ԳԼՈՒԽ Ա. – ԱՍՏՎԱԾ ԿԱ՞ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Ա. – ԱՍՏՎԱԾ ԿԱ՞

«Չկա՛», պատասխանում են անաստվածները:

«Երդվեցնում եմ ձեզ, եղբայրներ, հավատարիմ եղեք աշխարհին։ [...] Ուրիշ անգամներ Աստծո դեմ գործված ոճիրը ոճրագործություններից մեծագույնն էր, բայց Աստված մեռել է, և իր հետ մեռել են այս հանցանքի ոճրագործները»[1], ասում է գերմանացի փիլիսոփա Ֆ. Նիցշեն (F. Nietzsche, 1844-1900):

«Աստված մեռել է» հռչակեցին և Նրա դիակի շուրջը հավաքվեցին Նյութապաշտները, Պոզիտիվիստները և Պանթեիստները, թաղելու համար Աստծո գաղափարը ոչնչության գերեզմանի մեջ:

Բայց Աստված ո՛չ դիակ ունի, ո՛չ էլ գերեզման: Իզո՜ւր են անաստվածների աղմկարար ցնծատոները: Կենդանի՛ է Աստված: Նա Լույս է, Կյանք է և Ճշմարտություն: Հնարավոր չէ թաղել ո՛չ Լույսը, ո՛չ Կյանքը և ո՛չ էլ Ճշմարտությունը:

Ականատեսը պիտի լինենք, թե ինչպես են ամբողջ տիեզերքը, մարդկային միտքն ու սիրտը, ողջամտությունը և գիտությունը անհերքելի փաստերով միաբերան ապացուցում Աստծո գոյությունը:

Աստծո գոյությունը ջնջելու համար հարկավոր է նաև ջնջել թե՛ տիեզերքը, թե՛ մարդու միտքն ու սիրտը և թե՛ բոլոր գիտությունները:

[1] F. NIETZSCHE, Այսպէս խօսեց Զրադաշտը, թրգմ. Վ. Խորէնի, Բաքու 1914, էջ 7-8.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։