Աստծո էությունը ճանաչելու երեք ճանապարհները – Գրադարան – Mashtoz.org

Աստծո էությունը ճանաչելու երեք ճանապարհները

Աստծո էությանը հասնելու համար միայն երեք ճանապարհներ են բաց մեր առջև:

1) Առաջինը կոչվում է «Պատճառականության ճանապարհ»: Աստված ամեն էակի գոյության, էության և կատարելությունների պատճառն է: Այսպիսով, բոլոր կատարելությունները պետք է գտնվեն նաև Աստծո մեջ:

2) Երկրորդը կոչվում է «Ժխտման ճանապարհ»:

Էակների կատարելությունները երկու տիպի են: Առաջին տեսակին են պատկանում այն կատարելությունները, որոնք, նյութից անբաժան լինելով, միշտ անկատարություն ունեն իրենց մեջ: Օրինակ՝ շարժումը, փոփոխությունը, տարածականությունը, տեղ զբաղեցնելը, ժամանակին ենթակա լինելը:

Այս տիպի կատարելությունները չեն կարող Աստծո մեջ գոյություն ունենալ, այսպիսով՝ դրանք չպետք է վերագրվեն Աստծուն, այլ՝ հարկավոր է ժխտել և հեռացնել Նրա էությունից:

Այս ճանապարհով գիտենք, որ Աստված աննյութ է և անփոփոխ, ծավալ չունի, տեղ չի զբաղեցնում, ենթակա չէ տարածությանը և ժամանակին, այլ՝ անսահման է և հավիտենական:

3) Երրորդը կոչվում է «Գերազանցության ճանապարհ»:

Էակների կատարելությունների մյուս տիպը նրանք էին, որոնք, թեև իրենց գաղափարի մեջ անկատարություն չեն պարունակում՝ լինելով նյութից անկախ, սակայն արարածների մեջ առկա են չափավոր կերպով:

Աստծո մեջ այս կատարելություններն առկա են անսահման չափով: Օրինակ՝ մարդը բարի է չափավոր կերպով, Աստված՝ բարի է անսահման չափով և գերազանցորեն, Աստված ինքնին Բարությունն է:

Ահա՛ այս երեք ճանապարհներով է, որ պիտի հասնենք Աստծո էության և հատկանիշների մասին թեև անկատար, բայց իրական գաղափար կազմելուն:

Սակայն մի մեծ արգելք կա կանգնած մեր առաջ: Այդ արգելքը «Երևակայությունն» է, որն հաճախ գալիս է խաթարելու Աստծո էության մասին մեր ունեցած ճշգրիտ գաղափարը:

Երևակայությունն ամեն ինչ մեզ պատկերավոր է ցույց տալիս. տարածության ու ժամանակի մեջ է զետեղում անգամ ամենաաննյութ և վերացական գաղափարները:

Հետևաբար, Աստծո աննյութ և անհուն էության մասին խորհելիս խուսափելու ենք մեր երևակայությունը գործածելուց և զգուշանալու ենք պատկերացումներից: Միմիայն մեր միտքը, բանականությունն ենք գործածելու որպես Աստծո մասին բարբառելու միջոց:

Սակայն, մեր մտքի աչքերը չափազանց տկար են՝ դրանք Աստծո արևաշող դեմքին ուղղակի սևեռելու համար: Աստծուց ճառագայթող շողեր կան ամենուր: Ահա՛ այս շողերի միջոցով է, որ պետք է կարողանանք անկատար գաղափար ունենալ աստվածային Արեգակի կատարելությունների մասին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։