4) Առարկություններ – Գրադարան – Mashtoz.org

4) Առարկություններ

ԱՍՏՎԱԾ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 
Առաջին առարկություն
 
Մարդը երկրի վրա միակ ազատ էակն է: Ազատությունը մարդու մեծագույն կատարելություններից մեկն է:

Եվ ուրեմն, եթե յուրաքանչյուր էակ առանց Աստծո ուժի անկարող է շարժվել կամ որևէ գործ կատարել, այդ դեպքում մարդն էլ ազատ կամքով չի կարող որևէ բան ուզենալ կամ փափագել առանց Աստծո օժանդակության: Նախ հարկավոր է Աստծո ուժը, հետո՝ կամքի ուզենալը:

Ուրեմն մարդը որևէ բան ուզենալու մեջ կախում ունի Աստծուց:

Առանց Աստծո կանխահաս ուժի կամքը ո՛չ կարող է շարժվել, ո՛չ էլ՝ այս կամ այն բանն ուզենալ: Բայց այս դեպքում ո՞ւր մնաց մարդու ազատությունը:

 
Պատասխան. – Ընդունում ենք, որ. 1) առանց Աստծո ոչ մի շարժում, ոչ մի փոփոխություն չի կարող տեղի ունենալ. 2) մյուս կողմից ընդունում ենք նաև, որ մարդն ազատությամբ օժտված էակ է:

Ահա՛ երկու բացահայտ ճշմարտություն, որոնք կարծես թե անհաշտելի են իրար հետ:

Աստծո բացարձակ գերիշխանությունը և մարդկային ազատ գործունեությունը իրարամերժ, իրար հակասող ճշմարտություններ են թվում:

Եղան փիլիսոփաներ, ովքեր Աստծո գերիշխանությունը փրկելու համար ժխտեցին մարդկային ազատությունը: Իսկ ուրիշներն էլ՝ մարդու ազատությունը փրկելու համար, ժխտեցին Աստծո գերիշխանությունը:

Փիլիսոփաներից ոմանք կարծեցին, որ Աստված մարդու ազատ կամքը գործի է դնում անուղղակի կերպով՝ բարոյական ազդեցությամբ:

Սա սխալ կարծիք է: Անուղղակի և բարոյական որևէ ազդեցություն չի կարող փրկել Աստծո բացարձակ իշխանությունը, որ ունի մեր վրա: Մարդկային կամքի բոլոր շարժումները ֆիզիկապես կախված են Աստծուց: Բարոյական միջոցներով տրված ազդեցությունը միայն բարոյական կախվածություն է ենթադրում:

Մյուսները հույս ունեն հաշտեցնել Աստծո գերիշխանությունը և մեր ազատությունը՝ մի գծի վրա դնելով Աստծո օժանդակությունը և մարդկային կամքը: Ազատ որևէ գործ կատարելու համար՝ Աստծո օժանդակությունը և մեր կամքը զուգահեռաբար իրար հետ համագործակցում են, ինչպես երկու ձիերն են հավասարապես քաշում կառքը:

Սխալ է նաև այս մտածելակերպը, որովհետև որևէ ազատ գործ կատարելու համար նախ հարկավոր է Աստծո ուժը, հետո, այդ ուժի միջոցով, կամքի շարժումը:

Սույն բարդ խնդրին լավագույն և տրամաբանական լուծումը տվել է Սբ. Թովմա Աքուինացին: Նա ասում է. «Աստված առաջին պատճառն է, որ շարժում է թե՛ բնական և թե՛ ազատ պատճառները: Եվ ինչպես բնական պատճառները գործի դնելով՝ նրանց գործի բնականությունը չի վերացնում, այնպես էլ ազատ պատճառները գործի դնելով՝ նրանց ազատությունը չի վերացնում»[1]:

 
Երկրորդ առարկություն
 
Եթե մարդկային գործերն ամբողջովին պատկանում են թե՛ Աստծուն և թե՛ մարդուն, նշանակում է, որ մարդու մեղքերն էլ հավասարապես պատկանում են Աստծուն:
 
Պատասխան. – Յուրաքանչյուր մեղքի մեջ տարբերակելու երկու բան կա: Նախ, մեղքը՝ որպես ֆիզիկական գործ, օրինակ՝ նյութապես սուրը մարդու սրտի մեջ մխելը, և երկրորդ՝ այն բարոյական շեղումը, կարգուկանոնի պակասը, որով մարդ սպանելը մեղք է հանդիսանում իրապես:

Սրով մարդ սպանելը ամեն անգամ մեղք չէ: Դահիճները կամ պատերազմի ժամանակ զինվորները, մարդ սպանելով, մեղք չեն գործում, այլ՝ կատարում են իրենց պարտականությունը:

Մեղքը կայանում է օրենքի համաձայն չգործելու մեջ: Անձը մեղանչում է՝ օրենքի մեջ թերանալով: Այսպիսով, բուն մեղքը ժխտական բան է, և ո՛չ թե՝ դրական և գոյացական:

Եվ ուրեմն, ինչը որ մեղքի մեջ դրական է ու գոյացական, պատկանում է նաև Աստծուն: Իսկ ինչը որ ժխտական է, այսինքն՝ օրենքում թերանալը, Աստծուն չի կարող պատկանել, քանի որ դրական, գոյացական մի բան չէ: Այսպիսով, ինչ ժխտական անկատարություն կա մեղքի մեջ, արդյունք է միմիայն մարդկային ազատ կամքի, որն օրենքի համաձայն չի գործել: Օրինակ՝ անմեղ մարդու սպանության պարագայում ինչ դրական բան կա այդ գործողության մեջ պատկանում է նաև Աստծուն, իսկ բուն մեղքը, որը օրենքի մեջ թերանալն է, պատկանում է միմիայն մարդկային ազատությանը:

 
Ի՞ՆՉ Է «ԴԻՊՎԱԾԸ» ԿԱՄ «ԲԱԽՏԸ»
 
Դիպվածը կամ բախտը, որ կարող է բարի կամ չար լինել, հաստատուն օրենքի, միակերպության ժխտումն է:

Դիպվածը կամ բախտը կույր է համարվում, որովհետև որևէ օրենքի չի ենթարկվում և հնարավոր չէ այն որոշակիորեն նախատեսել: Օրինակ՝ կարող է պատահել, որ որևէ մեկը փողոցում երկու օր իրար ետևից փող գտնի, կամ տարիներով որևէ բան չգտնի: Նմանապես կարող է պատահել, որ ինչ-որ բախտավորի երկու վիճակահանության տոմսերն իրար ետևից շահեն, իսկ մեկ ուրիշի հարյուրավոր տոմսերը մնան ապարդյուն:

Բնության մեջ բազմաթիվ պատահական դեպքեր են տեղի ունենում: Բայց քանի որ ամեն ինչ Աստծո կողմից կառավարվում է, քանի որ ամեն ինչ կարգուկանոն ունի, կարծես թե երկրի վրա դիպվածի գոյության կարիքը չպետք է լիներ:

Անմիջապես պատասխանենք, որ Աստծո համար դիպված գոյություն չունի: Նա Իր ամենատես աչքով տեղյակ է ներկա և ապագա բոլոր դեպքերին: Ոչինչ խույս չի տալիս Իր իշխանությունից, ամեն ինչ Նրա գիտությամբ և արտոնությամբ է տեղի ունենում:

Դիպվածը գոյություն ունի միայն սահմանափակ կարողությամբ օժտված էակների համար, ինչպիսիք են մարդիկ և անասունները: Նրանք, իրենց չափավոր գիտելիքներով, չկարողանալով ընդգրկել ամեն բան, շատ դեպքեր բաց են թողնում իրենց ուշադրությունից և հայտնվում են անակնկալների առաջ, որոնց դիպված կամ բախտ անունն են տալիս:

Ուրեմն, դիպվածն արդյունքն է մեր տգիտության և անկարողության: Ամենագետ և ամենակարող Աստծո համար դիպված գոյություն չունի:

Իսկ թե ինչո՞ւ է մեկը բախտավոր, իսկ մեկ ուրիշը՝ դժբախտ, դրա պատճառը պետք է փնտրել Աստծո անիմանալի որոշումների ու նպատակների մեջ:

[1] S. THOMAS, Summa Theologica, I. q. 83, a 1. ad 3.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։