2.1) Կարգուկանոնը նյութական աշխարհում – Գրադարան – Mashtoz.org

2.1) Կարգուկանոնը նյութական աշխարհում

Պարզկա գիշերով երկնքում բռնկված անհամար աստղերն իրար հետ միացած են մի հրաշալի կապակցվածությամբ:

Կան աստղեր, որոնց լույսը հարյուրավոր տարիներ լույսի արագությամբ ճամփորդելուց հետո է հասնում երկիր: Օրինակի համար, մեզ ամենամոտիկ աստղերից մեկի՝ Բևեռային աստղի լույսը մեզ է հասնում 46 տարի 6 ամիս հետո: Անդրոմեդա կոչվող մեծագույն համաստեղություններից մեկն իր լույսը մեզ է հասցնում 2 միլիոն, իսկ ամենահեռավոր համաստեղությունները՝ 140 միլիոն տարի հետո:

Ու չմոռանանք, որ լույսը րոպեում մոտ 18 միլիոն կիլոմետր ճանապարհ է անցնում:

Իրարից աներևակայելի հեռավորություն ունեցող այս աստղերն այնպիսի ճշգրտությամբ են պտտվում միմյանց շուրջը, որ ինչպես դարեր առաջ, այնպես էլ դարեր հետո ցանկացած աստղագետ կարող է անցյալում կատարված ու ապագայում կատարվելիք աստղագիտական երևույթները կանխատեսել կամ աստղերի ճամփորդությունը նկարագրել:

Տիեզերքի լայնածիր տարածություններում տիրող ներդաշնակությունը տիրում է նաև միկրոաշխարհում: Միլիոնավոր ատոմներ, իրար մոտենալով, զմայլելի համաչափությամբ՝ անօրգանական մարմիններ են ձևավորում:

Դարերի արշալույսից մինչ օրս երկրի կեղևը կազմող բազմազան շերտերը զարմանալի կանոնավորությամբ փոփոխությունների են ենթարկվում:

Երկրի ընդերքի թաքուն հանքերից մինչև բարձրագույն լեռների գագաթները քողարկող ձյուները ենթարկվում են անփոփոխելի օրենքների:

Ինչպիսի՜ կանոնավորությամբ են տարվա տասներկու ամիսներն իրար հաջորդում: Ի՞նչ պիտի լինեին բույսերն ու ծառերը, եթե գարնանը հաջորդեր ցրտաշունչ ձմեռը: Ի՞նչ պիտի լիներ երկիրն իր բոլոր բնակիչներով, եթե բոցավառ մի աստղ, շեղվելով իր ուղեծրից, մոտենար մեզ:

Ո՞վ չի տեսնում, թե ինչպես է ամեն էակ, ամեն շարժում և փոփոխություն ձգտում հասնելու որոշակի նպատակի: Անհատական նպատակից բացի, ամեն մարմին ապրում է և գործում համընդհանուր նպատակի համար:

Անհատի շահը տեղի է տալիս ընդհանուր օգուտի առջև: Մեկի մահն ուրիշի կյանքն է. «Կյանք-մահ՝ մեծ կյանքի երկու կողմերն այստեղ իրարով են սնվում, մինչև որ իբրև անմահ հոգի հասնենք բուն մեծ Կյանքին, Անմահ Հոգուն»[1]:

Այսպիսով, լույսի ու մթի, կյանքի ու մահվան հարաճուն պայքարներով տիեզերքը միշտ հնանում է ու նորոգվում: Փոխվում են կյանքի դերասանները, բայց թատերգությունը մնում է հարատև: Օրենքի հպատակները բազմանում են ու նվազում, ահավոր հեղաշրջումներ են գալիս ու գնում, բայց օրենքը մնում է անփոփոխ:

[1] Յ.Գ. ՄՐՄԸՐԵԱՆ, Օրիորդ Ա.Պ.-ի ալբոմէն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։