2.2) Նպատակային կարգուկանոնը բուսական աշխարհում – Գրադարան – Mashtoz.org

2.2) Նպատակային կարգուկանոնը բուսական աշխարհում

Բույսերը «խելացի գործեր» են անում, բայց խելք չունեն: Յուրաքանչյուր բույս ձգտում է մի նպատակի՝ իր կյանքի և տեսակի պահպանումը:

Դժվար չէ նկատել, թե ինչպես են բույսերը, ընտանի կամ վայրի, զանազան միջոցներ ու զենքեր գործածում ինքնապաշտպանման համար:

Այստեղ կսահմանափակվենք միայն դիտարկելով սերմերի զանազան ձևերն ու նրանց աճման շրջանում ինքնապաշտպանության համար գործադրած ջանքերը, ինչից բացահայտ կերևա, թե ինչպես են բույսերն իմաստուն գործունեություն ցուցադրում՝ առանց իմաստության նշույլ իսկ ունենալու, թե ինչպես են իրենց ողջ էությամբ հաստատուն մի նպատակ հետապնդում՝ առանց այդ նպատակի գիտակցությունն ունենալու:

Վերցնենք սերմերը: Սրանց նպատակն է ծլել և աճել՝ շարունակելու համար իրենց ցեղի գոյությունը:

Սերմն աճելու համար ունի ազատ հողի, օդի, ջրի, լույսի կարիքը: Ծառի կամ բույսի բոլոր սերմերը գետին ընկնելով, եթե իրար կողք աճելու լինեն, անտարակույս իրար արգելք պետք է լինեն: Բայց այդ արգելքի լուծումն արդեն գտնված է:

Սերմերն, ընդհանրապես, այնպիսի կառուցվածք ունեն, որ հեշտությամբ կարող են տեղափոխվել: Նրանց մի մասը տափակ է, թեթև ու թևավոր. փափկաշունչ հովն անգամ կարող է դրանք փոխադրել իրարից հեռու վայրեր:

Մյուսները լայնատարած են, ջրի վրա ծփալու հարմարություն ունեն, միևնույն ժամանակ պաշտպանված են փտելուց և ա՛յլ կերպ փչանալուց:

Այս տիպի սերմերը ճամփորդում են հեռավոր ափեր գետերի, առվակների միջոցով: Ահա այսպես, զանազան խելացի միջոցներով սերմերն ապահովում են իրենց ազատ հողը, հետևաբար նաև՝ ազատ օդը և լույսը:

Հետո, նրանք հողի, ջրի բարերար ազդեցությամբ ծլում են ու հասակ առնում դեպի արևը:

Բայց նոր արգելքներ են ի հայտ գալիս՝ խեղդելու կյանքն իր ծիլ հասակում: Թունավոր մանրէները, վնասակար միջատները գալիս են նոր սադրանքներով խամրեցնելու լուսաժպիտ ծաղիկները: Կլիմայի հարատև փոփոխությունները, սաստիկ ցուրտը, բացառիկ տաք եղանակը, անջրդի վայրերը շատ անգամ մահացու հարվածներ են տալիս բույսերին:

Սակայն, նրանք գիտեն իրենք իրենց պաշտպանել տարատեսակ թշնամիներից: Ծառի պտուղները պատսպարված են թավշային փափուկ պատյանով: Զանազան խեժային նյութեր բույսի դյուրախոց կողմերը պաշտպանում են ջրից ու խոնավությունից:

Վերջապես, որոշ բույսեր զարմանալի փոփոխություններով հարմարվում են մթնոլորտային պայմաններին: Միևնույն բույսը, ցածրադիր վայրից որևէ լեռան բարձունք տեղափոխվելով, ավելի կենդանի գույն է ստանում՝ արևի շողերից պաշտպանվելու համար: Տաք երկրից ցուրտ վայր փոխադրված տունկն ավելի մազոտ է դառնում՝ ցրտի սարսուռներին դիմանալու համար:

Ուրեմն բույսերը «խելացի գործեր» են անում՝ առանց խելք ունենալու: Նրանց խելացի գործերի պատճառը հարկավոր է փնտրել իրենցից դուրս՝ ուրիշ մի էակի մեջ, որին մենք Աստված անունն ենք տալիս:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։