3) Այդ Ճշմարտությունն Աստված է – Գրադարան – Mashtoz.org

3) Այդ Ճշմարտությունն Աստված է

Այդ ճշմարտությունները կարող են ծագել միմիայն մեկ, անփոփոխելի և հավիտենական Ճշմարտությունից, որին մենք Աստված անունն ենք տալիս: Միայն աստվածային անհուն և հավերժաշող Միտքը կարող է հիմք և արմատ լինել այս հավիտենական և անփոփոխելի ճշմարտություների համար:

Գիտության և փիլիսոփայության բոլոր ճշմարտությունները բխում են աստվածային միակ Ճշմարտությունից:

Մարդը որքան արբենում է գիտության լույսից, այնքան մոտենում է Աստծուն: Միայն «կիսատ գիտությունն է հեռացնում Աստծուց, իսկ ամբողջական գիտությունն առաջնորդում է առ Աստված»[1], ասում է անգլիացի անվանի փիլիսոփա Ֆրենսիս Բեկընը (1561-1626): «Ի՞նչն է, արդարև, մարդուն ավելի մերձեցնում իր Արարչին և իր նմանին, քան գիտությունը»[2], ավելացնում է Եղիա Դեմիրջիբաշյանը:

Ճշմարիտ կրոնի և գիտության միջև չի կարող հակասություն և անհամաձայնություն գոյություն ունենալ, որովհետև երկուսի ճշմարտություններն էլ միակ աղբյուրից են ծագում, որն է Աստված:

Գիտության լույսով կրոնի լույսը չի խավարում, այլ՝ ավելի է պայծառանում: Կրոնն ու գիտությունը իրար լուսաբանում են և ամբողջացնում:

Գիտությունը կրոնի ամուր պարիսպն է, կրոնը՝ գիտության կյանքն ու դայակն է: «Կրոնը իր զանազան ձևերով ամենուր և բոլոր ժամանակներում եղել է գեղեցիկ դպրությունների ու գեղեցիկ արվեստների ծնողն ու ներշնչողը»[3], ասում է Գրիգոր Օտյանը:

Կրոնը և գիտությունը երկու վերելակներ են, որոնք մեզ բարձրացնում են առ Աստված. կրոնը՝ ուղղակի, իսկ գիտությունը՝ արարածների աստիճանավոր սանդուղքով:

[1] F. BACON, տե՛ս V. MARCOZZI, Il problema di Dio e le scienze, Roma 1946, p. 18.
[2] ԵՂԻԱ ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ, «Խօսք առ ժողովուրդ» գրությունից, Հ. Ս. ԵՐԵՄԵԱՆ, Դէմքեր, Չորրորդ շարք, Վենետիկ 1913, էջ 101.
[3] Գ. ՕՏԵԱՆ, Գոհարներ, հտր. Բ., Կ. Պոլիս 1931, էջ 68.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։