք բարեխնամ մի ձեռք, որ հայրական գուրգուրանքով պահպանում է բոլոր էակներին և հոգում է նրանց անհրաժեշտ շնորհները, որպեսզի նրանք անվրեպ կարողանան իրենց նպատակին հասնել:

Այդ բարերար ձեռքն է, որ խնամում է բնության մեջ ցրված գեղաթույր ծաղիկներին, օդի մեջ ճախրող թռչուններին, ծովում խայտող բոլոր ձկներին, երկրի վրա գտնվող ցանկացած կենդանի էակի:

Սերմերն ու բույսերը զարմանալիորեն պաշտպանված են իրենց կյանքին սպառնացող թշնամիներից:

Չերկարացնելու համար, այստեղ դիտարկենք միայն ծաղիկների բեղմնավորման եղանակը՝ համոզվելու համար, որ նախախնամությունը հրաշալիքներ է գործում բնության մեջ:

Բեղմնավորում ասելով՝ ի նկատի ունենք այն գործողությունը, որով ծաղկի առէջի (արական օրգան) բեղուն փոշին միանում է վարսանդի (իգական օրգան) սերմնարանի հետ, և այս միությունից առաջանում է պտուղը:

Հողին գամված բույսը, երբ զարդարվում է ծաղիկներով, պետք է բեղմնավորի իր ծաղիկները, հակառակ դեպքում դատապարտված է ոչնչացնել իր սերունդը առանց հաջորդ ունենալու:

Բեղմնավորման այս կենսական գործողության համար նախախնամությունը գործածում է քամին, կենդանիներին, և հատկապես միջատներին, որոնք ծաղիկների բեղուն փոշին փոխադրում են բույսից բույս, և այսպիսով հաղթահարում են հեռավորության արգելքը:

Հեռավորության արգելքից բացի, կա նաև ինքնաբեղմնավորման վտանգը: Ինչպես մարդկանց մեջ իրար մերձավոր արյունակիցների ամուսնություններից սովորաբար տկար, հիվանդ ու թերի սերունդ է առաջանում, այդպես էլ շատ բույսեր, ինքնաբեղմնավորման պատճառով, տկար շարունակություն են ունենում:

Նախախնամությունն իմաստությամբ հոգում է նաև այս վտանգի դարմանը: Օրինակ, ծաղիկների մի մասի վարսանդն ավելի շուտ է աճում, քան առէջները: Մյուսներինն էլ, նախ առէջներն են աճում և հասունանում, հետո՝ վարսանդը: Այս կերպ դժվարանում է ինքնաբեղմնավորումը:

Երբեմն բացառապես անկարելի է լինում երկու տարբեր ծաղիկների բեղմնավորումը: Այդ դեպքում ծաղիկը նախընտրում է ինքնաբեղմնավորումով տկարակազմ շարունակություն ունենալ, քան անբեղուն մնալով սերունդ չթողնել իրենից հետո: Եվ ահա՛ այս բացառիկ պարագայում առէջները, որոնք վարսանդներից ավելի գաճաճ են, հանկարծ հասակ են առնում և, հասնելով վարսանդի բարձրությանը, փոխանցում են նրանց իրենց բեղմնափոշին, կամ էլ բույսի ծաղիկները զարմանալի իմաստությամբ ցած են թեքում իրենց բաժակները, այնպես՝ որ վարսանդն ավելի ցածր դիրք ստանա, քան առէջները, և վերջիններս ավելի հեշտ են կարողանում իրենց բեղմնափոշին փոխանցել վարսանդին:

Դուրս գալով բուսական աշխարհից, երբ մտնենք զգայական կյանքի սահմաններից ներս, այստեղ էլ պիտի հանդիպենք նախախնամության միևնույն հոգատար ձեռքին, որը պահպանում ու կառավարում է յուրաքանչյուր կենդանու: Աստվածային նախախնամությունն ամեն կենդանու տվել է ավել կամ պակաս զորավոր մի զենք, բնազդ՝ որպես ինքն իրեն պաշտպանելու և սնունդ ճարելու միջոց: Այստեղ շատ երկար կլինի զգայական աշխարհում տեղի ունեցող նախախնամական հրաշալիքների մանրամասն նկարագրությունը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։