2) Աստված թույլատրում է մեղքը – Գրադարան – Mashtoz.org

2) Աստված թույլատրում է մեղքը

Մեղքն արդյունք է միայն մարդկային ազատ կամքի: Մարդն է մեղքի միակ ու ամբողջական պատճառը:

Այո՛, Աստված, եթե կամենա, կարող է արգելել մեղքը: Բայց ստիպված չէ արգելել:

Նա ազատ է ստեղծել մարդուն: Ազատությունը, որ բանականության հետևանքն է, մարդկային բնության մեծագույն կատարելությունն է: Եթե վերցնենք ազատությունը, մարդկային գործերը կիջնեն անբանական անասունների մակարդակին և կսնանկանան իրենց արժանիքներից:

Մյուս կողմից, մեղք գործելու կարողությունն անհրաժեշտ չէ ազատ կոչվելու համար: Աստված էլ է ազատ, բայց Իր ազատությունը միայն բարիք գործելու համար է կիրառում, որովհետև կատարյալ է:

Եթե Աստված մարդկային ազատությունը պետք է վերցնի պարզապես այն բանի համար, որ մարդիկ ի չար են գործածում այն, այդ ժամանակ պետք է վերցնի նաև գիտելիքը, սերը, գեղեցկությունը, մի խոսքով՝ ամեն բարիք և կատարելություն, քանի որ մարդկային ազատությունը չար նպատակով կարող է գործածել նաև այդ բարիքները:

Ազատությունը մարդուն տրված է ո՛չ թե մեղանչելու, այլ՝ առաքինի գործերով հարստանալու համար:

Եթե կան մարդիկ, ովքեր ապականվում են ազատությունից, ապա կան նաև մարդիկ, ովքեր այն գործածում են գովելի նպատակների համար:

Եթե ազատությունն ունի իր վնասները, ապա շատ են նաև դրա օգուտները, քանի որ եթե շատերն իրենց ազատությամբ ամենուր միայն չարիք են սփռում, ապա կան ուրիշները, ովքեր իրենց անբասիր վարքով մարդկության պարծանքն են:

Թերթենք մարդկային պատմության մեծ գիրքը: Այնտեղ սև էջերի կողքին կան նաև լուսեղեն էջեր, որոնք ավելի գեղեցիկ են այդ խավարատիպ էջերի կողքին: Եթե այնտեղ կան մատնիչ Վասակներ, կան նաև հերոս Վարդաններ: Եթե վխտում են անգթության մարմնացում Լենկթեմուրները, Բուղաներ, Չինգիզխաններ, շողում են նաև լուսադեմ Ներսեսներ, Սահակներ, Մեսրոպներ, Նարեկացիներ: Եթե կան անբարոյականությանը ստրկացած նկարագիրներ, կան նաև իրենց սրբությունը արյունով պայծառացնող նահատակներ:

Ո՞ր գրողը պիտի կարողանա արժանավայել գովեստը հյուսել այն դյուցազունների, հազարումեկ առաքինություններով օժտված այն Սրբերի, որոնք մարդկությունը բարձրացրեցին անհասանելի բարձունքների:

Ո՛չ, ազատությունը մարդկության համար ավելի շատ անփոխարինելի բարիք է, քան թե՝ չարիք: Աստված, խափանելով մեղքի չարիքը, խափանած կլիներ նաև ազատությունը, որը սակայն կենսատու արմատն է մեր կյանքը զարդարող քաղցրաբույր ծաղիկների ու անուշահամ պտուղների:

Հետևաբար, Աստված մեղքը թույլատրում է մեծագույն բարիքների համար: Նա շատ անգամ այս չարիքից էլ գիտի բարիքներ հանել:

Եվ հիրավի, քանիսնե՜րը, մեղքի բաժակը մինչև հատակը պարպելուց հետո, զգալով երկրավոր թշվառությունների ունայնությունը, իրենց միակ երջանկությունը գտել են ապաշխարության արցունքների մեջ:

Ո՞վ չի տեսնում, որ ատելավառ պատերազմները, շատ անգամներ, ո՛չ ա՛յլ ինչ են, եթե ո՛չ՝ անմեղ ազգերի վրեժխնդրություն և ապականած ժողովուրդներին ուղղելու ահավոր դասեր:

Այո՛, մարդկային չարության աղբակույտից էլ Աստված գիտի ինչպե՛ս առաքինափայլ ծաղիկների բուրաստան ծաղկեցնել:

Առողջ միտքը, մեղքի զազրատեսիլ աչքերի մեջ անգամ, կարողանում է Աստծո կատարելությունների արտացոլումները տեսնել:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։