3) Այդ Օրենսդիրն Աստված է – Գրադարան – Mashtoz.org

3) Այդ Օրենսդիրն Աստված է

Երկրի վրա միմիայն մարդն է իմացականությամբ օժտված: Սակայն մարդիկ, լինի առանձին-առանձին, լինի միասնաբար, բավարար չեն բարոյական օրենքի հեղինակը կոչվելու համար: Որովհետև այս օրենքը ընդհանրական է, անփոփոխելի ու բացարձակ, մինչդեռ մարդիկ պատահական էակներ են ու ենթակա այս օրենքին:

Եթե բարոյական օրենքը ստեղծված լիներ մարդկանց հավանությամբ կամ կամքով, այդ ժամանակ պետք է հնարավոր լիներ նույն մարդկանց հավանությամբ կամ կամքով փոխել այն կամ ջնջել, ինչն անկարելի է:

Ամբողջ մարդկությունը երբեք չի կարող օրինավոր դարձնել, օրինակ, անմեղի սպանությունը:

Եթե ամբողջ մարդկությունը չի կարող լինել բարոյական օրենքի հեղինակը, առավել ևս անհատը չի կարող լինել այդ հեղինակը, որովհետև ոչ ոք չի կարող ինքն իր վրա պարտադիր օրենք դնել, ոչ մի անհատ ինքն իրենից գերազանց չէ, ոչ մի անհատ չի կարող ինքն իրեն ենթակա լինել: Այսօր գրված օրենքը կարելի է վաղը ջնջել, մինչդեռ բարոյական օրենքն անջնջելի է: Ինչպես նաև հակասություն է ընդունելը, որ անհատը հաստատած լինի բարոյական օրենքներ, որոնք շատ հաճախ ընդդիմանում է հենց իր՝ անհատի քմահաճույքներին (նույնը վավերական է նաև հասարակության դեպքում)։

Հետևաբար, եթե մարդիկ անկարող են լինել բացարձակ, ընդհանրական և անփոփոխ օրենքի հեղինակը, հարկավոր է ընունել, որ բարոյական օրենքի հեղինակը միայն անհուն, անփոփոխելի և բացարձակ մի Էակ կարող է լինել: Մենք այդ Էակին տալիս ենք Աստված անունը, Ով, լինելով Արարիչը մարդկային բնության, նրա մեջ խմորել է նաև բարոյական օրենքը:

Իզո՜ւր են ոմանք ջանում բարոյական օրենքի ծագումը փնտրել մեր բնազդների, մեր շահերի, ժողովրդական բարքերի, ավանդության, սովորության մեջ: Միայն Աստված կարող է բավարար պատճառ լինել այս օրենքի համար, Աստված, որ բացարձակ տերն է ամեն էակի և ամեն խղճի:

«Օրենքի վերջին հիմքը», ասում է հեթանոս Կիկերոնը, «գտնվում է Աստծո ներսում, Ով հրամայում է և արգելում, և այս օրենքն այնքան հին է, որքան Աստծո Ոգին»[1]:

«Եթե չլինի էլ այս տիեզերքը մեր համար, լրիվ բավական է, որ կա և լսում ենք և զգում ենք մի ներքին ձայն. ներքին ձայն, որ ասում է, թե. ''Այս բանը տգեղ է, մի՛ արա'', և կամ. ''Սա լավ է, արա՛'': Ես այս ձայնը միշտ լսել եմ իմ ներսում։ [...] Մարդիկ կան, որ խեղդում են այս ձայնը։ [...] Այն մարդը, ով միշտ լսել է իր ներսում Աստծո ձայնը և այդ ձայնին միշտ հնազանդվել, նա ներքին երանություն է վայելում»[2]:

Ուրեմն առողջ խղճի ձայնն Աստծո ահավոր ձայնն է, որ հրամայում է անել բարին և խուսափել չարից:

Այն Աստվածը, որ օրենքներ է սահմանել տիեզերքում գտնվող բոլոր էակների համար, օրենք է գրել նաև մարդկանց համար, որը, նախքան գրքերում գրվելը, արդեն գրվել է մարդու բնության մեջ:

Բոլոր էակները կուրորեն և անխուսափելի հպատակությամբ են հնազանդվում իրենց օրենքներին: Միայն մարդն է, որ ազատ կամքով է ենթարկվում իր օրենքին: Միայն մարդն է, որ կարող է ոտնակոխ անել այդ օրենքն իր Արարչի դեմ:

Սակայն յուրաքանչյուր օրենք պաշտպանված է իր օրենսդրի կողմից: Պատիժն ու վարձատրությունը ցանկացած օրենքի երկու վահաններն են:

Այո՛, մարդը կարող է չենթարկվել բարոյական օրենքին, բայց դա առանց հետևանքների, առանց պատասխանատվության չէ: Բարոյական օրենքի դեմ ամեն զանցառու վաղ թե ուշ բախվում է իր կողմից ազատորեն կատարված ընտրությունների հետևանքին: Խղճի խայթը շատ անգամ այդ ահավոր պատիժներից է: Ահա՛ ազդեցիկ մի օրինակ, ուր ակնհայտ երևում է բարոյական օրենքի վրեժխնդիր արդարությունը:

«Ահավոր անհավատ Միրաբոն, կրոնի առաջնակարգ թշնամիներից և (ֆրանսիական հեղափոխության մեծագույն դեմքերից մեկը), [...] իր մահվան օրը, այսպես է պատմում պատմաբան Կիննիրը, բացել տվեց պատուհանը և իր բժիշկ Կանաբիսին ասաց. ''Ես այսօր մեռնելու եմ։ Երբ այսքան մոտենում ենք մահվանը, միայն մի բան է մնում անելու, այսինքն՝ անուշահոտ ջրով ինձ լվանալ բուրումնալից ջրի մեջ, որպեսզի դյուրությամբ ընկղմվենք այն քնի մեջ, որտեղից այլևս չենք արթնանալու'': Բայց ապարդյուն էր փնտրում այդ հանգստավետ քունը: Ո՛չ հոտավետ ջուրը, ո՛չ ծաղիկների պսակները, ո՛չ երաժշտական նվագները չկարողացան նրան մխիթարել և տանելի դարձնել իր սրտի խայթն ու հոգու տանջանքը: Քրիստոնեական մխիթարությունից զուրկ՝ ամենասաստիկ ու դառը տանջանքներ սկսեց կրել: Խնդրեց մի դեղ, որն արագ կսպաներ իրեն և կկրճատեր տանջանքների ժամերը: Անգութ անվանեց բժշկին, ով մերժեց իր պահանջը: ''Ցավերս անտանելի են'', ասեց գոռալով: ''Ես հարյուր տարվա ուժ ունեմ, բայց ո՛չ արիություն՝ մեկ վայրկյան դրանք կրելու համար'': Այդ պահին իր կատաղի հայացքն այս ու այն կողմ էր դարձնում, և դեմքին ակնհայտ երևում էր իր հուսահատությունն ու շփոթությունը: Հանկարծ սկսվեցին ահավոր ջղաձգումները: Քստմնելի մի աղաղակ արձակեց և ամենաահավոր հուսահատությամբ հոգին ավանդեց»[3]:

Եվ ուրեմն, տեսնենք, թե ո՞վ է բարոյական օրենքի պաշտպանը և վրեժխնդիր ձեռքը, ո՞վ է վարձատրողը և պատժողը այս օրենքի հավատարիմ հպատակներին ու զանցառուներին:

Ահա՛ Աստծո գոյության՝ բարոյական օրենքից վերցված երկրորդ ապացույցը:

[1] ԿԻԿԵՐՈՆ, De legibus II, 4.
[2] Գ. ՕՏԵԱՆ, Գոհարներ, Կ. Պոլիս 1931, էջ 130-131.
[3] ԳԵՐ. ՇՈՒԼԼԵՐ, Նոր գանձ, Վենետիկ 1928, էջ 622-623.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։