ԱՍՏԾՈ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՍՏԾՈ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Վայրկեան մը շողն՝ մութ յաւիտեանը կ'արժէ»[1]:

Ռուբեն Որբերյան

 

Աստծո գոյության ապացույցները երկու հիմնական խմբի են բաժանվում:

Առաջին խմբին պատկանողները հինգն են և վերցված են արտաքին աշխարհից. սրանք կոչվում են մետաֆիզիկական (métaphysique) ապացույցներ:

Երկրորդ խմբին պատկանողները վերցված են մեր ներքին աշխարհից: Սրանք երեքն են և կոչվում են հոգեբանական (psychologique) ապացույցներ:

Սրանցից բացի կա նաև մեկ ա՛յլ ապացույց, որը վերցված է բոլոր հին և նոր ժողովուրդների աստվածային պաշտամունքից և կոչվում է բարոյական (morale) կամ ազգագրական (ethnologique) ապացույց:

Մետաֆիզակական ապացույցներն իրարից էապես չեն տարբերվում, այլ՝ մեկ հիմնական ապացույցի հինգ տարբեր ճյուղավորումներն են:

Պատճառականության օրենքը, ինչպես տեսանք, ասում է. «Յուրաքանչյուր էակ, որն ինքն իր մեջ չունի իր լինելու պատճառը (այսինքն՝ արդյունք է կամ պատահական մի էակ), պետք է ուրիշ էակի մեջ ունենա այն»։

Այս օրենքները սերտորեն կապված են պատճառականության ընդհանուր օրենքին և դրա անմիջական հետևանքներն են.

1) «Ոչնչից ոչինչ չի առաջանում առանց պատճառի».

2) «Որևէ մեկն իր չունեցածը չի կարող ուրիշին տալ».

3) «Ավելի կատարյալը չի կարող ինքն իրենով նվազ կատարյալից առաջանալ».

4) «Բարձրագույնը հնարավոր չէ ստորագույնով բացատրել».

5) «Շատը չի կարող ինքն իրենով առաջանալ քչից»:

Վերոհիշյալ բոլոր օրենքներն էլ հիմնված են պատճառականության օրենքի վրա և դրա տարբերակներն են: Այսպես, օրինակի համար. «Ոչնչից ոչինչ չի առաջանում» օրենքը պատճառականության օրենքի հետևանքներից մեկն է: Եթե ոչնչից ինքնիրեն ինչ-որ բան առաջանար, այդ բանն առանց պատճառի կլիներ:

«Որևէ մեկն իր չունեցածը չի կարող ուրիշին տալ». կարդալ չիմացողը չի կարող ուրիշին կարդալ սովորեցնել: Հակառակ պարագայում կարդալ սովորեցնելն առանց պատճառի պիտի լիներ:

«Ավելի կատարյալը չի կարող ինքն իրենով նվազ կատարյալից առաջանալ», ինչպես նաև՝ «Բարձրագույնը հնարավոր չէ ստորագույնով բացատրել» և «Շատը չի կարող ինքն իրենով առաջանալ քչից»: Հակառակ պարագաներում այն, ինչը որ կատարյալի, բարձրագույնի և շատի մեջ ավելին է, պիտի լիներ առանց պատճառի: Խոսենք օրինակով.

«Շողի մեկ վայրկյանը մութ հավերժությունն արժե», ասում է Որբերյանը, որովհետև մութ հավերժությունը երբեք չի կարող ինքն իրեն մի շող, նույնիսկ ամենանվազ շողն արտադրել:

Երկու գնդակին ևս երկու գնդակ ավելացնելիս չի կարող երբեք հինգ գնդակ լինել, որովհետև հինգերորդ գնդակը առանց պատճառի, ոչնչից պիտի առաջացած լիներ:

Տձև պղինձը, որ նվազ կատարյալ է, չի կարող ամբողջական պատճառը լինել նույն այդ տձև պղնձից պատրաստված դրամի, որն ավելի կատարյալ է, քան տձև պղինձը: Պղնձե դրամի մեջ ավելի բան կա, քան տձև պղնձի մեջ: Տձև պղինձը, որ ստորագույն է, քան ձևավոր պղինձը, մեզ ամբողջական բացատրություն չի տալիս դրամի ձևավորման մասին: Բայց, ըստ պատճառականության օրենքի, դրամի ձևավորումն իր պատճառը պետք է ունենա: Քանի որ այդ պատճառը տձև պղնձի մեջ չէ, ուրեմն հարկավոր է պղնձից դուրս փնտրել այն:

Օրինակների շարքը երկարացրեցինք՝ պարզապես ավելի հստակ դարձնելու համար պատճառականության օրենքն ու դրա հարակից օրենքները, որոնց ամուր ու անխորտակելի հիմքերի վրա պիտի կառուցենք այն կամուրջը, որ մեզ պիտի առաջնորդի արարածներից դեպի Արարիչը:

[1] Ռ. ՈՐԲԵՐԵԱՆ, Ովասիս, Փարիզ 1920, էջ 117.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։