2) Այս բնական փափագը չի կարող խաբուսիկ, կեղծ լինել, այլ՝ պետք է իրեն հագեցնող առարկա ունենա – Գրադարան – Mashtoz.org

2) Այս բնական փափագը չի կարող խաբուսիկ, կեղծ լինել, այլ՝ պետք է իրեն հագեցնող առարկա ունենա

ա) Յուրաքանչյուր փափագ ինքնին մի ձգտում է դեպի որևէ առարկա: Ամեն ձգտում իր առարկան ունի: Առանց առարկայի, լինի այն իրական, թե երևակայական, ձգտում չի կարող գոյություն ունենալ: Ձգտել և այդ ձգտումով չհակվել դեպի որևէ բան, հակասություն է, որովհետև ձգտման էությունը դեպի ինչ-որ բանը հակվելն է:

Եվ ուրեմն, եթե ամեն փափագ ձգտում է, նշանակում է, որ ամեն փափագ պետք է ունենա իր առարկան, դեպի որը կկարողանա ձգտել: Փափագել և չձգտել մի որևէ բանի, կատարյալ հակասություն է:

բ) Եթե ամեն փափագ իր առարկան ունի, ամեն «բնական» փափագ անպայման իր «իրական» առարկան պետք է ունենա:

«Բնական» փափագից տարբերվում է «կամայական» փափագը, որն ընտրվել է ազատ կամքով և որ կարող է իրական առարկա ունենալ կամ չունենալ:

Ի՞նչ է բնական փափագը:

Բնական փափագն իր նպատակին ձգտող էակի բնությունն է:

Տիեզերքում ամեն բնական ձգտում ունի իր իրական առարկան, իր իրական նպատակը: Օրինակ, քաղցը կերակուրի ձգտում է, ծարավը՝ ջրի: Աչքը ձգտում է տեսնել, քիթը՝ հոտոտել, ականջը՝ լսել: Սերմը ձգտում է դառնալ բույս:

Եվ ուրեմն, ինչպես որ անհնարին է ընդունել, որ գոյություն ունենա քաղցը, բայց բացարձակապես կերակուր գոյություն չունենա երկրի վրա, որ ծարավը գոյություն ունենա, բայց այն հագեցնող ըմպելիք գոյություն չունենա երբեք, որ աչքը գոյություն ունենա, բայց աչքի առարկան՝ գույնը և լույսը գոյություն չունենան, և այլն, այդպես էլ անհնարին է ենթադրել, որ մարդու մեջ բնական ձգտում լինի դեպի անհուն երջանկությունը, և այդ երջանկությունը գոյություն չունենա:

Անշուշտ, չենք ուզում ասել, որ ամեն բնական ձգտում պետք է անպայման հասնի իր նպատակին, կամ ամեն բնական ձգտում պետք է անպայման ստանա իր առարկան և գոհացում գտնի: Այլ՝ պարզապես ասում ենք, որ ամեն փափագ պետք է ունենա իր առարկան և այդ առարկային հասնելը չպետք է լինի անկարելի: Նմանապես չենք կարող ուզենալ, որ ամեն տենչանք պետք է իրապես գոհացում գտնի, այլ՝ ասում ենք միայն, որ ամեն բնական տենչ ու փափագ պետք է ունենա իրական մի առարկա, որ կարողանա գոհացում տալ այդ փափագին:

Այսպիսով, կարող է պատահել, որ ինչ-որ մեկը քաղց զգա և ձեռքը կերակուր չանցնի: Բայց անկարելի է, որ ինչ-որ մեկը քաղց զգա և երկրի վրա ուտելիք գոյություն չունենա երբեք: Կարող է պատահել, որ ինչ-որ մեկի աչքը կույր լինի և անկարող լինի հասնել իր նպատակին, բայց անկարելի է, որ երկրի վրա աչք գոյություն ունենա և աչքի առարկան՝ գույնը և լույսը գոյություն չունենան, կամ մեկն ականջ ունենա և երկրի վրա ձայնը, որ ականջի առարկան է, բացարձակապես գոյություն չունենա:

Եթե բնության մեջ ամեն բնական ձգտում ունի իրեն հագեցնող առարկան, պետք է որ մեր անհուն երջանկության փափագն էլ, որ բնական ձգտում է, անհրաժեշտորեն ունենա իրեն հագեցնող առարկան: Որևէ լուրջ ու հիմնավոր պատճառ չունենք՝ բացառություն անելու մեր բնական փափագների համար (մանավանդ որ նման քմահաճ բացառություն կատարողները միայն ու միայն այս փափագի դեպքում են ուզում բացառություն անել):

Ինչու՞ բնության մեջ ամեն էակ իր ձգտման իրական առարկան պետք է ունենա, իսկ մարդը, որ բնության գլուխգործոցն է, չպետք է ունենա իր ձգտման առարկան: Բնության մեջ բարեխնամ մի ձեռք ամեն էակի մղում է դպեի իր իրական նպատակը, ինչու՞ միայն մեր սիրտը պետք է մղի դեպի անգո երջանկությունը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։