2) Աստված ազատ կամք ունի և ամենաբարի է – Գրադարան – Mashtoz.org

2) Աստված ազատ կամք ունի և ամենաբարի է

Պլոտինոսը և ա՛յլ հույն փիլիսոփաներ մերժեցին Աստծո մեջ ազատ կամքի գոյությունը:

Ըստ նրանց, կամքը ենթադրում է անկատարություն, քանի որ կամքի գործողութունը ուզելն է, սիրելն է, փափագելը: Ինչ-որ բան ուզել, ինչ-որ բան սիրել և ինչ-որ բան փափագել՝ նշանակում է ձգտել դրան: Բայց Աստված ոչնչի կարիքը չունի, ուստի չի կարող ինչ-որ բանի ձգտել, չի կարող կամք ունենալ:

Ավելի ժամանակակիցներից Ջորդանո Բռունոն (1548-1600), Սպինոզան (1632-1677) և ուրիշներ, Աստծո գաղափարի միջից փորձեցին ջնջել ազատությունը:

Համաձայն Սպինոզայի, Աստված չէր կարող չստեղծել տիեզերքը: Տիեզերքն էլ չէր կարող ներկա տիեզերքից տարբեր տիեզերք լինել: Ուրիշ տիեզերքի գոյության համար՝ ուրիշ Աստված պետք է գոյություն ունենար:

Ահա՛ մեր պատասխանը:

Ճիշտ է, որ ուզելը, սիրելը, փափագելը կամքի գործողություններ են:

Մարդու մեջ կամքի գործողությունները զանազանվում են մարդուց և կամքից: Մինչդեռ Աստծո մեջ, որպես պարզ էակ, չի կարող գոյություն ունենալ որևէ զանազանություն: Աստծո կամքը, սերը, փափագը ո՛չ ա՛յլ ինչ են, եթե ո՛չ՝ Աստծո էությունը:

Այսպիսով, ինչպես որ Աստված, Իր էությունը ճանաչելով, ճանաչում է նաև մյուս բոլոր էակներին, այդպես էլ Աստված, Իր էությունը սիրելով, սիրում է նաև մյուս բոլոր էակներին, որոնք Իր էության մեկական նմանություններն են և միևնույն ժամանակ ցանկանում և փափագում է նրանց բարիքը:

Աստված, որ ամեն կատարելության ակունքն է, չի կարող զուրկ լինել կամքից, որի գործն է սիրելը. և սերը բոլոր կատարելությունների մեջ գերագույնն է, ճանաչողության հետ միասին:

Աստծո էությունից ջնջել սերը, նշանակում է սնանկացնել Աստծո էությունը, որովհետև Նա Սեր է հավիտենական:

Եվ հիրավի, Աստված մտքով օժտված էակ է: Բայց մտքով օժտված էակը պետք է օժտված լինի նաև Կամքով, որովհետև միտք ունեցող էակը ճանաչում է իր կատարելությունը, ինչը բարի բան է: Եթե տակավին չի ստացել այդ կատարելությունը, ձգտում է այն ստանալ: Իսկ եթե ստացել է արդեն, խաղաղվում է ու սիրում այն:

Բայց ինչ-որ բանի ձգտելը և ինչ-որ բան սիրելը կամքի գործեր են: Այսպիսով, ճանաչողությամբ օժտված յուրաքանչյուր էակ օժտված է նաև կամքով:

Անասունները, որոնք միայն զգայական ճանաչողությամբ են օժտված, իրենց փափագը կամ ախորժակը նույնպես միայն զգայական են:

Մարդը, ունենալով իմացական ճանաչողություն, ունի նաև հոգեկան փափագներ:

Իսկ Աստված, որ օժտված է անհուն իմացականությամբ, ունի անհուն կամք, որն ամեն բան ընդգրկում է ու սիրում:

Աստծո՝ կամք ունենալը փաստվում է նաև նրանով, որ Աստված ամեն բանի առաջին պատճառն է, ամեն շարժման շարժողը և տիեզերքի էակներին իրենց նպատակին առաջնորդող կառավարիչը:

Որպեսզի վերոհիշյալ բոլոր արդյունքները իրագործվեն, Աստված ո՛չ միայն պետք է ճանաչի այդ արդյունքները, այլ նաև՝ «կամենա» դրանց իրագործումը: Բայց ուզելը կամքի գործողություն է:

Ինչպես բոլոր կատարելությունները, այդպես էլ Աստծո կամքը նույնանում է Իր էության հետ:

Աստված Սեր է:

Աստված կամքի մեկ գործողությամբ սիրում է թե՛ Ինքն Իրեն և թե՛ բոլոր էակներին Իր համար:

Նա Ինքն Իրեն սիրում է անհրաժեշտորեն, մինչդեռ արարածներին սիրում է ազատորեն:

Աստված անհրաժեշտորեն է սիրում Ինքն Իրեն: Անհրաժեշտորեն է սիրում, որովհետև ցանկացած կամք կամ սեր անհրաժեշտ առարկա պետք է ունենա: Եթե չունենա այդ անհրաժեշտ առարկան, կդադարի կամք կամ սեր լինելուց:

Այսպիսով, Աստծո կամքն էլ անհրաժեշտորեն պետք է ունենա իր առարկան: Այդ առարկան չի կարող լինել ո՛չ ա՛յլ ինչ, եթե ո՛չ՝ Իր էությունը, որ անհուն լինելով՝ համապատասխանում է Իր անհուն սիրույն:

Ինչպես աչքն է անհրաժեշտորեն ձգտում իր առարկային, ասել է թե՝ լույսին և գույնին, այդպես էլ աստվածային կամքը անհրաժեշտորեն ուզում է, սիրում է Ինքն Իրեն:

Իսկ մյուս բոլոր էակները ո՛չ անհրաժեշտ առարկաներ են, և Աստված դրանք ուզում է և սիրում է ազատորեն:

Լինելով ամենակատարյալ՝ Աստծո էությունը երբեք արարածների կարիքը չի ունենում: Նրանց կատարելությունները սահմանավոր են և ոչինչ չեն ավելացնում Աստծո անհուն կատարելությունների վրա:

Մյուս կողմից, սակայն, արարածների հանդեպ Աստծո ունեցած սերը ենթակա չէ երկմտանքի և փոփոխության: Իր սերը, որոշումները անփոփոխելի են և հավիտենական: Ոչ մի դեպք, ոչ մի նկատողություն, ոչ մի վախ կամ սպառնալիք չեն կարող ամենաչնչին ազդեցություն ունենալ Աստծո վրա:

Ամբարտավանությունը, նախանձը, տխրությունը, ագահությունը և այլն, գոյություն չունեն Աստծո մեջ:

Ամեն բանից առաջ և ամեն բանից վեր Ինքն Իրեն սիրելով՝ Նա սիրում է գերագույն Բարությունը, որի առջև բոլոր մյուս բարությունները ստվերներ են:

Եթե Աստված Ինքն Իրենից ավելի սիրելու լիներ իր արարածներին, կհայտնվեր ակնհայտ հակասության մեջ, քանի որ ավելի նախընտրած պիտի լիներ ոչնչությունը, քան անհուն Բարությունը:

Եթե Աստված, Ինքն Իրեն սիրելով, անհուն մի ատելություն ունի մեղքի հանդեպ, եթե, լցված սրբազան վրեժխնդրությամբ, հարվածում է չարության հեղինակներին, Նա ուրիշ ոչինչ չի անում, եթե ո՛չ միայն՝ գերագույն սիրո նշան է տալիս Անհուն Բարությանը, Ճշմարտությանը և Արդարությանը: Նույնիսկ հավերժաբորբ դժոխքի գոյությունը մեկ արտահայտությունն է Անհուն Բարության հանդեպ ունեցած Իր սիրո (ինչպես նաև մարդուն շնորհված ազատության հանդեպ բացարձակ հարգանքի, ինչը որ նույնպես Իր Բարության արտահայտությունն է):

Մյուս կողմից, բարությունը բնականորեն հաղորդակից է, արտազեղող՝ ինչպես արևի լույսը: Նրա համար է, որ Աստված, Անհուն Բարություն լինելով, ոչնչից ստեղծեց մարդուն, որպեսզի իր աստվածային երջանկությանը մասնակից դարձնի նրան:

Աստված մեզնով ավելի երջանիկ չէ, բայց մենք երջանիկ ենք Իրենով:

Եթե երբեմն թույլատրում է, որ տառապանքների բոցակեզ հալոցի մեջ փորձվի մեր հավատարմությունը, ուրիշ բանի համար չէ, եթե ո՛չ՝ մեր ճակատին հաղթանակի անթառամ պսակ զետեղելու և մեզ իր հավերժական հրճվանքներին մասնակից անելու համար, որպեսզի մենք ինքներս լինենք մեր հավիտենական երանության կերտողները և դրա արժանիքն ու պարծանքը ունենանք:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։