2.3) Նպատակային կարգուկանոնը կենդանական աշխարհում – Գրադարան – Mashtoz.org

2.3) Նպատակային կարգուկանոնը կենդանական աշխարհում

Կենդանիները «խելացի գործեր» են անում՝ առանց խելք ունենալու:

Ընդունված ճշմարտություն է, որ կենդանիները «բնազդով» են գործում: Կենդանիների բնազդը բարձր իմացականություն է ցուցադրում: Կենդանիների մեջ էլ կան բժիշկներ, վիրաբույժներ, ճարտարապետներ, մաթեմատիկոսներ և այլն, որոնք բարդ գործողություններ են կատարում ամենամեծ դյուրությամբ ու ճշգրտությամբ: Շատ անգամ մարդն անկարող է նրանց նման կատարյալ գործունեություն իրականացնելու: Կատարելագույն մեքենաներով հագեցած գործարանների արտադրությունները շատ անգամ անհամեմատելիորեն զիջում են կենդանիների բազմաթիվ գործերին: Նրանք, առանց համալսարանական երկարատև կրթության, ի ծնե տեր են իրենց արվեստին: Ահա՛ մի քանի օրինակ:

Մորթու հիվանդություն ունեցող գոմեշը օրերով թաղված է մնում ճահճի ցեխերի մեջ և բուժված դուրս է գալիս այնտեղից:

Եթե ծովախեցգետնու ոտքերից մեկը դանակով կտրենք, արյուն կգա: Մինչդեռ շատ դեպքերում խեցգետինն ինքն է իր ոտքը կտրում քաջ վիրաբույժի նման, այնպիսի տեղից, որ ո՛չ միայն արյուն չի գալիս, այլ նաև՝ հետագայում կտրված ոտքի տեղում ավելի առողջն է բուսնում:

Շունն օձի խայթելուց հետո կոնկրետ տեսակի խոտ է ուտում իբրև հակաթույն:

Ամմոֆիլիա (Ammophile) կոչվող թաղանթաթև [կրետազգի] միջատը ձվադրելուց հետո հասնում է մահվան դուռը, բայց մեռնելուց առաջ հոգում է իր ապագա ձագերի մասին: Այն որդեր, սարդեր, թրթուրներ է բռնում ու բերում իր ձվերի մոտ: Եթե այդ որդերին սպաներ, դրանց դիակները հողի կվերածվեին մինչև իր ձագերի լույս աշխարհ գալը, իսկ եթե ողջ թողներ, նրանք խորամանկությամբ փախուստի կդիմեին: Ուստի, հմուտ վիրաբույժի նման, այն ամենամեծ ճշտությամբ իր ասեղով ներարկում է անում որդերին ու սարդերին, բայց այնպիսի կետից, որ խեղճերը, կատարելապես ողջ մնալով, անդամալույծներ են դառնում: Այսպիսով, նրանք ո՛չ մեռնում են, ո՛չ էլ կարողանում են փախչել, այլ՝ ճիշտ ժամանակին կեր են դառնում ձվից նոր դուրս եկող ձագերին:

Ճարտարապետ կենդանիների միջից առանձին հիշատակության են արժանի կուղբերը, որոնք լճերում և գետերում շաղափով, անտառների փայտերով ու քարերով երկու-երեք հարկանի տներ են շինում: Եվ եթե կարիք է զգացվում, երեք-չորս մետր լայնությամբ պատերով պաշտպանում են դրանք ջրի հոսանքից:

Ո՞վ չի հիացել մեղուների համաչափ և գեղեցկահյուս մեղրամոմով:

Սարդերի ոստայնը, մրջյունների և թռչունների բազմաձև բույները ճարտարապետական գլուխգործոցներ են:

Նույնքան հիացումի են արժանի այն զենքերը, որոնցով կենդանիներն այնքա՜ն հմտորեն պաշտպանում են իրենք իրենց:

Անուրանալի իրականություն է, որ կենդանիները խելացի և իմաստուն գործեր են անում:

Բայց նրանք ո՛չ խելք ունեն, ո՛չ էլ իմաստություն, որովհետև.

1) Խելքն ունակ է զարգանալու, իսկ կենդանիները զարգացում չունեն:

Նախնադարյան մարդու զենքն էր փայտի կամ քարի կտորը: Քարայրն էր իր բնակարանը, և կենդանիների մորթին՝ զգեստը:

Բայց դարերի ընթացքում մարդն աննկարագրելի նվաճումների է հասել գիտության բոլոր ոլորտներում: Նա փայտի փոխարեն ստեղծեց երկսայրի սրեր, հրացաններ, երկաթը ծակող փամփուշտներ, թնդանոթներ, ատոմային ռումբեր:

Նախնադարյան կոշտ ու անտաշ գործիքների փոխարեն մարդը գործածում է ամենակատարյալ ինքնագործ մեքենաներ:

Մութ քարայրի փոխարեն ունի հանգստավետ պալատներ:

Մինչդեռ կենդանիները տակավին ոչ մի նվաճում չունեն զարգացման վերելքում ու գիտական ոլորտներում: Միլիոնավոր տարիների ընթացքում նրանց գործելակերպը նույնն է մնացել, նույնն են մնացել նաև նրանց բնակարաններն ու արտադրությունները:

Ժամանակին Բալթիկ ծովի հատակն ընդարձակ անտառ է եղել: Հսկա ծառերի բներից խեժանյութն առատությամբ հոսելով՝ իր մեջ բանտել է թռչունի փետուրներ, սարդոստայններ, տարբեր տեսակի միջատներ: Տարիների ընթացքում այդ խեժերը կարծրացել են, և երբ ծովն իր ալիքներով տիրել է այդ վայրերին, ծառերի այդ խեժերը վերածվել են սաթի:

Այսօր մարդիկ գտնում են այդ թափանցիկ սաթերը, որոնց մեջ երևում են սարդոստայններ՝ ճիշտ այսօրվա սարդոստայնների ձևով ու կազմով:

Ուրեմն սարդերը, որոնք իրենց բնակարանը հյուսելու համար բարձրագույն մաթեմատիկայի օրենքներ են կիրառում, մի քայլ անգամ առաջ չեն գնացել զարգացման մեջ:

Ո՛չ միայն սարդերը, այլ նաև՝ բոլոր կենդանիները, բազմերանգ թռչուններն ու բազմատեսակ միջատները, որոնք այդքա՜ն հանճարեղ գործեր են կատարում, անկարող են ինչ որ մի նոր գյուտ անելու, որն օգտակար կլիներ իրենց գործունեությանը:

2) Եթե կենդանիները խելքով օժտված լինեին, իրենց գիտելիքները պետք է առնեին կա՛մ ուրիշից, կա՛մ էլ՝ անձնական փորձառությամբ:

Մինչդեռ կենդանին արդեն ի ծնե ունի իր բոլոր գիտելիքները և դպրոց հաճախելու կարիքը չունի: Միջատներն իրենց ձվերից ելնելուն պես այնքա՜ն գիտելիք ու զարգացում ունեն, որքան իրենց ծնողները, որոնք թերևս մեռած էլ են:

Ուրեմն, կենդանիները խելացի գործեր են անում՝ առանց խելք ունենալու: Նրանց խելացի գործերի պատճառը պետք է իրենցից դուրս փնտրել ուրիշ մի էակի մեջ, որը կենդանիների ստեղծողն է: Այդ ստեղծողին մենք Աստված անունն ենք տալիս:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։