4) Մի առարկություն – Գրադարան – Mashtoz.org

4) Մի առարկություն

Ոմանք առարկում են, թե շարժումը հավիտենական է, անսկիզբ և անվախճան. հետևաբար միշտ կար և առաջին շարժող չունի:

Այս առարկության պատասխանը պարզ է: Նախ բնավ ապացուցված չէ, որ շարժումն անսկիզբ է. հատկապես որ գիտության տվյալների համաձայն՝ շարժումը չի կարող հավիտենական լինել: Գիտության տվյալների համաձայն՝ ողջ տիեզերքը սկիզբ ունի, սկիզբ է առել մի տվյալ պահի (մոտ 13,8 միլիարդ տարի առաջ) և հավիտենական չէ։ Այս առարկությունը սոսկ մտացածին է ու քմահաճ, առանց որևէ գիտական, թեկուզ նվազագույն հիմնավորման։

Սակայն մի պահ ենթադրենք, որ շարժումը անսկիզբ է: Հետևանքն այն է, որ շարժումն ի հավիտենից կախում ունի առաջին շարժող էակից:

Պետք չէ շփոթել ինչ-որ բանի սկիզբ ունենալը նրա պատճառի հետ: Օրինակի համար՝ ենթադրենք, թե Եփրատ գետն անսկիզբ է: Այստեղից չի հետևում, որ Եփրատն ակունք չունի: Հավիտենական լինի Եփրատը, թե ժամանակավոր, այն միշտ ակունք ունի, որտեղից բխում է: Եթե վարդը միշտ գոյություն ունենար, միշտ գոյություն պիտի ունենար նաև վարդենին, որ վարդի պատճառն է: Նմանապես, եթե շարժումը միշտ գոյություն ունենար, ինչ-որ առաջին շարժող էլ պիտի գոյություն ունենար և պատճառ լիներ շարժման: Շարժումը – սկիզբ ունենա, թե ո՛չ – միշտ կախումնավոր է առաջին շարժողից, ճիշտ այնպես, ինչպես ժամացույցը, ժամանակավոր լինի թե հավիտենական, աշխատելու և շարժվելու համար միշտ կարոտ է լարող ձեռքի:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։