3) Այս կարգուկանոնը ենթադրում է բարձրագույն իմացականությամբ օժտված Հեղինակի գոյությունը – Գրադարան – Mashtoz.org

3) Այս կարգուկանոնը ենթադրում է բարձրագույն իմացականությամբ օժտված Հեղինակի գոյությունը

Իմացականությամբ օժտված էակը միայն կարող է բազմազան տարրերն իրար հետ այնպիսի ձևով կարգավորել, որ կարողանան մի որոշակի նպատակի հասնել: Որովհետև.

1) Նպատակը ապագայում իրականանալիք արդյունքն է: Միայն իմացականությամբ օժտված լինելով կարելի է ճանաչել ապագայում կատարվելիք նպատակը:

2) Առաջադրված նպատակն իրագործելու համար շատ եղանակների ու գործիքների միջից միայն հարմարներն է պետք «ընտրել» և դրանք ամենահարմար եղանակով «համակարգել»:

Սակայն, «ընտրելը» և «համակարգելը» մտքի գործեր են: Խոսենք օրինակով.

Պետք է տուն կառուցենք: Տունը նպատակն է, որն ապագայում պետք է իրականանա:

Տուն կառուցելու համար հարկավոր է քար, երկաթ, փայտ և այլն: Քարից, երկաթից, փայտից տուն կառուցելու համար պետք է իմացականությամբ օժտված մի անձ, ով նախ կունենա տան գաղափարը և բնության մեջ գտնվող բազում իրերի միջից կընտրի ամենահարմարները և դրանք կմշակի ու կհամակարգի այնպես, որ իր մտքում ծրագրված տունն իրականանա: Բացարձակապես անկարելի է, որ քարը, փայտը, երկաթը պատահականորեն հայտնվեն իրար կողք և գեղատեսիլ պալատ ստեղծեն:

Մեկ ուրիշ օրինակ.

Ահա՛ մի ասեղ, որի մի ծայրը սուր է, իսկ մյուս ծայրին թել անցկացնելու անցք կա: Պարզ է, որ ասեղը ստեղծված է մի նպատակի համար, այն է՝ կարելը:

Ասեղի հեղինակը ոչ թե կույր բախտը կամ պատահականությունն է, այլ՝ խելքով օժտված մի անձ, ով, դեռ ասեղը չստեղծած, աչքի առջև ունեցել է կարելու նպատակը և ամենահարմար ձևն է տվել՝ այդ նպատակն իրագործելու համար:

Կարող էինք որպես օրինակ բերել որևէ գործիք, մուրճ, աքցան, մեքենաների տեսակներ, հեռախոս, օդանավ, տպագրական մեքենա, երաժշտական գործիքներ և այլն, որոնց նախատիպերն արդեն կան բնության մեջ:

Եվ ուրեմն, եթե արհեստական գործիքներն են իմացականություն ենթադրում, որքա՜ն ավելի իմացականություն է պահանջվում բնության առարկաների համար, որոնք անհամեմատելիորեն ավելի կատարյալ են, քան մարդկային ձեռքով ստեղծված գործիքները:

Բնության մեջ ճախրող թռչունն ավելի կատարյալ է, քան օդանավը, արծաթափայլ ձկնիկն ավելի զմայլելի կառուցվածք ունի, քան օվկիանոսները հատող նավերը, ծաղիկների նեկտարը ծծող թիթեռնիկի կնճիթն ավելի զարմանալի չէ՞, քան ներարկման ասեղը, մարդկային սիրտը, որն օրեկան 100.000 անգամ կծկվելով ու լայնանալով՝ ստիպում է արյանը պտտվել մարդու բոլոր երակների միջով, ավելի հրաշալի չէ՞, քան պալատը ջերմացնող ջրաբաշխ վառարանը: Եթե ժամացույցի գոյությունը ենթադրում է վարպետ ժամագործի առկայությունը, ապա որքա՜ն ավելի ակնհայտ է տիեզերքում թափառող աստղերի ընթացքը կանոնավորող առաջնորդի առկայությունը:

Գեղարվեստի բնագավառում, եթե նկարի համար նկարիչ է պահանջվում, ապա որքա՜ն ավելի են իրենց երփներանգող ձեռքի կարիքը զգում հորիզոնում բոսորող արշալույսները:

Եթե Բեթհովենի՝ մեզ դյութական մթնոլորտներ փոխադրող սիմֆոնիաներից արտացոլվում է բացառիկ հանճարի լույսը, եթե զգայուն մի սիրտ է բաբախում Լամարտինի կամ Պ. Դուրյանի բանաստեղծություններում, որոնք հուզում ու առինքնում են մեր հոգին, ապա որքա՜ն ավելի հանճարեղ պետք է լինի Նա, Ում քնարի լարերից են հնչում հովերի ու մրրիկների բազմալար երգերը, զեփյուռների քաղցրահունչ մեղեդիները, ալիքների քաղցրալուր պարերգերը:

Աստղազարդ գիշերների, լճերի վրա փշրվող լուսնի հոյակապ տեսարանները, գարնանային թարմագեղ ու ճոխերանգ բնանկարները կարող են ստեղծված լինել միայն արարչագործ ձեռքի վրձնով:

Մարդկային ստեղծագործությունները բնության հրաշալիքների դժգույն կրկնօրինակումներն են: Եթե կրկնօրինակներն իրենց հեղինակներն ունեն, ապա որքա՜ն ավելի անհրաժեշտ է, որ բնագրերն ունենան իրենցը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։