1) Նախագիտելիք – Գրադարան – Mashtoz.org

1) Նախագիտելիք

Ի՞նչ է պատճառը:

Պատճառ ասելով հասկանում ենք այն էակին, որն ուրիշ էակին գոյություն (ծնունդ) է տալիս: Օրինակ, արևը ցերեկվա պատճառն է: Ցերեկն իր գոյության համար պարտական է արևին: Ծառը պտուղի պատճառն է. պտուղն իր գոյությունը ստանում է ծառից և էապես կախված է նրանից:

Պատճառը միշտ առաջ է արդյունքից և տարբերվում է նրանից:

Արդյունքը գոյություն ունենալու համար շատ պատճառների կարիքը կարող է ունենալ: Օրինակ, մարմարի կտորն արձան դառնալու համար քանդակագործի գործունեության կարիքն ունի: Քանդակագործը, նախքան գործիքները ձեռքը վերցնելը, պետք է արձան քանդակելու նպատակ ունենա: Այսպիսով, քանդակագործը, իր գործիքները, իր նպատակը, մարմարի կտորը և նրա ստացած կատարելությունը արձանի առանձին պատճառներն են:

Արձանագործը կոչվում է «արարող պատճառ» (cause efficiente):
Գործիքները` «գործիական պատճառ» (cause instrumentale):
Նպատակը՝ «վերջնական պատճառ» (cause finale):
Մարմարը՝ «նյութական պատճառ» (cause materielle)։
Իսկ մարմարի կատարելությունը՝ «կերպական / ֆորմալ պատճառ» (cause formelle):

Մեր ապացույցի մեջ պատճառ ասելով հասկանում ենք միայն «արարող պատճառը», որի գործունեությունն անհրաժեշտ է որևէ արդյունք առաջ բերելու համար:

Մի խումբ արարող պատճառներ երկու կերպ կարող են միմյանցից կախյալ լինել. 1) էապես, և 2) պատահականորեն:

«Էապես» իրարից կախյալ են, երբ ստորադաս պատճառը չի կարող որևէ արդյունք առաջ բերել՝ առանց տվյալ պահին մյուս պատճառներից ազդեցություն կրելու: Օրինակ՝ տանձենին, պտուղ տալու համար անմիջականորեն կախված է հողից, ջրից, օդից, արևից:

«Պատահականորեն» իրար ենթակա են, երբ արդյունքը տվյալ պահին մյուս բոլոր պատճառների ազդեցության տակ չէ: Օրինակ՝ հրդեհը պատահականորեն կախված է այն մարդուց, ով լուցկու միջոցով պատճառն է եղել հրդեհի:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։