5) Մի առարկություն – Գրադարան – Mashtoz.org

5) Մի առարկություն

Գլխավոր զենքը, որից կառչած են պանթեիստները ինքնապաշտպանության համար, հետևյալ առարկությունն է:

Աստված անհուն է և ամենակատարյալ, որի կատարելությունը ո՛չ ավելանում է, ո՛չ էլ պակասում:

Եվ ուրեմն, եթե տիեզերքը Աստծուց անջատ և տարբեր իրականություն է, այդ ժամանակ Աստված դադարում է լինել անհուն և ամենակատարյալ էակ, որովհետև Աստված չի ունենում տիեզերքի կատարելությունները: Աստծո և տիեզերքի կատարելությունները միասին ավելի շատ են, քան միայն Աստծո կատարելությունները:

Այսպիսով, կա՛մ պետք է ժխտել Աստծո գոյությունը, կա՛մ ժխտել տիեզերքի գոյությունը, կա՛մ էլ ընդունել, որ Աստված և տիեզերքը միևնույն և միակ իրականությունն են:

 
Պատասխան. – Աստծո՝ ամենակատարյալ լինելը ապացուցելիս տեսանք, որ Աստծո մեջ կան արդեն տիեզերքում գտնվող բոլոր կատարելությունները:

Աստված, որպես յուրաքանչյուր էակի առաջին պատճառ, պետք է ունենա այդ էակների բոլոր կատարելությունները՝ գերազանց և անհուն աստիճանով:

Տիեզերքի էակների կատարելությունները ուրիշ չեն, եթե ո՛չ՝ մասնակցություն աստվածային կատարելություններին:

Աստծո անհուն կատարելությունները ո՛չ կավելանան տիեզերքի կատարելություններով և ո՛չ էլ կպակասեն տիեզերքի ոչնչացումով: Ճիշտ այնպես, ինչպես թագավորի իշխանությունը չի ավելանա իր նախարարների իշխանությամբ և ո՛չ էլ կնվազի նրանց իշխանության վերացումով: Նախարարների թիվը որքան էլ շատանա կամ քչանա, թագավորի իշխանությունը կմնա անփոփոխ, որովհետև բոլոր նախարարների իշխանությունները գերազանց աստիճանով արդեն գտնվում են թագավորի գերագույն իշխանության մեջ:

Գիտության մեջ ընդունված ճշմարտություն է արդեն, որ անհուն քանակի վրա նոր քանակ ավելացնելով անհուն քանակն անփոփոխ է մնում:

Նմանապես Աստծո աննյութ և անքանակ անհուն էությունը կմնա անփոփոխ, եթե նույնիսկ տիեզերքի բոլոր կատարելություններն էլ ավելացնելու լինենք Նրա վրա:

Ուրիշ օրինակներ:

Ծովանկարիչ Վարդան Մախոխյանի որևէ նկարի օրինակները որքան էլ բազմացնենք, այդ նկարի արժեքը երբեք չի փոխվի: Այդպես էլ էակների բազմությունը ոչինչ չի ավելացնի Աստծո անհուն կատարելությանը:

Նմանապես, աշակերտների գիտելիքները ոչինչ չեն ավելացնի ուսուցչի գիտելիքներին: Աստված, որ լիություն է ամեն բանի, ո՛չ կհարստանա՝ ինչ-որ բան ստանալով, ո՛չ էլ կաղքատանա՝ ինչ-որ բան ուրիշին հաղորդելով:

Հետո, երկու տարբեր դասի պատկանող կատարելությունները չի կարելի իրար գումարել: Օրինակ, որքան էլ բազմացնելու լինենք անկենդան էակների թիվն ու քանակը, նրանք երբեք չեն կարողանա բուսական կյանքի կատարելությանը հավասարվել, երբեք չեն կարողանա բուսական կյանքի արժեքը փոխել:

Նմանապես բույսերը, որքան էլ բազմանան, չեն կարողանա զգայական կյանքի կատարելությունը ավելացնել կամ պակասեցնել։

Այսպես էլ, Անհունը և սահմանափակը չի կարելի իրար գումարել, որովհետև իրարից տարբեր դասերի են պատկանում:

Հետևաբար, գոյություն ունի թե՛ Աստված՝ որպես անհուն Էակ, և թե՛ տիեզերքը՝ որպես սահմանափակ:

Սահմանափակ տիեզերքն առանց Աստծո չի կարող գոյություն ունենալ, բայց Աստված առանց տիեզերքի կա ու կմնա հավիտյան:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։