3) Շարժման կամ փոփոխության Առաջին Պատճառը անշարժ և անփոփոխ մի շարժող է, որն Աստված է – Գրադարան – Mashtoz.org

3) Շարժման կամ փոփոխության Առաջին Պատճառը անշարժ և անփոփոխ մի շարժող է, որն Աստված է

Ինչպես տեսանք վերևում, ինչը որ շարժվում է, նաև ուրիշից է շարժվում: Տեսանք նաև, որ տիեզերքում էակներն իրար շղթայված են, միմյանց շարժում են ու փոփոխում:

Իրար շարժող մի շարք էակներ երկու կերպով կարող են իրարից կախում ունենալ. 1) Էապես, կամ 2) Պատահականորեն:

Մի խումբ միմյանց շարժողներ էապես իրարից կախում ունեն, եթե ներկայումս [տվյալ պահին] ենթարկվում են միմյանց իրենց շարժման մեջ, այնպես՝ որ այդ խմբում ոչ ոք չի կարող մեկ ուրիշին շարժել, մինչև որ ինքն իր նախորդից շարժում չստանա: Օրինակ, գնացքը իրար միացված բազմաթիվ վագոններ ունի: Առաջին վագոնը քաշում է երկրորդին, երկրորդը քաշում է երրորդին և այսպես ամեն վագոն քաշում է իր հաջորդին: Գնացքի վագոններն էապես կախում ունեն միմյանցից, որովհետև որևէ վագոն չի կարողանա իր հաջորդին շարժել, մինչև որ ինքն իր նախորդից չշարժվի: Ընթացքի մեջ գտնվող գնացքի բոլոր վագոնները տվյալ պահին կախված են իրարից իրենց շարժման մեջ: Եթե հեռացնենք առաջինը, մյուս վագոնները պետք է դադարեն իրար շարժել:

Մի խումբ միմյանց շարժողներ պատահականորեն կախում ունեն իրարից, երբ տվյալ պահին իրենց շարժման մեջ ենթակա չեն միմյանց:

Այսպիսով, իրարից էապես կախյալ, իրար շարժող էակների շարքն անպայման պահանջում է առաջին մի շարժող, որը կշարժի մյուս բոլորին և ինքն ուրիշից չի շարժվի, որը կփոփոխի ուրիշներին և ինքն անփոփոխ կմնա, որովհետև էապես իրարից կախում ունեցող շարժուն էակների մեջ ամեն մի շարժվող չի կարող ինքն իրեն շարժվել և շարժել, մինչև որ ինքը նախ շարժում չստանա իր նախորդից:

Այս շարքում ամեն մի շարժվող կատարյալ զրո է շարժելու մեջ: Բայց որքան էլ զրոների թիվն ավելացնելու լինենք, արդյունքը միշտ զրո է մնալու: Անվերջ թվով զրոների գումարը միշտ զրո է: Օրինակ, սրընթաց գնացքի մեջ բոլոր վագոններն էլ, բացի առաջին քարշակ վագոնից, իրենք իրենցով զրոներ են իրար շարժելու մեջ: Որքան էլ որ շատացնելու լինենք գնացքի վագոնները, գնացքը տեղից չի շարժվի, մինչև որ չլինի առաջին ինքնաշարժ մեքենան:

Գիտենք, որ երկիրը դեպի ինքն է ձգում լուսինը, իսկ արևն էլ՝ ձգում է երկիրն ու մյուս մոլորակները: Արևն էլ իր հերթին ձգվում է ա՛յլ աստղերի կողմից, դրանք էլ՝ ուրիշներից: Բայց չենք կարող անվերջ առաջ գնալ մեր թվարկման մեջ: Անհրաժեշտորեն պետք է հասնել առաջին շարժողին, որը կշարժի բոլորին՝ առանց ինքն ուրիշից շարժվելու, որը կփոփոխի տիեզերքի բոլոր էակներին՝ առանց ինքը փոխվելու:

Տիեզերքում իրար շարժող և իրարից էապես կախում ունեցող էակներից ոչ մեկը, առանձին վերցված, ինքն իր մեջ չունի իր շարժման ամբողջական պատճառը: Եթե իրապես ինքն իր շարժման պատճառը լիներ, ուրիշից կախում պիտի չունենար շարժվելու մեջ:

Եվ ուրեմն, եթե առանձին առանձին վերցված այս շարժուն էակներն իրենք իրենց մեջ չունեն իրենց անհատական շարժման բավարար պատճառը, բոլորը միասին դարձյալ անկարող են լինելու իրենց շարժման լիակատար պատճառը լինելու: Ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ կույրեր առանձին առանձին վերցված անկարող են որևէ բան տեսնել, և բոլորը միասին դարձյալ պիտի մնան անկարող:

Հետևաբար, եթե բոլոր շարժուն շարժվողների շարքի մեջ չկա շարժման ամբողջ պատճառը, պետք է այն փնտրել շարքից դուրս:

Բայց ո՞վ կարող է լինել տիեզերքի շարժման ու փոփոխությունների առաջին պատճառը:

Կարող ենք տարբերակել երկու տեսակի պատճառ՝ մերձավոր և հեռավոր: Ժամացույցն աշխատում է. նրա մերձավոր պատճառը լարն է, իսկ հեռավոր պատճառը՝ ժամացույցը լարող մարդը:

Մեր փնտրածը տիեզերքի շարժման հեռավոր և առաջին պատճառն է:

Տիեզերքի բոլոր շարժումների առաջին պատճառը պետք է լինի անփոփոխ և անշարժ: Որովհետև եթե առաջին պատճառն էլ շարժուն կամ փոփոխական լիներ, այն ժամանակ ստիպված էինք լինելու նրա շարժման պատճառն էլ փնտրել մեկ ուրիշ շարժող էակի մեջ, և ինքը առաջին պատճառը պիտի չլիներ. իր շարժման մի ուրիշ պատճառ պիտի գոյություն ունենա:

Այսպիսով, առաջին շարժողը պետք է լինի անշարժ և անփոփոխ:

Անմիջապես ավելացնենք, որ կա երկու տեսակի անշարժություն. 1) Մեռելատիպ անշարժություն, և 2) Կատարելության անշարժություն:

Առաջինը պարզապես անգործություն է. քարն անշարժ է մեռելատիպ անշարժությամբ. ինքն իրեն անկարող է շարժել և գործել:

Մինչդեռ կատարելության անշարժություն ասելով հասկանում ենք այն անշարժությունը, որ առաջ է գալիս լիությունից: Այս իմաստով ենք տիեզերքի շարժման առաջին պատճառն անշարժ ու անփոփոխ անվանում, որովհետև Նա ամեն կատարելություն ունի անսահման չափով և նոր կատարելություն չի կարող ստանալ: Ամեն շարժում և փոփոխություն անկատարության նշան է. մինչդեռ տիեզերքի շարժման առաջին պատճառը պետք է անշարժ և անփոփոխ լինի, այսինքն՝ անկարող լինի նոր կատարելություն ստանալու, և իր կատարելություններից ուրիշներին հաղորդելով ոչինչ չի կորցնում, ինչպես գիտնականն իր իմացածն ուրիշներին սովորեցնելով՝ իր գիտելիքներից ոչինչ չի կորցնում:

Ահա՛ այսպես, տիեզերքի բոլոր շարժումների և փոփոխությունների սկիզբը կանգնած է անշարժ և անփոփոխ, որովհետև ամեն տեսակ կատարելություն ունի անհուն չափով: Մենք այդ ամենակատարյալ Շարժողին մեծն Արիստոտելի հետ միասին անվանում ենք «Անշարժ շարժող», «Աստված»:

Առանց այս առաջին անփոփոխ Շարժողի չի կարող լինել ո՛չ երկրորդ շարժող, ո՛չ երրորդ և ո՛չ էլ ուրիշ ա՛յլ շարժող և շարժում:

Բայց քանի որ տիեզերքում կա շարժում և կան իրար շարժող էակներ, անհրաժեշտորեն կա նաև առաջին անփոփոխելի շարժող մի Էակ, Ով Աղբյուրն է հարափոփոխ շարժումների:

Նախորդ դարի մեծագույն գիտնականներից Պաստյորը հարցնում է անհավատներին. «Ի՞նչ կա աստղազարդ երկնքից այն կողմ: – Մի նոր երկինք: – Լա՛վ, իսկ դրանից այն կո՞ղմ [...] : Անօգուտ է ասել, թե դրանից այն կողմ գտնվում են տարածությունն ու ժամանակը, որովհետև այս խոսքերը ոչինչ չեն բացատրում: [...] Մարդուն ուրիշ ոչինչ չի մնում անելու, քան ծունկի գալ»[1] Նրա առջև, Ով բոլոր արևների ու աստղերի սանձը պահում է Իր ձեռքում:

[1] Տե՛ս ՊԱՍՏՅՈՐ-ի Ֆրանսիական Ակադեմիա ընդունելութեան ճառը, F. GAETANI, Dio, Roma 1944, p. 105.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։