1) Հակառակորդների կարծիքները – Գրադարան – Mashtoz.org

1) Հակառակորդների կարծիքները

Հին փիլիսոփաներից Դեմոկրիտն ու Էպիկուրը ասում էին, թե տիեզերքը արդյունքն է հավիտենապես գոյություն ունեցող անբաժանելի ատոմների պատահական հանդիպման:

Համաձայն Պլատոնի, Աստված տիեզերքը ստեղծելու համար գործածեց նախագո նյութը, որ հավիտենական է, անհրաժեշտ և անարտադրելի:

Մանիքեականներն էլ որպես Աստծո արարչագործության արդյունք ընդունեցին միմիայն անտեսանելի էակներին, իսկ տեսանելիներին համարեցին սատանայի գործը:

 

Ահավասի՛կ մեր ապացույցը:

Տիեզերքի բոլոր էակները պատահական են, իրենց էության ու կատարելության մեջ սահմանափակ, ասել է թե՝ իրենց գոյությունը, էությունը և կատարելությունը իրենք իրենցով չունեն, այլ՝ ստանում են ինքնագո, անսահման և ամենակատարյալ էակից, որ Աստվածն է: Հետևաբար տիեզերքի բոլոր էակները արդյունք են աստվածային արարչագործության:

Այն նախանյութը, որից, ըստ Պլատոնի և այլոց, Աստված կառուցել է տիեզերքը, կա՛մ անսահման, անհրաժեշտ և ինքնագո էակ է, կա՛մ էլ, մյուս բոլոր էակների նման, պատահական և սահմանավոր է:

Առաջին պարագայում այդ նախանյութը Աստված պետք է լինի, քանի որ միայն Աստված է ինքնագո, անսահման և անհրաժեշտ: Բայց երկու աստվածներ չեն կարող գոյություն ունենալ: Ինչպես տեսանք, երկու անհուն և ինքնագո էակների գոյությունը անիրականալի հակասություն է:

Այսպիսով, հարկավոր է ընդունել, որ այդ հավերժանյութ համարվող էակը, մյուս բոլոր էակների նման, իր գոյությունը ստացել է Աստծուց:

Եթե Աստված, տիեզերքը ստեղծելու համար, անպայման կարիքը պետք է ունենար նախանյութի, այդ ժամանակ պիտի դադարեր բացարձակ ու ամենակարող լինելուց, և պիտի անկատար լիներ իր կարողության մեջ և կախյալ լիներ նախանյութից:

Այսպիսով, ամեն բանի ստեղծողը մնում է Աստված:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։