1) Նախագիտելիք – Գրադարան – Mashtoz.org

1) Նախագիտելիք

Այս ապացույցը վերցնում ենք էակների «աստիճանակարգված կատարելություններից»:

Էակների ունեցած «կատարելությունները» կարելի է բաժանել երեք խմբի:

1) Նյութից «անբաժան» կատարելությունները, որոնք միշտ ունեն չափ և սահման: Օրինակ՝ ծանրությունը և տաքությունը կատարելություններ են, որոնք, նյութից անբաժան լինելով, միշտ չափավոր են և սահմանափակ: Առանց նյութի ծանրություն կամ տաքություն չկա: Նմանապես, գերագույն աստիճանով ծանրություն կամ տաքություն էլ չկա: Ինչ-որ բանի ծանրության կամ տաքության չափը միշտ կարելի է ավելացնել նոր ծանրությամբ և նոր տաքությամբ:

2) Նյութից «անկախ» կատարելություններ, որոնք կարող են թե՛ անսահման լինել, թե՛ չափավոր և թե՛ աստիճանակարգված: Օրինակ՝ բարությունը և իմաստությունը նյութից անկախ կատարելություններ են, որոնք անսահման ու գերագույն չափով կարող են գտնվել մի անհուն էակի մեջ, և չափավոր ու աստիճանակարգված կերպով՝ մարդկանց մեջ: Հակոբը բարի է և իմաստուն, Վարդանն ավելի բարի է և իմաստուն, քան Հակոբը: Աստված անսահմանորեն բարի է և իմաստուն:

3) Կան նաև կատարելություններ, որոնք «աստիճանավորում» չեն ընդունում: Նմանատիպ կատարելություններ ունեցող էակը կա՛մ ամբողջությամբ ունի դրանք, կա՛մ էլ՝ բնավ չունի: Օրինակ՝ մարդը բանական էակ է, իսկ անասունը՝ ո՛չ բանական: Կիսով բանական և կիսով ո՛չ բանական մարդ գոյություն չունի, ինչպես նաև կիսով ո՛չ բանական և կիսով բանական անասուն գոյություն չունի: Մարդն ամբողջովին բանական է, իսկ անասունը՝ ամբողջովին ո՛չ բանական:

Մեր չորրորդ ապացույցի հիմքում դնում ենք կատարելությունների երկրորդ խումբը, որոնք անկախ են նյութից և չափ ու սահման չունեն իրենց գաղափարի մեջ: Կարող են չափավոր և զանազան աստիճանավորումներով գտնվել էակի մեջ, կարող են նաև անսահման չափով գտնվել անսահման էակի մեջ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։