ԱՌԱՋԱԲԱՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԲԱՆ

«Ու ես կ’երթամ դէպի աղբի՜ւրը լոյսին»[1]:
Դանիել Վարուժան

 

Երբ գիշերվա հորիզոնը համրորեն շառագունում է արշալույսի գույներով, արևը բարձրանում է գեղեցկուհու նման՝ լույս ներարկելու ամեն կողմ:

Լույսը կյանքն է բնության, կյանքը մեր մտքի:

Մի բաժակ լո՜ւյս տվեք վիրավոր սրտերին. լույսը բալասան է վերքին:

Մի բաժակ լո՜ւյս տվեք հիվանդ մտքերին. լույսը բժշկություն է և հավերժություն: Հանճարներն ըմպեցին լույսի աղբյուրից և անմահացան:

Առա՛ջ եկեք, ո՜վ վշտակիր հոգիներ, առա՛ջ եկեք, ո՜վ երջանկության ծարավ սրտեր. եկե՜ք գնա՛նք դեպի Աղբյուրը լույսի:

Ողջ բնությունը ողողված է լույսով. տիեզերքի ամեն մի առարկայի վրա հանճարի ցոլքեր են շողշողում:

Եթե ամենուր լույսի շողեր ենք տեսնում, եթե ամեն առարկայի վրա հանճարի ցոլքեր ենք նշմարում, ուրեմն կա նաև մի Արև, կա մի Հանճար, որ Աղբյուրն է լույսի, Ակունքը հանճարի:

Մենք այդ Աղբյուրը կոչում ենք Աստված:

Սակայն եղան մարդիկ, որոնք խավարը ավելի սիրեցին, քան լույսը: Եղան մարդիկ, որոնք ուրացան գոյությունը Լույսի, գոյությունը Աստծո:

Պնդեցին, թե տիեզերքի հրաշալիքների մեծազոր Արարիչը կույր «դիպվածն» է:

Հայտարարեցին, թե լույսի ու կյանքի աղբյուրը անկենդան «նյութն» է:

Բայց կույր մտքեր էին դրանք, որովհետև կույրերն են միայն, որ չեն տեսնում լույսը:

Բնության մեջ ամեն առարկա լեզու ունի, որով բարձրաղաղակ բողոքում է այդ ամբարիշտ ուրացումի դեմ:

«Թիթեռնիկի աչքը և թևը բավարար են՝ անաստվածին ջախջախելու համար»[2], ասում է հանրագիտակ Դիդրոն (Diderot, 1713-1784):

Միայն մի ատոմը, ամենաչնչին ատոմը բավարար է՝ ամենակարող Աստծո գոյությունը ապացուցելու համար:

Բայց տիեզերքը ատոմ չէ, այլ՝ դյութաշխարհ, որի բոլոր տարրերը, քաղցրահնչյուն լարերի նման, իրենց Արարիչի փառքն են երգում զմայլելի ներդաշնակությամբ:

Աստղազարդ գիշերը Արարչագործ բազուկի կորովն է փառաբանում:

Երկնքի կապույտի մեջ նազող ձյունախաղաղ գագաթները Աստծո անմատչելի վեհությունն են ներբողում:

Օվկիանոսների անծայրածիր հորիզոնները Բարձրյալի անսահմանությունն են ցուցադրում:

Բոսորագեղ արշալույսներն ու վերջալույսները Արարչի դեմքի բաղձալի գեղեցկությունն են ընդգծում:

Բնությունն ամբողջ խորհրդավոր մի գիրք է, որի ամեն մի էջի վրա Աստծո անունն է գրված:

Հայելաջինջ լճակի երեսին կամ մանկան անբիծ աչքերում Աստված է ցոլում.

 

«Թէ կոյսը չըլլար
Սիրուն ու ամբիծ,
զԱստուածն այն երկնից
Մարդ ո՞ւր կը կարդար»[3]:

 

«Բարձրախոս եմ ուզում», ասում էր մեր տաղանդավոր գրական գործիչներից Օհան Կարոն, «բարձրախոս, որ աստղերի և Աստծո խոսքեր է խլում»[4]:

Ահա՛, այս գիրքն էլ ձգտում է լինել մի բարձրախոս՝ տիեզերքի միջից Աստծո ձայնը քաղելու համար: Կարդա այն, ո՜վ ընթերցող, բարի տրամադրությամբ. այն ջանալու է սովորեցնել քեզ բնության լեզուն և պիտի առաջնորդի «Դեպի Աղբյուրը լույսի»:

[1] Դ. ՎԱՐՈՒԺԱՆ, Հեթանոս երգեր, տպ. «Շանթ», Ղալաթիա 1912, էջ 173.
[2] F. LELOTTE, La solution du problème de la vie, Paris 1948, p 47.
[3] Պ. ԴՈՒՐԵԱՆ, Տաղք եւ թատերգութիւնք, Կ. Պոլիս 1893, էջ 30.
[4] ՕՀԱՆ ԿԱՐՕ, Խրճիթներէն մինչեւ խորհրդարանը, Փարիզ 1933, էջ 136.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։