4) Մահվան նախախնամական դերը երկրի վրա – Գրադարան – Mashtoz.org

4) Մահվան նախախնամական դերը երկրի վրա

«Ե՛ս եմ, ե՛ս եմ, ես քեզ եղբա՛յր, քեզ քոյր.
Ե՛ս տիեզերքին հսկայ աչքը կո՛յր,
Ես սկիզբ եւ վերջ, երասխ ու արգանդ,
Ես վի՜հ անյատակ ու ծոց արգաւանդ»[1]:

Ռուբեն Սևակ

 
Մահը, որը Ռ. Սևակն այս սարսափազդու տողերով է նկարագրում, գիտության և տրամաբանության ակնոցներով դիտելիս դառնում է երկրի վրա կյանքերի գոյատևման համար անհրաժեշտ մի բան:

«Մեկի մահը ուրիշի կյանքն է». ահա՛ սա է բնության անսասան օրենքը:

Մահը կարապետն է բոլոր սերունդների. մինչ մի կողմում այն կյանքեր է հնձում անխնա, մյուս կողմում, սակայն, այն տեղ է բացում ապագա կյանքերի համար:

Առանց մահվան, մի քանի տասնյակ տարում այնքա՜ն մեծ պիտի լիներ բուսական, զգայական կյանքերի աճը, որ երկիրը շատ փոքր պետք է լիներ այդ բոլոր կյանքերի համար՝ որպես բնակարան և սննդի հայթայթիչ: Օրինակ, եթե յոթ տարվա ընթացքում ոչ մի միջատ չսատկեր, ապա, ըստ գիտնականների հաշվարկի, մարդկությունը յոթ տարի հետո կջնջվեր երկրի երեսից: Բարեբախտաբար, թռչուններն այնպիսի ջարդ են տալիս միջատներին և նրանց անհամար թրթուռներին, որ մարդկությանն ազատում են անխուսափելի ոչնչացումից:

Մեկ այլ օրինակ: Վայրի կաքավի զույգը տարին յոթը զույգ ձագ է բերում: Տասը տարվա ընթացքում, եթե մահ չլինի, կաքավների այս զույգի սերունդը մեկ միլիարդը պիտի անցներ: Այսպիսով, կարճ ժամանակ անց երկրի մակերեսը պիտի ողողվեր միայն այս կաքավներով, և, անհրաժեշտ սննդի անբավարարության պատճառով, ամեն կենդանի էակ պիտի դատապարտվեր վերջնական անհետացման:

Գալով բույսերին, գիտե՞ք, որ կակաչի միայն մի տունկը տարեկան 32.000 սերմ է տալիս, իսկ ծխախոտինը՝ 360.000: Եթե բույսերը չթորշոմեին, միմիայն կակաչը կարճ ժամանակվա մեջ բոլոր դաշտերը պիտի գրավեր ու տեղ չպիտի մնար մյուս բույսերին:

Ուրեմն, մահը մի չարիք է, որն Աստված ընդունում է մեծագույն բարիքի համար:

Տիեզերքի բոլոր էակները, բացի մարդուց, անձնական և իսկական արժեք չունեն, այլ՝ մասնիկներ են, որոնք զոհվում են ընդհանուրի համար: Ընդհանուրի բարիքը նախընտրելի է մասնիկների բարիքից:

Այսպիսով, դարձյալ նախախնամության բարերար ձեռքն է, որ երևան է գալիս մահվան սոսկալի տեսիլի միջից:

[1] Ռ. ՍԵՒԱԿ, Կարմիր գիրքը, Կ. Պոլիս, 1910, էջ 71.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։