4) Առարկություններ – Գրադարան – Mashtoz.org

4) Առարկություններ

1) Բնության մեջ բազմաթիվ իրարից կախումնավոր պատճառների շղթաներ կան: Ուրեմն, ամեն մի շղթա պետք է իր առաջին պատճառն ունենա: Այսպիսով, ո՛չ թե մեկ, այլ՝ շատ առաջին պատճառներ են հարկավոր, այսինքն՝ մեկից ավելի աստվածներ, որն անկարելի է:

Պատասխան. – Մեր ապացույցից հետևում է միայն այն, որ յուրաքանչյուր միմյանցից կախյալ պատճառների շղթա իր ինքնաբավ և առաջին պատճառն ունենա:

Բայց սրանից երբեք չի հետևում, որ յուրաքանչյուր շղթայի համար առանձին պատճառներ պետք է գոյություն ունենան, որովհետև միևնույն առաջին պատճառը կարող է բոլոր շղթաների միակ պատճառը լինել, ճիշտ այնպես, ինչպես մեկ էլեկտրակայան կարող է բազմաթիվ քաղաքների և գյուղերի լուսավորության միակ աղբյուրը լինել:

Մեկ ա՛յլ օրինակ. լուսինը լուսավորվում է արևից, ինչպես և երկիրը: Այստեղից չպետք է հետևի, որ երկու արև պետք է գոյություն ունենա: Միևնույն արևը կարող է երկուսի լուսավորության պատճառը լինել:

Հատկապես որ, ինչպես կտեսնենք գրքի Երրորդ մասում, այս «առանց պատճառ» առաջին պատճառը պետք է ամենակատարյալը լինի, ապա թե ո՛չ՝ իր անկատարությամբ կախյալ պետք է լիներ մեկ ուրիշ պատճառից և այլևս չպիտի լիներ առաջին ինքնաբավ պատճառը:

Բայց այն էակը, որն ամենակատարյալն է, որ բոլոր կատարելություններն ունի անհուն կերպով, միայն մեկը կարող է լինել: Հետևաբար, առաջին «առանց պատճառ» պատճառը մեկն է:

 

2) Բնության մեջ գտնվող կախյալ պատճառներն իրար պատճառ են և կարիքը չունեն առաջին պատճառի: Ա-ն Բ-ի պատճառն է, Բ-ն՝ Գ-ի, իսկ Գ-ն էլ՝ Ա-ի. այնպես որ, առաջին, երկրորդ չկա արանքում: Օրինակ՝ ջուրը ամպի պատճառն է, ամպը՝ ջրի:

Պատասխան. – Ամպն ինքն իրեն չի կարող ջրի կաթիլների վերածվել, եթե սառը հոսանքի չհանդիպի: Ջուրը չի կարող երբեք ամպ դառնալ, եթե չլինի արևի ջերմությունը: Արևի ջերմությունը չի կարող ազդել ջրի վրա, եթե օդ չլինի: Մյուս կողմից՝ արևը, ջերմություն տալով, ինչ-որ բան կորցնում է ինքն իրենից, այնպես որ մի օր, իր ջերմությունը սպառելով, շատ աստղերի նման պիտի սառչի: Արևի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրից մեկ վայրկյանում սպառված ջերմուժի (calorie) թիվը 7.325 է՝ վրան 21 զրո ավելացրած:

Եվ ուրեմն, եթե մի օր արևի ջերմությունը պիտի սպառվի, նշանակում է, ինքն իրենից չունի այդ ջերմությունը, այլ՝ ուրիշից է այն ստացել:

Եվ հիրավի, ինչպես արդեն տեսանք, գիտությունը հավանական է համարում այն վարկածը, համաձայն որի՝ նախնական միգամածությունը, արևը ներառյալ, կազմված էր բազմամիլիարդ ատոմներից, որոնք իրարից հեռու էին գտնվում և կատարյալ անշարժության էին մատնված: Ողջ նախնական քաոսը վերին աստիճանի սառն էր, քանի որ ջերմությունը շարժման արդյունք է: Հետո այդ անշարժ ատոմները սկսեցին շարժվել ու խտանալ, և խտանալով՝ տաքանալ: Արևը մինչև օրս խտանալու պրոցեսի մեջ է և դրա համար էլ տակավին հրաշեկ է:

Թ. Մորիյոն հարցնում է.

«Արևը որտեղի՞ց է վերցրել իր ջերմությունը։
– Ամեն օր ֆիզիկապես ու քիմիապես խտանալով:
– Ինչու՞ է խտանում։ [...]
Ներկա գիտության բոլոր հետևությունները հանգում են այս երկու կետերին. 1) (սկզբնական միգամածության մեջ) ատոմների ահավոր հեռավորությունը, և 2) սկզբնական շարժման բացակայությունը։ [...] Հետո, հանկարծակի, բոլոր ատոմները շարժվում են։ [...] Անհրաժեշտ է ընդունել մի պատճառ, որն ատոմներն անշարժ վիճակից բերեց շարժման վիճակի»[1]:

Ինչպես տեսանք, այդ առաջին շարժողը Աստված է, Ով, նախնական անշարժ ատոմները շարժելով, պատճառ է նաև, որ արևի ատոմները խտանալով ջերմություն տան երկրին:

Ահա՛ այսպես, բնության մեջ ամեն պատճառ, որևէ արդյունք ստանալու համար, անհրաժեշտորեն կարիքն ունի ուրիշի օգնության: Բնության մեջ գտնվող պատճառների այս կարիքավորությունը բացատրելու համար պետք է ընդունենք մի պատճառ, որը ոչ մի կարիք չի ունենա, այլ՝ հարստության անսպառ գանձարան կլինի, որից մյուս բոլոր կարիքավոր պատճառները կկարողանան լրացնել իրենց կարիքը:

Առանց այս անսահման հարստության, բոլոր պատճառներն էլ անխուսափելիոեն պիտի մնային կարիքավոր և անկարող՝ ինչ-որ բան ստեղծելու:

[1] TH. MOREUX, D'où venons - nous, Paris 1910, p. 57-60.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։