4) Հավելված. – ԿՅԱՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ – Գրադարան – Mashtoz.org

4) Հավելված. – ԿՅԱՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ

Կյանքը մի «կատարելություն» է, որի ծագումն առանց Աստծո՝ անըմբռնելի առեղծված է գիտության համար:

Մատերիալիզմի հերքման ժամանակ տեսանք, որ անանցանելի անդունդ կա նյութի և կյանքի միջև: Նյութն իր բոլոր հայտնի և անհայտ ուժերով անկարող է երբևէ կյանքի ամենանվազ նշույլն անգամ ստեղծել: Ողջմտությունն ու գիտությունը ապացուցել են այս ճշմարտությունը:

Եվ ահա՛, հարցնում ենք. – Որտեղի՞ց է հայտնվել կյանքը երկրի վրա:

Բոլոր երկրաբանները համաձայն են այն բանի հետ, որ իր նախնական շրջանում երկիրը կրակային, շիկացած վիճակում էր: Սաստիկ ջերմության պատճառով կյանքը բացակայում էր երկրի վրա: Կյանքի ոչ մի սերմ չկար և չէր կարող գոյություն ունենալ մեր երկրի հրաբորբոք գնդի վրա:

Սակայն, դարերի ընթացքում երկիրը սառչում է, կարծրանում, և ահա՛ մի օր «կյանքը» և կենդանի էակները ժպտում են երկնքի կապույտի ներքո:

 
1) ԿՅԱՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ ՀՈՂԻՑ

Որտեղի՞ց է առաջացել կյանքը:

Մատերիալիստները պատասխանում են, որ կյանքն առաջացել է հողից:

Բայց հողն անկենդան նյութ է: Անկարելի է անկենդան էակից կենդանու ծագումը: Չէ՞ որ մեծն Պաստյորը գերհամոզիչ փաստերով ցույց տվեց, որ «Կենդանի էակը միմիայն կենդանի էակից կարող է առաջանալ»: Ինքնածնունդը (generation spontanée) գոյություն չի կարող ունենալ երկրի վրա:

 
2) ԿՅԱՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ ՄԻԿՐՈԲԱԿՏԵՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Վերջերս մի քանի գիտնականներ, օրինակ՝ Բորդեն, Չիուքան, Քյութները և ուրիշներ, նորից արծարծեցին կյանքի ծագման խնդիրը:

Նրանք, ընդունելով հանդերձ Պաստյորի ապացուցած ճշմարտությունը, փորձեցին սակայն ցույց տալ, որ ինքնածնունդը գոյություն ունի միկրոբակտերիաների աշխարհում: Թեև կենդանի մանրէն չի կարող նյութից, ինքն իրեն առաջանալ, սակայն միկրոբակտերիան կարող է նյութից ինքնաբերաբար ծնվել:

Միկրոբակտերիաները մանրէներից շատ ավելի փոքր էակներ են և անտեսանելի են սովորական մանրադիտակով:

Շնորհիվ ուլտրամանուշակագույն ճառագայթների, ինչպես նաև՝ էլեկտրական մանրադիտակների, հնարավոր է դարձել ավելի քան քառասուն հազար անգամ մեծացնել միկրոբակտերիաները, որոնք անկյունավոր ձև ունեն և ո՛չ թե կլոր:

Գիտությունը դեռևս ստույգ և վերջնական կարծիք չունի միկրոբակտերիաների կենդանի կամ անկենդան էակ լինելու մասին:

Միանգամայն ստույգ է, սակայն, այն, որ միկրոբակտերիաները, եթե նույնիսկ կենդանի էակներ լինեն, առաջնային կյանք ունեցող էակներ չեն, քանի որ մակաբույծներ են, այսինքն՝ իրենցից առաջ գոյություն ունեցող կենդանի էակների կարիքն ունեն, որպեսզի դրանցով կարողանան աճել և բազմանալ:

Եվ ուրեմն, իտալացի գիտնական Ռոնդոնիի հետ միասին հանգում ենք այն եզրակացության, որ «Այս նոր գյուտերը (միկրոբակտերիաների) ոչինչ չեն ասում կյանքի ծագման մասին, ոչինչ չեն ասում ի նպաստ ինքնածնունդի ուսմունքի, որը պարտվեց Սպալլանցանիի ու Պաստյորի հանճարեղ ուսումնասիրություններին, այլ՝ միշտ հաստատուն է մնում հետևյալ սկզբունքը. ''Յուրաքանչյուր կենդանի կենդանուց է ծնվում''»[1]:

 
3) ԿՅԱՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐՈՒՄ

Գիտնական Հաքսլին օվկիանոսի 5.000-8.000 մետր խորություններից մի նյութ դուրս հանեց և այն հռչակեց «նյութից դեպի կյանք» տանող կամուրջ:

Օվկիանոսի հատակից հանված այդ էակը թե՛ նյութի և թե՛ կյանքի նշաններ էր ցույց տալիս: Հաքսլիին թվաց, թե վերջապես լուծել է կյանքի ծագման առեղծվածը. ահա՛, ըստ նրա, առաջին կենդանի էակը, որն աշխարհ է եկել ինքնածնունդով:

Սակայն, այդ գյուտի կյանքը կարճատև եղավ: Գիտնականների լուրջ ուսումնասիրությունների արդյունքում հայտնի դարձավ, որ այդ առաջին ինքնածնունդ համարված էակը կյանքի ոչ մի նշան չունի, այլ՝ պարզապես մի անկենդան և անօրգանական մարմին է:

Նմանապես, Սթեֆան Լը Դյուքը ֆրանսիական ակադեմիային ներկայացրեց նյութի մի տեսակ, որը բուսական կյանքի նշաններ էր ցույց տալիս: Հետազոտություններից պարզ դարձավ, որ այն անօրգանական մի էակ է, որ բուսական ոչ մի հատկություն չունի, և իրենից առաջ՝ 1865 թվականին այն արդեն հայտնաբերվել էր գիտնական Թրոբի կողմից:

Հեկքելը ևս կարծեց, թե գտել է առաջին ինքնածնունդ կենդանուն: Սակայն գիտնականները ցույց տվեցին, որ այդ առաջին համարված կենդանին ուրիշ կենդանի էակից էր սերում:

 
4) ԿՅԱՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ ԱՍՏՂԵՐԻ ՄԵՋ

Ուրիշ, որոշ առումով ավելի ողջամիտ գիտնականներ, տեսնելով, որ երկրի վրա անկարելի է կյանքի աղբյուրը գտնել, կամեցան կյանքը երկնքից իջեցնել երկիր:

Բյուխները, Հելմհոլցը և ուրիշներ գտնում էին, թե կյանքը երկիր է իջել աստղերից՝ տիեզերական էակների միջոցով: Գոհնի համաձայն, կյանքն աստղերից երկիր փոխադրող օդանավը տիեզերական փոշին էր: Շվեդ բնագետ Առենիոսը կարծում էր, թե լույսի շողերն են հեռավոր աստղերից կյանքի առաջին սերմերը բերել դեպի երկիր:

Սակայն, այդքան էլ դյուրին բան չէ կյանքի փոխադրումը աստղերից դեպի երկիր:

Աստղագիտությունն ապացուցել է, որ տիեզերքում կան ավելի հզոր ճառագայթներ, քան Q ճառագայթները: Ֆրանսիացի կենսաբան Ժան Ռոստանը նկատում է, որ տիեզերքը ողողված է «այնպիսի երկար ալիքների ճառագայթումներով, որոնք անխուսափելիորեն կարող են ոչնչացնել յուրաքանչյուր օրգանական մարմին»[2]:

Ուրեմն, եթե նույնիսկ հնարավոր լիներ կյանքի փոխադրումը աստղերից դեպի Երկիր, միևնույնն է, ճամփորդության երկարության և դժվարությունների հետևանքով կյանքի «դիակը» միայն պիտի հասներ այստեղ:

Մի պահ ընդունենք, թե կյանքն իսկապես աստղերից է հասել մեզ: Դրանով, սակայն, մենք ուրիշ ոչինչ չենք անում, քան կյանքի ծագման առեղծվածն աստղերի մեջ փոխադրելը: Դարձյալ անպատասխան է մնում նույն հարցը. «Կյանքը որտեղի՞ց է հայտնվել աստղերի վրա»:

Լուրջ գիտնականների համաձայն՝ աստղերն էլ, մեր երկրագնդի նման, իրենց նախնական շրջանում հրաշեկ վիճակում են եղել, ինչը նշանակում է, որ աստղերի վրա էլ անկարելի էր կյանքի գոյությունը:

Անգլիացի բնագետ Թոմսընը (կամ՝ լորդ Քելվին) նախ այն կարծիքին էր, թե կյանքը աստղերից է իջել երկիր, բայց հետո, տեսնելով այդ կարծիքի անհեթեթ լինելը, հրաժարվեց դրանից և հայտարարեց. «Կյանքի ծագման առումով չեմ կարող ընդունել, թե գիտությունը ո՛չ հաստատում, ո՛չ էլ ժխտում է արարիչ Զորության գոյությունը: [Ընդհակառակը], գիտությունը վճռականորեն հաստատում է արարիչ Զորության գոյությունը»[3]:

Մենք այս Զորությունն անվանում ենք Աստված, որ ամենակարող լինելով՝ կարող է կյանք ստեղծել ոչնչից: Առանց Աստծո, կյանքի ծագումը գիտության համար մնում է որպես մառախլապատ առեղծված:

[1] P. RONDONI, Ai confini del mondo vivente. Le virus-proteine, Nuova Antologia, 1944, p. 10-11.
[2] ROSTAND, Hérédité et Racisme, Paris (Gallimard) 1939, p. 111.
[3] Տե՛ս C.L. KNELLER, Il cristianesimo ed i naturalisti moderni, Brescia 1904, p. 44-45.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։