ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՈՒՄԸ – Գրադարան – Mashtoz.org

ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՈՒՄԸ

Սխալ է ավանդապաշտության ուսմունքը, որովհետև ավանդությունը, ուսուցումը, խոսքը միակ աղբյուրը չեն գաղափարներ ունենալու և ճշմարտություններ ճանաչելու:

Մարդկային միտքն իր բնական լույսով կարող է նորանոր գաղափարներ հղանալ և նոր ակոսներ բանալ գիտության ընդարձակ դաշտերում:

Մարդկային հանճարն իր բնական լույսի շողերով պրպտում է բնության թաքուն խորշերում և նոր գաղտնիքներ է երևան հանում:

Եթե միայն ուսուցումը լիներ մարդկային գիտելիքների աղբյուրը, աշակերտը երբեք իր ուսուցչից ավելի գիտուն չպիտի դառնար հետագայում, գիտությունը պիտի չունենար նոր նվաճումներ, ներկա դարի զարգացումը պիտի չգերազանցեր անցյալ դարերի առաջադիմությանը:

Ուսուցումը, խոսքը մեծապես կարող են օգնել մեզ և դյուրացնել մեր մտքի զարգացման վերելքը, բայց ո՛չ երբեք՝ լինել միակ և բացարձակ դպրոցը մեր գիտելիքների:

Մերժելի է նաև չափավոր ավանդապաշտների տեսությունը: Թեև առանց աստվածահայտնության դժվարին կլիներ հստակորեն ճանաչել բարոյական կյանքը կառավարող խղճի օրենքները և կրոնաշունչ գիտելիքները, սակայն, մարդկային միտքը, մղված իր բնածին հետաքրքրասիրությամբ և ամեն ինչի պատճառը գտնելու անզուսպ փափագով, կարողանալու էր հասնել էակների առաջին Պատճառին, կամ էլ դժվարություն չէր կրելու նրա շուրջ անորոշ գաղափար կազմելուց:

Մարդկային մտքի առարկան ճշմարտությունն է: Աստված աղբյուրն է բոլոր ճշմարտությունների և Ինքը՝ գերագույն Ճշմարտությունը: Զարմանալի չէ, որ ինչպես նյութական աչքն է տեսնում լույսը և նրա միակ աղբյուրը՝ արևը, այնպես էլ միտքը շատ ճշմարտությունների հետ միասին ճանաչում է նաև նրանց միակ աղբյուրը՝ Գերագույն Ճշմարտության Արևը: Եվ հոգ չէ, թե անորոշության բզկտված ամպերի միջից:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։