3) Աստված հավիտենական է – Գրադարան – Mashtoz.org

3) Աստված հավիտենական է

Հավիտենականությո՜ւն: Ահա՛ մի գաղափար, որի ճշգրիտ իմաստը եղծվում է երևակայության կողմից, նախքան մտքի կողմից ըմբռնվելը:

Հավիտենականության հակադրությունն է ժամանակը:

Ժամանակը շարժուն և փոփոխական իրերի տևողությունն է, որ կազմվում է իրար հաջորդող պահերից: Ժամանակը կազմող այս պահերը կոչվում են անցյալ, ներկա և ապագա:

Մինչդեռ հավիտենականությունը ո՛չ անցյալ ունի, ո՛չ ապագա, այլ՝ միշտ ներկա է: Սկիզբ և վախճան չկա հավիտենականության գաղափարի մեջ: Այն կազմված չէ իրար հաջորդական պահերից, այլ՝ մի պահ ունի, որը «ներկան» է (սա էլ, անշուշտ, պատկերավոր կերպով ասած, որովհետև պահն ու ներկան էլ ժամանակի հետ կապված հասկացողություններ են, իսկ հավիտենականությունը ընդհանրապես աղերս չունի ժամանակի հետ):

Աստված հավիտենական է ասելով՝ ի նկատի ունենք, որ Նա ո՛չ անցյալ ունի, ո՛չ ապագա, ո՛չ եղել է, ո՛չ էլ պիտի լինի, այլ՝ Է: Մինչդեռ ժամանակի գետը հոսում է անվերջ՝ իր հետ տանելով ամեն բան: Իսկ Աստված կա ու կմնա հավիտյան:

Ինչը որ անփոփոխելի է, հավիտենական է: Աստված, լինելով անփոփոխելի էակ, նաև հավիտենական է:

Եթե Աստված ժամանակավոր լիներ, ենթակա պիտի լիներ փոփոխությունների, որովհետև, ինչպես տեսանք, ժամանակը շարժուն և փոփոխելի իրերի տևողությունն է: Աստված, Ում մեջ ոչ մի փոփոխություն գոյություն չունի, չի կարող ժամանակի ենթակա լինել: Իր մեջ անցյալն ու ապագան միշտ ներկա են: Ո՛չ երեկ ունի, ո՛չ վաղը: Այն, ինչը որ պետք է պատահի տիեզերքի խորը հեռուներից մեկում, Իր մեջ ներկա է արդեն: Ինչպես մեր մի հայացքում ներկա են իրարից երկու հեռավոր երկու գագաթները, այնպես էլ անցյալը և ապագան Աստծո մեջ ներկա են անծածկ:

Հույն հանճարեղ փիլիսոփա Պլատոնը Քրիստոսից չորս դար առաջ Աստծո հավիտենականության զմայլելի մի նկարագրություն է տվել:

«''Եղավ'' կամ ''պիտի լինի''. սրանք ցույց են տալիս ժամանակին պատկանող հատկություններ, և մենք առանց խորհելու՝ դրանք վերագրում ենք հավիտենական Էակին, բայց հանիրավի: Որովհետև մենք ասում ենք, որ Նա [Աստված] եղավ, է, պիտի լինի, մինչդեռ իրականում ճիշտ է միայն ասել, որ Նա Է: Բայց հավիտենապես անշարժ էակը կա առանց [...] ժամանակի զանազանությունների: Նրա մեջ ո՛չ անցյալ կա, ո՛չ ապագա, և ոչինչ այն բաներից, որոնք հարմար են զգայական իրերին, այն պատճառով, որ նրանք սկիզբ ունեն»[1]:

[1] PLATONE, Timeo.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։