4) Տիեզերքի ստեղծումը ի հավիտենի՞ց է, թե՞ ժամանակի մեջ – Գրադարան – Mashtoz.org

4) Տիեզերքի ստեղծումը ի հավիտենի՞ց է, թե՞ ժամանակի մեջ

Արիստոտելը և որոշ արաբ փիլիսոփաներ պաշտպանում են այն տեսակետը, որ տիեզերքն Աստծո կողմից ստեղծվել է ի հավիտենից (հավիտենության մեջ):

Ահա՛ իրենց ապացույցը: Աստծո մեջ ոչ մի փոփոխություն չի կարող գոյություն ունենալ: Ժամանակի մեջ եղած որևէ արարչագործություն փոփոխություն է ենթադրում Աստծո մեջ: Այսպիսով, Աստված ի հավիտենից է ստեղծել տիեզերքը:

Պատասխան: Ընդունում ենք, որ Աստծո մեջ փոփոխություն չի կարող գոյություն ունենալ:

Սակայն Աստված, տիեզերքը ժամանակի մեջ ստեղծելով, ոչ մի փոփոխություն չի կրում: Ստեղծագործության մեջ բոլոր փոփոխությունները ստեղծվող տիեզերքի մեջ են կատարվում, այլ ո՛չ թե՝ Ստեղծող Աստծո:

Այո՛, պետք է, որ Աստված ի հավիտենից կամենար տիեզերքի՝ ժամանակի մեջ ստեղծվելը: Սակայն սրանից չի հետևում, որ Աստված ի հավիտենից է ստեղծել տիեզերքը:

Ահա՛ մի օրինակ, որը թեև անկատար է, սակայն թույլ է տալիս որոշակիորեն պատկերացում կազմել մեր ասածների մասին: Թագավորն իր իշխանության առաջին վայրկյանին որոշում է քաղաք հիմնել: Այստեղից չի հետևում, որ առաջին վայրկյանին քաղաքը կառուցվում է: Մյուս կողմից, սակայն, երբ չորս-հինգ տարի հետո իրականացնում է իր որոշած քաղաքի կառուցումը, սրանով թագավորի ծրագիրն ու որոշումը ոչ մի փոփոխություն չեն կրում:

Հետևաբար, չենք կարող ասել, թե տիեզերքն անպայման ի հավիտենից է ստեղծվել: Տիեզերքի էակները, լինելով պատահական էակներ, կարող են լինել ու չլինել, կարող են ի հավիտենից ստեղծված լինել, կարող են ժամանակի մեջ սկսած լինել իրենց գոյութունը:

Չմոռանանք նաև, որ ժամանակ հասկացողությունը, տարածություն հասկացողության հետ միասին, սկսվում է հենց արարչագործությամբ։ Արարչագործության առաջին պահը դա հենց ժամանակի սկիզբն է, ուստի նյութական արարչագործության հաջորդական բոլոր քայլերը կատարվում են ժամանակի ու տարածության ներսում։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։