1) Տիեզերքի մեջ կան էակներ, որոնք շարժվում են կամ փոփոխվում – Գրադարան – Mashtoz.org

1) Տիեզերքի մեջ կան էակներ, որոնք շարժվում են կամ փոփոխվում

Էակների շարժումը կամ փոփոխությունը մի իրականություն է, որի ականատեսներն ենք ամեն վայրկյան:

Ամեն ինչ շարժվում է ու փոփոխվում մեր շուրջը։

Երկիրը, ինքն իր շուրջը պտտվելուց բացի, պտտվում է նաև արևի շուրջը՝ միջինում 108.000 կմ/ժ արագությամբ: Արևն իր հերթին, Արեգակնային համակարգի բոլոր մոլորակների հետ միասին, 70.000 կմ/ժ արագությամբ շարժվում է դեպի Վեգա աստղը, որը Քնար համաստեղության ամենապայծառ աստղերից մեկն է: Բոլոր աստղերն ու համաստեղությունները իրենց հերթին՝ աներևակայելի արագությամբ թափառում են տարածության անհուն խորքերում: Ամենահեռավոր համաստեղությունները (կամ միգամածությունները, nébuleuse) միլիվայրկյանում 84.000 կմ արագությամբ հեռանում են մեզնից դեպի տիեզերական նոր ոլորտներ:

Տիեզերքի ահռելիորեն մեծ տարածությունը հեռադիտակով ուսումնասիրելուց հետո մեր աչքերն իջեցնենք՝ մանրադիտակով զննելու համար աննշմարելի ատոմը: Եվ ահա՛ մի նոր տիեզերք է բացվում մեր առաջ: Յուրաքանչյուր ատոմ իր կորիզն ունի, որի շուրջը մանր էլեկտրոդներն այնպիսի արագությամբ են պտտվում, որ միլիվայրկյանում 297.000 կմ ճանապարհ պիտի կտրեին, եթե շարժվեին մեկ ուղղությամբ:

Բնության մեջ ամեն ինչ ենթակա է շարժման ու փոփոխության: Դալարագեղ գարնանը հաջորդում է հրաշող ամառը, մելամաղձոտ աշունը տեղ է բացում սառնաշունչ ձմռան համար: Սերմերը ծլում են, ծաղկում, քաղցրահամ պտուղներ են տալիս մեր սեղաններին ու երանգածուփ ծաղիկներ՝ մեր կրծքին:

Մշտաշարժ մի ալեկոծում կա նաև մեր ներաշխարհում, ուր տխուր ամպերին զվարթ երկինք է հաջորդում: Փափագը մի նոր փափագ է ծնում, մտածումը նոր մտածման ճամփա է բացում: Գեղեցկահյուս երազները քայքայվում են հուսախաբությունից: «Երկրի վրա ամեն ինչ տնօրինվում է մշտաշարժ և առաջախաղաց ազդեցությամբ»[1], ասում է անմահ բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը:

[1] ՄԿՐՏԻՉ ՊԷՇԻԿԹԱՇԼԵԱՆ, Տաղք եւ թատերգութիւնք, Նիւ Եորք 1917, էջ 146.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։