1) Մարդկային միտքն ընկալում է հավիտենական և անփոփոխելի ճշմարտությունները – Գրադարան – Mashtoz.org

1) Մարդկային միտքն ընկալում է հավիտենական և անփոփոխելի ճշմարտությունները

Հավիտենական և անփոփոխելի են այն ճշմարտությունները, որոնք անկախ են տիեզերքի էակներից և մեր մտքից:

Հավիտենական են կոչվում, որովհետև անկախ այն բանից, թե տիեզերքը կա կամ ո՛չ, նրանք միշտ կան և պիտի լինեն հավիտյան: Նրանք կապված չեն էակների սկսվելու կամ վերջանալու հետ: Օրինակ, տիեզերքի բոլոր էակները լինեն կամ չլինեն, միշտ անփոփոխ կմնան հետևյալ ճշմարտությունները. «Լինելը չլինել չէ», կամ «Միևնույն էակը միաժամանակ և նույն տեսանկյունից չի կարող լինել ու չլինել», «Ոչնչից ոչինչ չի առաջանում ինքնաբերաբար», «Շատը չի կարող քչից առաջանալ առանց պատճառի», «Քառակուսին չորս անկյուն ունի», «Երկու անգամ երկու հավասար է չորսի» և այլն:

Այս ճշմարտությունները ո՛չ սկիզբ ունեն և ո՛չ էլ վախճան, այլ՝ միշտ եղել են և պիտի լինեն: Նրանք այնքան պարզ են ու պայծառ, որ ապացույցի կարիքը չունեն: Նրանց իմաստը հասկանալուն պես պարզ կդառնա նաև, որ դրանք անփոփոխ և ընդհանրական ճշմարտություններ են: Անգամ Աստված չի կարող փոփոխել դրանք: Ո՛չ այն պատճառով, որ Աստված ամենակարող չէ, այլ՝ որովհետև այդ ճշմարտությունների հակառակն էապես անկարելի է, դրանք անիրականանալի հակասություններ են:

Օրինակ, միանգամայն անկարելի է, որ միևնույն ժամանակ գոյություն ունենամ և չունենամ: Անհնարին է, որ կտորն իր ամբողջից մեծ լինի. որ երկու անգամ երկու հավասար լինի հինգի. որ եռանկյունին միայն երկու անկյուն ունենա: Որպեսզի կարողանա փոփոխել այս ճշմարտությունները, Աստված պետք է փոփոխի նաև Իր իսկ գոյությունը, բայց դա հակասություններից մեծագույնն է:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։