3) Պանթեիզմի կործանարար հետևանքները – Գրադարան – Mashtoz.org

3) Պանթեիզմի կործանարար հետևանքները

Եթե տիեզերքն աստված է, իսկ մարդը՝ նրա գոյացության մի մասնիկը, ապա մարդը չպետք է ունենա անհատական ինքնություն, ազատություն, պարտականության և բարոյականի ամեն տիպի պատասխանատվություն, որովհետև, համաձայն պանթեիստների, աստվածային գոյացությունը «անհրաժեշտորեն» բարեփոխվում է, հեղաշրջվում և չի կարող ազատվել այդ հեղաշրջումից: Հետևաբար, մարդն էլ ենթակա է այդ անհրաժեշտ հեղաշրջմանը:

Որպես պանթեիստների այս ուսմունքի տրամաբանական հետևանք անհրաժեշտ է դառնում ընդունել անաստվածությունը: Պանթեիզմը դիմակավորված, ծպտված անաստվածություն է: Վերցնելով նրա դիմակը՝ կկանգնենք անաստվածությանը դեմ հանդիման:

Աստծո և տիեզերքի այս արհեստածին խառնուրդից առաջ է գալիս թե՛ աստվածային և թե՛ մարդկային բնությունների կործանումը: Թե՛ Աստված և թե՛ մարդիկ կորցնում են իրենց ինքնությունը և ազատությունը:

Մարդուց վերցնելով ազատությունը՝ ինքնաբերաբար վերցնում ենք մարդու գերագույն ձիրքերը, կրոնը, բարոյականությունը, առաքինությունները:

Ընդունելու համար պանթեիզմը՝ հարկավոր է ընդունել նաև Նիցշեի՝ մարդկային ողջմտությունը բզկտող և արժանապատվությունը ստորացնող հետևյալ ուսմունքը. «Նենգամտությունը մարդու լավագույն ուժն է, և դուք, ո՜վ բարձրյալներ, պետք է ձեր չարագույնը անեք, [...] որովհետև միայն այս կերպ մարդը կբարձրանա կայծակների մթնոլորտ, ուր ծիածանվում է ճշմարտության լույսը»[1]:

Մարդկային չարությունը չի կարող սրանից ավելի դիվաշունչ ուսմունք հնարել:

[1] FR. NIESTZSCHE, տե՛ս ZACCHI, Dio, vol. II, Roma 1946.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։