3) Աստված ամենակարող է – Գրադարան – Mashtoz.org

3) Աստված ամենակարող է

Ասելով, որ Աստված ամենակարող է, ի նկատի ունենք, որ Նա կարող է իրագործել այն ամենը, ինչը որ ներքին հակասություն չի պարունակում ինքն իր մեջ:

Աստված չի կարող քառակուսի եռանկյունի կամ ուղղանկյուն օղակ ստեղծել. ո՛չ թե որովհետև ամենակարող չէ, այլ՝ որովհետև քառակուսի եռանկյունին կամ ուղղանկյուն կլորը հակասական բաներ են, որոնց իրագործումը բացարձակորեն անհնարին է, որովհետև անտրամաբանական է:

Աստված, ամենակատարյալ լինելով, նաև ամենակարող է:

Ինչ-որ մի բան արտադրելու կարողությունը կատարելություն է, որ պետք է գտնվի Աստծո մեջ: Աստծո կատարելություններն անհուն լինելով, անհուն է նաև կարողության կատարելությունը: Հետևաբար, Աստված ամենակարող է: Եթե իր կարողությունը չափ ու սահման ունենար, Աստված պիտի դադարեր ամենակատարյալը և ամեն ինչի սկզբնապատճառը լինել:

Աստված, ամենակարող լինելով, ամեն բան կարող է իրագործել, առանց արտաքին որևէ օգնության:

Նա առանց ճիգի և դժվարության, Իր կամքի պարզ ցանկությամբ, կարող է ոչնչից աշխարհներ ստեղծել, դրանք պահպանել կամ փոփոխել ու նորից անէության օվկիանոսի մեջ ընկղմել:

 
* * *
 
Ահա՛ այսպես, բազմած այն անխախտելի ճշմարտության վրա, որն ասում է. «Արդյունքի բոլոր կատարելությունները պետք է գերազանց աստիճանով, կամ գոնե հավասար չափով, գտնվեն իր պատճառի մեջ, որովհետև պատճառը չի կարող իր չունեցածը տալ», մենք բարձրացանք ու թափանցեցինք Աստծո խորհրդավոր էության մեջ և կարողացանք, թեև անկատար ու մշուշապատ, սակայն իրական գաղափար կազմել Նրա հատկանիշների մասին:

Աստծո էությունն է միակ Ճշմարտությունը, որ կարող է հագեցնել մեր միտքը և լուսավորել նրա անծայրածիր հորիզոնները: Աստծո էությունն է այն Գերագույն Բարիքը, որ կարող է գոհացում տալ մեր սրտի անհուն տենչերին:

Երկրի վրա, արարածների միջոցով է, որ մենք ճանաչում ենք այդ հավերժաշող Ճշմարտությունը, Բարությունն ու Գեղեցկությունը, և երկրախառն սիրով սիրում ենք Նրան:

Երկնքում Նրան տեսնելու ենք դեմ հանդիման, ինչպես որ է Ինքն Իր մեջ, և փարվելու ենք Նրան անխառն սիրով:

Այս դեմ հանդիման տեսությամբ մենք որոշակի առումով աստվածանալու ենք և, լուսաջինջ սիրով Նրան միանալով, երջանկանալու ենք հավիտյան:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։