3) Այն էակները, որոնք զանազան աստիճաններով ունեն միևնույն տեսակի կատարելությունները, դրանք ստանում են մեկ ուրիշ էակից – Գրադարան – Mashtoz.org

3) Այն էակները, որոնք զանազան աստիճաններով ունեն միևնույն տեսակի կատարելությունները, դրանք ստանում են մեկ ուրիշ էակից

Որևէ կատարելության աստիճանակարգված, այսինքն՝ առավել կամ նվազ կատարյալի բաշխումը, իրենից ենթադրում է ամենից կատարյալի գոյությունը: Որևէ էակ այնքանով է առավել կամ նվազ կատարյալ, որքանով որ մոտենում է ամենակատարյալին կամ հեռանում է նրանից: Օրինակ, Գեղամը բարի է, Շուշանը Գեղամից ավելի բարի է, որովհետև ավելի մոտ է ամենակատարյալ բարությանը: Բարությունը ո՛չ Գեղամին է հատուկ, ոչ էլ՝ Շուշանին, այլ՝ երկուսն էլ մասնակցում են բարությանը, երկուսն էլ բարությունից միայն մի մասնիկ ունեն:

Ուրիշ օրինակ: Բազմահարկ տան ստորին հարկի սենյակները նվազ լուսավոր են, քան վերին հարկի սենյակները, որոնք ավելի մոտ են արևին: Թե՛ ներքևի, թե՛ վերևի հարկերի սենյակներն իրենք իրենցով լույս չունեն, այլ՝ այն ստանում են լույսի ընդհանուր աղբյուրից, այսինքն՝ արևից:

Եթե էակներն իրենք իրենցով ունենային այդ կատարելությունները, պիտի ամբողջությամբ, անսահման չափով ունենային դրանք և ո՛չ թե սահմանափակ և աստիճանակարգված չափերով: Եթե իրենք իրենցով ունենային այդ կատարելությունները, այդ ժամանակ իրենք առանձին առանձին իրենց կատարելությունների մի աղբյուր պիտի լինեին:

Բայց քանի որ այդ կատարելություններն ունեն աստիճանակարգված չափերով՝ մեկը քիչ, մյուսը շատ, նշանակում է ուրիշ աղբյուրից են ստանում դրանք:

Եվ ուրեմն, որքան էլ բազմացնենք միևնույն կատարելությունը զանազան չափերով ունեցող էակները, նրանք չեն կարող իրենց սահմանափակ կատարելության պատճառը դառնալ: Տան հարկերը որքան էլ բարձրացնենք, նրանք չեն կարող իրենք իրենց լուսավորության պատճառը լինել:

Այսպիսով, պետք է հասնենք ընդհանուր մի կենտրոնի, որից բոլորը ստանում են իրենց կատարելությունները և այն ոչ մեկից չի ստանում իր կատարելությունը, այլ՝ ինքն իրենով ունի ամեն բան: Զանազան չափերով կատարելություն ունեցող էակները մասնակցում են նրա կատարելությանը, ով այդ կատարելություններն ունի ամբողջությամբ, անսահման չափով:

Անկատարը միշտ իրենից առաջ գտնվող կատարյալի կարիքն ունի, ինչպես նաև բաղադրյալ էակը՝ պարզի կարիքն ունի, բազմությունը՝ միության:

Տիեզերքի անհունության մեջ ցրված բազմազան էակների անկատար կատարելությունները բացատրելու համար անհրաժեշտ է ընդունել մեկ, հավերժաբուխ մի Աղբյուր, որից ամեն էակ իր էության բաժակը լցնում է կյանքի ավիշով: Անհրաժեշտ է ընդունել հավերժաշող մի արև, որից ամեն էակ ստանում է իր կատարելությունների բազմերանգ ծիածանումը: Բնության մեջ շռայլված բոլոր գեղեցկություններից վեր շողշողում է բացարձակ Գեղեցկությունը:

Երկնքի և ծովերի կապույտ խորքերը, ծաղիկների ակնապարար երանգները, արշալույսի և վերջալույսի ոսկեջինջ հրդեհումները ճառագայթումներն են Նրա, Ում մենք Աստված անունն ենք տալիս:

«Բազուկներս ո՛ւր էլ որ երկարեմ, միշտ Աստծո պայծառության մեջ կլողամ»[1], ասում է ֆրանսիացի մեծ բանաստեղծ Փոլ Քլոդելը:

Այս անստվեր և անսպառ արեգակի շողերը սրտերի մեջ դառնում են սեր, բարություն, սրբություն, լույս և իմաստություն են դառնում մտքերին, և զորություն՝ կամքերին:

Ո՛չ միայն բոլոր կատարելությունները միասին, այլ՝ նաև առանձին վերցված, Աստծո գոյության մեկական անհերքելի փաստերն են:

Եթե երկրի վրա կան առավել կամ նվազ արդար մարդիկ, պետք է գոյություն ունենա նաև գերագույն և անկաշառ Արդարությունը: Եթե կան զանազան ճշմարտություններ, պետք է լինի նաև անխարդախ Ճշմարտությունը, որը ո՛չ խաբում է, ո՛չ էլ՝ խաբվում: Եթե կան սրբեր, պետք է լինի նաև Սրբություն Սրբոցը, որն իր էությամբ կլինի թե՛ Արդարություն, թե՛ Ճշմարտություն և թե՛ Սրբություն:

«Սիրո (Աստծո) ուղիղ ճանապարհը», Քրիստոսից դարեր առաջ խորհում էր Պլատոնը, «այն ճանապարհն է, որ սկսվում է երկրային գեղեցկություններից և հասնում է մինչև Գերագույն Գեղեցկությունը՝ անցնելով սանդուղքի բոլոր աստիճաններով: [...] Գեղեցկություն հավիտենական, անստեղծ և անկորուստ, որ անմասն աճում է և նվազում, [...] որ չի գտնվում մի որևէ էակի մեջ, որ այդ էակից տարբեր մի բան է, ինչպես որ է կենդանու մեջ, [...] և կամ ուրիշ որևէ բանի մեջ [կենդանու գեղեցկությունը այդ կենդանուց տարբեր բան է, մարդու գեղեցկությունը նույն մարդուց տարբերվում է]. այլ՝ մի գեղեցկություն, որ կա հավերժորեն և անհրաժեշտորեն ինքն իր մեջ և ինքն իրեն, որից ստացվում են բոլոր մյուս գեղեցկությունները»[2]:

[1] PAUL CLAUDEL, տե՛ս F. LELOTTE, La solution du problème de la vie, Paris 1948, p. 48.
[2] Պլատոն, Il Convitto.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։