4) Այդ Հեղինակն Աստված է – Գրադարան – Mashtoz.org

4) Այդ Հեղինակն Աստված է

Տիեզերքում տիրող նպատակային կարգ ու կանոնը ենթադրում է իր իմաստուն Հեղինակի առկայությունը:

1) Այդ Հեղինակը տիեզերքից «տարբերվող, առանձին» Էակ պետք է լինի, քանի որ տիեզերքի բոլոր էակները զուրկ են իմացականությունից, բացի մարդուց, ով չի կարող պատճառը լինել այդ կարգուկանոնի:

2) Տիեզերքի կարգուկանոնի Հեղինակը «միակը» պետք է լինի: Մեկից ավելի հեղինակներով անկարելի կդառնա բացատրել տիեզերքում տիրող «մեկ» համընդհանուր նպատակը, բազմամիլիարդ տարբեր էակների համագործակցությունը և անասելի «միությունը»: Տիեզերքի այս բազմալար ու գերազանցապես ներդաշնակ խմբերգը ենթադրում է «մեկ» Խմբավարի առաջնորդությունը: «Ամեն ինչ միևնույն ծրագրի կնիքն է կրում, ամեն ինչ պետք է միևնույն Էակին ենթարկված լինի»[1], ասում է մեծն Նյուտոնը:

3) Տիեզերքի այս միակ Ճարտարապետը պետք է լինի նաև գերագույն իմաստությամբ օժտված, ամենակարող և անսահման:

Տիեզերքում մեկ համընդհանուր նպատակից բացի ամեն էակ ունի իր սեփական նպատակը, որին հասնելու համար իմաստուն միջոցներ է գործածում: Եվ ուրեմն, միայն անսահման միտքը կարող է մեկ հայացքով ճանաչել այսքա՜ն բազմաթիվ ու բազմազան գործիչների նպատակը և իր ամենակարողությամբ ուղղորդել նրանց գործունեությունը դեպի այդ մեկ նպատակը: Եթե այդ հեղինակը սահմանավոր, վերջավոր լիներ, այդ դեպքում կախումնավոր էակ պետք է լիներ ուրիշ մի էակից, և մենք, Առաջին Պատճառի փոխարեն տիեզերքի կարգուկանոնի միայն մերձավոր պատճառը պետք է գտած լինեինք:

4) Այդ Հեղինակը պետք է լինի ո՛չ միայն տիեզերքի Կառավարիչը, այլ նաև՝ Ստեղծողը [Արարիչը]:

Այն օրենքները, որոնց համապատասխան գործում են տիեզերքի էակները, պատկանում են իրենց էությանը: Վարդենին միշտ վարդ է տալիս և ո՛չ մանուշակ: Մաքուր ջուրը զրո աստիճանում միշտ սառչում է և ո՛չ թե գոլորշիանում: Կրակը տաքացնելու հատկություն ունի և ո՛չ թե սառեցնելու։ Եվ այլն: «Այդ նպատակն իրենց կազմության, բնության մեջ է արդեն, ինչի հեռանկարով էլ նրանք ստեղծված են»[2], ասում է Ռ. Բերբերյանը:

Եվ ուրեմն, եթե տիեզերքի մեջ տիրող կարգուկանոնի օրենքները ներհատուկ են էակների բնությանը, այնպես՝ որ անհնար է այդ օրենքներն ու հատկությունները փոփոխել առանց փոփոխելու նաև էակների բնությունը կամ էությունը, եթե այդ օրենքները կատարելապես շաղկապված են նրանց էության հետ, որից հնարավոր չէ բաժանել նրանց, ապա նշանակում է տիեզերքի կարգուկանոնի հեղինակը Արարիչն է նաև էակների էության ու գոյության:

Ահա՛ այս արարչագործ միտքը մենք անվանում ենք «Աստված», ու եթե չենք տեսնում մարմնավոր աչքերով, տեսնում ենք սակայն իմացական աչքերով:

Իզուր են փորձում մատերիալիստները Նրան «նյութ»ի մեջ խեղդել, և ապարդյուն են պանթեիստները ցանկանում տիեզերքում բանտարկել այն Էակին, Ում համեմատ տիեզերքը սոսկ մի հյուլե է:

Իզուր են ջանում Նրան կույր «դիպված»ի հետ նույնականացնել: Շոպենհաուերն իզուր կամեցավ Նրան կոչել «Անգիտակից Կամք», իսկ Է. Հարթմաննը՝ «Անգիտակից Միտք»: Ավելի տրամաբանական չէ՞, փոխանակ զանազան խորթ ու անորոշ անուններ տալու, «հավատալ այդ զորության աղբյուր, տիեզերքի կազմավորման սկզբնապատճառ, նրա օրենքները սահմանող և այն հավերժապես կենդանի պահպանող և վարող Գերագույն Ուժին, որին մեր նախնիները Աստված խորհրդավոր անունն են տվել, որից լավագույնը դեռ ոչ ոք չի գտել և թերևս չպիտի գտնի»[3], ասում է Ա. Չոբանյանը:

Աստվա՜ծ. պաշտելի Անուն, Լույս, Սեր, Ճշմարտություն և Կյանք: Աստվա՜ծ. միակ Հեղինակը այն մեծ Գրքի, որին Տիեզերք անունն ենք տալիս:

Մարդկության մեծագույն, բայց խոնարհ հանճարները կարդացին այդ գիրքը և հիացան:

Պլատոնն ու Արիստոտելը՝ հունական հանճարի երկու երկնամերձ գագաթները, Քրիստոսից դարեր առաջ, կարդալով այդ գիրքը՝ դրա Հեղինակին կոչեցին «Բարություն» (Պլատոն) և «Անշարժ Շարժող» (Արիստոտել):

Կիկերոնն ու Սենեկան՝ լատին փիլիսոփայության լավագույն ներկայացուցիչները, ճշգրտորեն մեկնաբանեցին բնության խորհրդալիր գիրքը և խոնարհվեցին նրա Հեղինակի առջև:

Սբ. Օգոստինոս Հիպպոնացին ու Սբ. Թովմա Աքուինացին՝ քրիստոնեական փիլիսոփայության տիտանները, բարձրաձայն հռչակեցին Տիեզերք-Գիրքը Շարադրողի անսահման կատարելությունները:

Գիտության մեծագույն մշակները, գեղարվեստի վարպետները, առաքինության ասպետները տիեզերքի խորքերում նշմարեցին Աստծո սիրելի դեմքի շողարձակումները և ծնրադրեցին Նրա առջև:

Ահա՛ նրանց խոսքերից մի քանիսը:

Մեծ աստղագետ Կոպեռնիկոսն իր տապանաքարի վրա կարգադրեց գրել. «Ո՜վ Տեր, ես Քեզնից չեմ խնդրում այն շնորհը, որ տվեցիր Սուրբ Պողոսին, այլ՝ այն գթությունը, որի համեմատ վարվեցիր ավազակի հետ՝ Խաչի վրա»[4]:

Անգլիացի հանճարեղ գիտնական Նյուտոնը քննեց Տիեզերքի այդ գիրքը և ասաց. «Մոլորակների և դրանց արբանյակների կանոնավոր շարժման մեջ, ինչպես նաև նրանց ուղղության, ծրագրի և արագության աստիճանավորման մեջ, առկա են հետքերն ինչ-որ խորհուրդի և վկայությունն ինչ-որ պատճառի գործունեության, որը ո՛չ կույր է, ո՛չ էլ բախտի քմահաճույքին թողնված, այլ՝ ստուգապես ամենից ճարտարն է մեխանիկայի ու երկրաչափության մեջ»[5]:

Այդ գիրքը կարդաց բուսաբանության հիմնադիր Լիննեյը և հիացումով բացականչեց. «Հավիտենական, անհուն, ամենաիմաստուն և ամենակարող Աստվածն անցավ առջևովս: Ես Նրան չտեսա, բայց Իր լույսի ցոլարձակումը զմայլանքով լցրեց իմ հոգին։ [...] Այստեղ և այնտեղ՝ արարածների մեջ, ուսումնասիրեցի Իր ընթացքի հետքերը, և բոլոր Իր գործերի, նույնիսկ ամենափոքրերի մեջ, ինչպիսի՜ ուժ, ինչպիսի՜ իմաստություն, ինչպիսի՜ անգերազանցելի կատարելություն գտա»[6]:

Անվանի միջատաբան Ֆաբրն ասում է. «Տիեզերքը կառավարվում է մի անհուն Իմացականութան կողմից: Որքան զննում եմ, այնքան ավելի եմ տեսնում այդ իմացականությունը, որ ճառագայթում է իրերի Խորհուրդի ետևից: Գիտեմ, որ ինձ պետք է ծաղրեն դրա համար։ Հոգ չէ: Ինձ ավելի շուտ մաշկազերծ կանեն, քան կզրկեն Աստծո հանդեպ ունեցած հավատքիցս: Աստվա՞ծ. ես Նրան չեմ հավատում, ես Նրան տեսնում եմ»[7]:

Բժիշկ Գալանոսն իր գրքերից մեկում մարդկային մարմինը մեծապես գեղեցիկ ոճով նկարագրելուց հետո հավելում է. «Ո՛չ թե գիրք գրեցի, այլ՝ երգ երգեցի ի պատիվ Աստվածության»[8]:

Ֆրանսիացի գիտնական Ամպերն ասում է. «Որքա՜ն մեծ է Աստված, և որքա՜ն ոչինչ է մեր գիտությունը»[9]:

Թոմաս Էդիսոնը, վերջին շրջանի մեծագույն բնագետներից մեկը, իր Փարիզ այցելության ժամանակ, Էյֆելյան աշտարակի մատյանում գրել է հետևյալը. «Պարոն Էյֆելին՝ Էդիսոնից, ով ամենախոր հարգանք և հիացում ունի բոլոր ճարտարապետների հանդեպ, որոնց մեջ է նաև Աստված»:

«Թիթեռնիկի աչքը և թևը բավական են աթեիստին ջախջախելու համար», ասում է Լև Տոլստոյը: Հետո, խոսքն ուղղելով աթեիստին, ավելացնում է. «Պատկերացրու, որ ընդամենը թիթեռնիկի մի թևով եմ առարկում քեզ, մինչդեռ կարող էի տիեզերքի [հրաշալիքների] ծանրության տակ ճզմել քեզ»:

Նույն ինքը Դարվինը, ով ուզեց մարդկության նախահայր համարել կապիկին, տեսնելով բնության մեջ տիրող կարգուկանոնը՝ ասում էր. «Եթե ուզում եք ազատել ինձ թշվառ մահվանից, ասացեք ինձ, թե ինչո՛ւ [բույսի վրայի] տերևների կազմած անկյունը միշտ 1, 2, 3, 4 է, և ո՛չ թե՝ ա՛յլ թիվ: Միայն իրականությունը բավական պիտի լիներ՝ ամենահանդարտ մարդուն խենթացնելու համար»[10]:

Անհավատ Վոլտերն էլ ասում է. «Տիեզերքն ինձ շփոթեցնում է և չեմ կարողանում երևակայել, որ գոյություն ունենա այս ժամացույցը [տիեզերքը] և ժամագործ չունենա»[11]:

Հանճարների այս շարքը կարող էինք դեռ ավելացնել՝ գեղեցկահյուս խոսքեր մեջբերելով Գալիլեյից, Կեպլերից, Պաստյորից, Միքելանջելոյից, աստվածային Ռաֆայելլոյից, Լեոնարդոյից, Բեթհովենից և ուրիշ տաղանդավոր գիտնականներից ու արվեստագործներից, բայց երկայնաբանության տաղտուկից զերծ պահելու համար կբավականանանք միայն մի քանի վկայություններ ներկայացնելով հայազգի լավագույն հեղինակներից:

Սբ. Գրիգոր Լուսավորչից, Սբ. Սահակից ու Սբ. Մեսրոպից մինչև հրեշտակատիպ Նարեկացին, Շնորհալին ու եռամեծն Մխիթար Սեբաստացին, հայ մատենագրությունն անլռելի փառաբանություն է Աստվածությանը:

Մեր գրականությունը, որ նախորդ դարում ծաղկեց ու տվեց փառապանծ էջեր, բացվում է Ալիշանի շքեղ արշալույսով:

Ալիշանը գովերգում է տիեզերքի Արարչին.

«Դու որ վառես զակն արեւուն
Զաման կուսնի լընուս լուսով,
Որ կաթես զցօղ առաւօտուն,
Շնչեալ շարժես զահեղն ըզծով, [...]
Անյօդ ձայնից Քեզ օրհնութիւն,
Եւ զիմն ընկալ գըթոյդ ի ծոց»[12]:

 

Արևելահայ գրականության հիմնադիր և «Հայաստանի վերքի երգիչ լուսապայծառ Խ. Աբովյան»ը, տեսնելով տիեզերքի գեղեցկությունը, Աղասիի շուրթերով ասում է. «Ա՜խ, ո՞վ ես դու, ո՞վ, յարադանիդ[13] ղուրբան՝ Աստվա՜ծ, որ էսքան բարիքը ստեղծել ես մեզ համար: [...] Ա՜խ, երկնային թագավոր Աստված, քանի աչքս բաց եմ անում՝ էս քո արարածը տեսնում, [...] աղբյուրը քչքչալիս, հովը փչելիս, [...] անձրևը գալիս՝ ինձ ձեն ըլի տալիս՝ թե վայելիր էստոնք՝ հողածին մարդ, բարություն արա՛, Արարչիդ մեծությունը ու խնամքը ճանաչիր»[14]:

Խրիմյան Հայրիկը գոչում է առ Աստված. «Միայն լույս եմ խնդրում. հրամայիր, թող աչքս բացվի, տեսնեմ երկինքը և աշխարհը, և պաշտեմ դրանց Արարչին»[15]:

Սիրո աննման երգիչ Պ. Դուրյանը չարաշուք մահվան տեսիլքի առջև իսկ բացականչում է. «Հավատում եմ, հավատում եմ այն հանդերձյալ Ապագային. ո՛վ որ հավատում է, երջանիկ է»[16]:

Վաղամեռիկ, բայց անզուգական մեկ ա՛յլ քնարակիր՝ Միսաք Մեծարենցը, ում «անշիջելի բաղձանքն» էր նորոգվել գյուղական բնության տեսարանների ու գեղեցկությունների ավիշով, ամենուր Աստծո հետքն է տեսնում. «Արդարև չէ՞, որ Աստված ամենուր է: Ձմռան պարզ գիշերվա մեջ շշուկով ասված աղոթքս Իրենների, հետևաբար և Իր [Աստծո] համար էր. ի՜նչ երջանկություն տերևի սոսափյունի մեջ տեսնել տիեզերական զորության գաղտնիքը, ու այդ փոքր մասնավորից ուղղվել դեպի անհունը. իրերն իմաստասեր աչքի համար դեպի անհունությունը բացված պատուհաններ են»[17]:

Մեծ և տաղանդավոր հրապարակախոս Գրիգոր Օտյանը, կարդալով Բնության գիրքը, ասում է. «Ամենայն ինչ ներդաշնակություն է տիեզերքում, և ինչպես նյութական աշխարհում, այնպես էլ բարոյականում կա ներդաշնակություն. և բարոյականի աշխարհում ներդաշնակությունը արդարությունն է»: Եվ այդ ներդաշնակության Ստեղծողի, Արարչի առջև ծնրադրած աղոթում է. «Ես՝ ոչինչս, բարձրանում եմ առ այն, որ ամենայն ինչ է, և Նրա՝ Գերագույն Էակի ոտքերի տակ եմ փռում իմ զղջումներն ու խոստովանությունները, Նրա արդարությունն ու գթությունն եմ հայցում իմ համար և ձեր համար: Այս արարքս թող աշխարհը ծաղրի, բայց դու՝ ո՛չ, սիրելի եղբայրս»[18]:

Վաստակաշատ բանաստեղծ և ուսուցիչ Թովմաս Թերզյանը գրում է.

«Բնութիւն համայն, այդ մեծ Քնար,
Ոյր աստղազարդ գըլուխն յերկին՝
Եւ ոտք յանդունդս անէության,
Յավիտենից երգէ Վեհին»[19]:

 

Հայ թատրոնի ամենաշողշողուն աստղերից մեկը՝ Պետրոս Ադամյանը, որ անսպասելիորեն մարում էր՝ իր փառքի գագաթնակետին հասած, իր վերջին օրերին հետևյալ գեղեցիկ խոսքերն է ասել. «Կրոնը մարդու հոգու մեջ է» և ցույց էր տալիս կուրծքը, որ հուզմունքից ուռչած՝ ելևէջում էր. «Աստվա՜ծ», մրմնջաց, «երբեք Նրան ավելի որոշակի չեմ տեսնում, քան երբ այս գեղեցիկ կապույտին եմ նայում»[20]:

Նույն անմահ դերասանն իր՝ «Ֆանտազիային» ուղղված բանաստեղծության մեջ խորը համոզումով ասում է.

«Այն ձեռք կըրկին սըփռէ համայն ի տիեզեր՝
Ինչպես աւազն յ’ովկիանու ծովեզեր.
Իբրեւ կաթիլք արարչագործ իւր քըրտանց:
Նա է որ տայ կեանք, մահ, արցունք, ժպիտ, կարօտ,
Շանթն ի մըրրիկ, ձիւնն ի լերինս, ցողն յ’արօտ.
Վագրին ճիրան, առիւծին բաշ եւ երախ, [...]
Որ նախախնամ իմաստութեամբ անյատակ՝
Յամենայնի դրած է պատճառ, նըպատակ՝
Ամենայն ինչ համեմատ է, ներդաշնակ,
Չարին յորդոր, բարւոյն էլ տայ մրցանակ»[21]:

 

Իմաստասեր Եղիա Դեմիրջիբաշյանը, գիտությունը գովերգելով՝ գրում է. «Ի՞նչն է արդարև մոտեցնում մարդուն իր Արարչին և իր նմանին, քան գիտությունը»[22]:

Արփիար Արփիարյանը, կրոնի բարերար դերը հռչակելով՝ ասում է. «Եթե որևէ դպրոցի տնօրեն լինեի, կջանայի, որ կրոնը խոսի աշակերտների սրտի հետ։ [...] Սիրտը պետք է կապել եկեղեցու հետ, որպեսզի մի օր մտքի սառնությունը հալչի սրտի տաքությունից»[23]:

Գրիգոր Զոհրապը գրում է. «Հավա՜տք։ Ճշմարիտ չէ՞, որ մարդկային իմաստասիրությունը ուրիշ եզրակացության չի գալիս, և թափառական մտքերի համար, որոնք անմատչելի որևէ բևեռի վրա ոտք կոխելու հույսով խոտորվել են, նա [հավատքն] է վերջին և խաղաղ նավահանգիստը»[24]:

Եվ, վերջացնելու համար, այստեղ հիշենք հայ տառապանքի մեծագույն երգչի՝ Սիամանթոյի գրչից ելած այն աղոթքը, որը նա դրել է Սուրբ Մեսրոպի շուրթերին, և ուր հիանալիորեն նկարագրելի է Աստծո հատկությունները.

«Լոյս տուր ինծի, Աստուած անհերքելի,
Տիեզերքի անմեկնելի ճարտարապետ,
Ճակատագրի եւ ճանաչման ստեղծի՛չ,
Շունչի մրրիկ, կեդրոնական կարողութիւն, [...]
Օգնէ ինծի, համագումար Սկզբունք, [...]
Օգնէ ինծի, ո՜վ անբաղդատ օրենք, [...]
Օգնէ ինծի, անծայրածիր Ծանօթութիւն,
Գերազօր Տէ՛ր, անհուն հնարիչ,
Լոյսի զենիթ, անկնճիռ իմաստ, [...]
Աստուած անյեղլի, Աստուած անափունք,
Արարչագործ ձեռքդ իմ ուղեղիս երկարէ»[25]:

 

Ո՛չ միայն հայ գրականության լավագույն ներկայացուցիչներն են բոլոր ժամանակներում հյուսել Արարչության գովքը, այլ նաև՝ ողջ Հայ ժողովուրդը դարերով հոգեպես կառչած է մնացել Աստծուց:

[1] NEWTON, տե՛ս F. GAETANI, Dio, Roma 1944, p. 102.
[2] Ռ. ՊԷՐՊԷՐԵԱՆ, տե՛ս Ամէնուն Տարեցոյցը (Թէոդիկ), Փարիզ 1928, էջ 339.
[3] Ա. ՉՕՊԱՆՅԱՆ, Դէմքեր, Բ. հտր., Փարիզ 1929, էջ 24.
[4] Տե՛ս F. GAETANI, Dio, Roma 1944, p. 28.
[5] NEWTON, Lettera a Bentley (Նամակ Բենթլիին).
[6] CHARLES DE LINNÉ, Systema naturae գրքի նախաբանից.
[7] FABRE, Souvenirs entomologiques, p. 220.
[8] Տե՛ս F. GAETANI, Dio, Roma 1944, p. 28.
[9] Տե՛ս F. GAETANI, Dio, Roma 1944, p. 105.
[10] KOGANOWSKI, Die weltordnung, Graz, Styria, p. 83.
[11] PAOLO DEZZA, Filosofia, Roma 1947, p. 144.
[12] ԱԼԻՇԱՆ, Նուագք, Ա., Վենետիկ 1981, էջ 40.
[13] «Յարադան», Աբովյանի բառապաշարում նշանակում է ստեղծող, արարիչ։
[14] Խ. ԱԲՈՎՅԱՆ, Վերք Հայաստանի, Երևան 1948, էջ 12.
[15] ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ, Ամբողջական երկեր, Նիւ Եորք 1929, էջ 147.
[16] Պ. ԴՈՒՐԵԱՆ, Նամակ, ուղղուած առ Արմէն Լուսինեան, Տաղք եւ Թատերգութիւնք, Կ. Պոլիս 1893, էջ 252.
[17] Մ. ՄԵԾԱՐԵՆՑ, Ոսկի արիշին տակ, Կ. Պոլիս, 1934, էջ 152.
[18] Գ. ՕՏԵԱՆ, Գոհարներ, Կ. Պոլիս 1931, էջ 78 և 132.
[19] Թ. ԹԵՐԶԵԱՆ, Բանաստեղծութեանց հաւաքածոյ, Վենետիկ 1929, Առ Մուսա, էջ 36.
[20] Ա. ՉՈՊԱՆԵԱՆ, Դէմքեր, Բ. հտր., Փարիզ 1929, էջ 26.
[21] Պ. ԱԴԱՄԵԱՆ, Քերթուածք հռչակաւոր դերասան Պետրոս Ադամեանի, Վենետիկ 1896, էջ 150-151.
[22] Ե. ՏԵՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ, իր «Խօսք առ ժողովուրդ» գրությունից.
[23] Ա. ԱՐՓԻԱՐԵԱՆ, տե՛ս Հ. Ս. ԵՐԵՄԵԱՆ, Ազգային դէմքեր, Չորրորդ շարք, Վենետիկ 1913, էջ 219.
[24] Գ. ԶՈՀՐԱՊ, Ծանօթ դէմքեր ու պատմուածքներ, Ն.Գ.Բ. հրատարակութիւն, Փարիզ 1932, էջ 73.
[25] ՍԻԱՄԱՆԹՕ, Սուրբ Մեսրոպ, Կ. Պոլիս 1914, էջ 13.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։