4) Հավելված. – ԱՍՏՎԱԾ՝ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎՈՐ – Գրադարան – Mashtoz.org

4) Հավելված. – ԱՍՏՎԱԾ՝ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎՈՐ

Միայն Աստված է կարող լինել այն արդար դատավորը, որ պատժում է բարոյական զանցառուներին և վարձատրում է հավատարիմներին:

Օրենքը չի կարող իր նպատակին հասնել, եթե հարկավոր ուժը չունի ինքն իրեն պարտադիր դարձնելու: Այդ ազդեցիկ ուժը պատիժն է ու վարձատրությունը, որ ամեն օրենսդիր կցում է իր սահմանած օրենքին:

Առանց պատժի՝ օրենքը դադարում է օրենք լինելուց, որովհետև այդ պարագայում օրենքին հնազանդվողները և այն ոտնակոխ անող հանցավորները միևնույն վախճանը պետք է ունենային:

Ինչպես որ զինվորը, որքան էլ որ խելացի լինի, առանց զենքի՝ զինվոր չէ, այնպես էլ օրենքը, առանց պատժի, որքան էլ որ գեղեցիկ նպատակ ունենա, օրենք չէ: Առանց զենքի զինվորը չի կարողանա հայրենիքը պաշտպանել, ինչը զինվորի գլխավոր նպատակն է, այդպես էլ՝ առանց պատժի օրենքը չի կարողանա ինքն իրեն պարտադրել և ծառայել այն նպատակին, որի համար գրված է:

Բարոյական օրենքն էլ ինքն իրեն պարտադրելու և իր նպատակին ծառայելու համար կարիքն ունի պատժի և վարձատրության: Սա բնականոն ու տրամաբանական իրողություն է։

Եվ ուրեմն, ո՞վ կարող է լինել այն արդար դատավորը, ով ի զորու կլինի պատժել օրենքի զանցառուներին և վարձատրել հավատարիմներին:

Ո՛չ մարդիկ, ո՛չ էլ պետությունները չեն կարող լինել այդ արդար դատավորը, որովհետև.

1) Մարդիկ և պետություններն անկարող են միշտ տեղյակ լինել բնական օրենքի դեմ գործված հանցանքներին: Քանի՜ քանի՜ մեղքեր են գործվում մթության և առանձնության գրկում, և որ վրիպում են մարդկային աչքից:

2) Իսկ նկատված հանցանքներից ու հերոսություններից քանի՞սն է արդյոք արդարացիորեն պատժված կամ վարձատրված:

Մարդկային արդարության կշեռքը խաթարված է ու անկատար: Պատմությունը ցույց է տվել, թե քանի՜ անմեղներ են բարձրացել չարագործների կախաղան և քանի՜ չարագործ է պսակվել արդարների դափնով: Բանտերում չարագործների հետ կան նաև անմեղներ, մինչդեռ բուն չարագործները համարձակ ապրում են բանտերից դուրս:

Հիշե՞նք 1915-ի աշխարհասասան պատերազմը, երբ Թուրքիայում իրականացվեց ոճիրներից ամենասևը, ուր մի ամբողջ անմեղ ժողովուրդ մորթվեց գերճիվաղային վայրագություններով, և եղեռնագործ դահիճները մնացին անպատիժ:

Քանի՜ բարեգործ ձեռքեր են խորտակվել անիրավացիորեն, և քանի՜ մահասփյուռ ձեռք է համբուրվել հարգանքով: Որքա՜ն փառքի շքանշաններ են շնորհվել նրանց, ում կրծքի տակ վատթար սիրտ է բաբախում, և որքա՜ն վեհ սրտեր են խոցվել մահաբեր փամփուշտներով:

Եվ ի՞նչ ասել այնքան կաշառակեր դատավորներին ու թագավորներին: Քանի՜ կայսր է գանգերի վրա բարձրացրել իր գահը, ու քանի՜ բռնապետ է միլիոնավոր անմեղների արյունով ներկել իր ծիրանին: Փոխանակ իրենց արժանի պատիժը կրելու, նրանք հուշարձանների արժանացան, բանաստեղծների ու երաժիշտների երգերով փառաբանվեցին և հանդգնեցին պաշտվել իբրև աստված:

Բայց «աշխարհի աստվածությունների ճակատին փշե պսակ պետք է կապվի»[1]: Ո՞վ պետք է կարողանա այդ փշե պսակը կապել նրանց ճակատին. մարդի՞կ, թե՞ Աստված:

3) Մարդիկ, եթե նույնիսկ արդար դատաստան անելու լինեն, անկարող են հարկ եղած պատիժը կամ վարձատրությունը տալ շատերին:

Օրինակ, ի՞նչ պատիժ սահմանել այն ոճրագործին, որ տասը մարդու արյուն է խմել, և ոճրագործին, որ մեկ մարդու գլուխ է կտրել: Սովորաբար երկուսն էլ նույն պատժով են դատապարտվում:

«Մեռելներ կան», ասում է Սիամանթոն, «որ պետք է մեկ անգամ ևս մեռցվեն»[2]: Ո՞վ կկարողանա կրկին մեռցնել այդ դավաճաններին, եթե ո՛չ՝ Աստված:

Ապա ինչպե՞ս վարձատրել այն անձնազոհ մարդուն, ով իր ընկերոջ կյանքն ազատելու համար իր արյունն է թափում: Գերեզմանի վրա դրված ծաղկեփնջերն ու շռայլ գովեստները բավարար վարձատրություն չեն հայրենիքի համար մեռնող զինվորին:

4) Մարդկային արդարությունից զատ, կա նաև բնության վրեժխնդրությունը:

Բնության օրենքների դեմ գործված ամեն մեղք պատժվում է բնության կողմից: Որկրամոլը, անբարոյականության գարշությունների մեջ խրված վավաշոտը, ինչպես նաև օրենքի ամեն բռնաբարում, ունի իր պատիժը: Բավական է այցելել որևէ հիվանդանոց՝ համոզվելու համար, թե որքա՜ն ահավոր է բնության վրեժխնդրությունը:

Սակայն, մարդկային ազատ գործերից շատերը զերծ են ֆիզիկական այս պատիժներից. օրինակ՝ մարդասպանությունը, գողությունը, զրպարտությունը, և այլն:

Ճիշտ է, որ սրանց համար էլ բնությունը խղճի ահավոր խայթ է սահմանել. սակայն խղճի խայթն էլ բավարար արդար պատիժ չէ ամեն հանցանքի համար: Շատերի մոտ մեղքերի կրկնումով հաջողվում է, եթե ո՛չ բոլորովին ջնջել խղճի խայթը, ապա գոնե նվազեցնել դրա պատճառած խռովքն ու տառապանքը: Գիտենք, թե թուրքերն ինչպես էին սրտի ամենամեծ հանդարտությամբ խողխողում դեռափթիթ մանուկներին, դյուրազգաց կանանց: Պատերազմի օրերին օդաչուները հաճույքով ռմբակոծեցին անմեղ ժողովրդով եռուն քաղաքները, գյուղերը, հիվանդանոցներն ու բարեգործական հաստատությունները:

Եվ ուրեմն, եթե երկրի վրա չկա բավարար արդարություն, այն հարկավոր է փնտրել հանդերձյալ կյանքում, ուր ամենաարդար մի Դատավոր պիտի վարձատրի ամենից չնչին բարեգործություններից մինչև ամենից մեծ հերոսությունների համար. Դատավոր, որ պիտի պսակի մաքրափայլ ճակատները և խարանի չարագործներին:

Այսպիսի ամենակատարյալ և արդարակորով Դատավոր կարող է լինել միայն Աստված, Ով Իր անհուն իմաստությամբ կարող է ճանաչել ամեն գործ, կշռել դրանք ամենամեծ ճշտությամբ և վարձատրել լիովին Իր ամենակարողությամբ:

Այս ամենագետ և ամենակարող Դատավորին մենք կոչում ենք Աստված, Ով ո՛չ խաբում է և ո՛չ էլ խաբվում, այլ՝ կարող է չափել ամեն խորություն և ամեն բարձրություն, Ով ներկա է ամեն տեղ, Ով լսում է մեր սրտի յուրաքանչյուր թաքուն լարի թրթիռ և տեսնում է մեր մտքի ցանկացած աղոտ շողարձակում:

Միայն Աստված է անխարդախ և անկաշառ, ամենաարդար և ամենասուրբ, Ում դատաստաններում չկա տկարության ոչ մի ստվեր և կողմնապահության ոչ մի ծանրություն:

Ինքն է միակ պաշտպանը և լույսը բազմամիլիոն անմեղ կեղեքվածների, գերագույն վարձատրությունը զրկված և անիրավված բոլոր առաքինի հոգիների: Ինքն է արդար և ահավոր վրեժխնդիրը բոլոր անպատիժ մնացած և փառաբանված անարդարությունների:

[1] Ռ. ՈՐԲԵՐԵԱՆ, Ովասիս, Փարիզ 1920, էջ 43.
[2] ՍԻԱՄԱՆԹՕ, Հայորդիները, Երկրորդ շարք, Փարիզ 1908, էջ 43.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։