2) Միայն Աստված կարող է արարել – Գրադարան – Mashtoz.org

2) Միայն Աստված կարող է արարել

Արարելը վերապահված է միայն առաջին և ընդհանրական Պատճառին: Աստված չի կարող այդ կարողությունը ուրիշին հաղորդել, նույնիսկ սահմանափակ չափով: Որովհետև որևէ չափ չկա արարելու կարողության մեջ: Նա, ով կարող է մեկ էակ միայն արարել ոչնչից, կարող է նաև արարել բոլոր հնարավոր էակներին: Արարել, նշանակում է որևէ էակի տալ էություն և գոյություն. բայց որևէ մի էակի էություն և գոյություն տալ՝ նշանակում է նրան ամեն բան տալ:

Եվ ուրեմն, նա, որ որևէ մի էակի կարող է ամեն բան տալ, կարող է նաև բոլոր էակներին նույն բանը տալ: Այսպիսով, կարող է ամեն բան արարել:

Հետևաբար, արարչագործությունից առաջ եկած արդյունքը մի ընդհանարական արդյունք է, որի թե՛ էությունը և թե՛ գոյությունը ոչնչից է առաջ եկել: Միայն ընդհանրական և ինքնագո Պատճառը կարող է ունենալ ստեղծելու մենաշնորհը:

Ուստի սխալ է Պլոտինոսի, Ավիցեննայի (Իբն Սինա, 980-1037) և ա՛յլ հույն ու արաբ փիլիսոփաների կարծիքը, համաձայն որի՝ Աստված, տիեզերքի ստեղծման համար, հրեշտակ կամ ոգի է գործածել:

Մյուս կողմից, ինչ-որ բան արարելու համար անսահման կարողություն է պահանջվում: Միայն Աստված կարողությունն ունի ստեղծագործելու՝ լինելով անսահման կարողությամբ օժտված:

Ոչնչության և գոյության, չլինելու և լինելու միջև անհուն անդունդ կա: Այդ անհուն անդունդը կարող է լցնել միմիայն Անհուն Էակը:

Արարչագործության մեջ արարածները չեն կարող անգամ գործիական պատճառ, այսինքն՝ գործիք հանդիսանալ Աստծո ձեռքերում, որովհետև գործիքը ծառայում է նախագո որևէ նյութ կերպարանափոխելու համար, մինչդեռ արարման մեջ նախագո նյութ գոյութուն չունի, որի վրա կարելի կլինի գործիքով աշխատել:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։