ԳԼՈՒԽ Ա. – Ո՞Վ Է ԱՍՏՎԱԾ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Ա. – Ո՞Վ Է ԱՍՏՎԱԾ

«Ես եմ Աստուած, որ Էն»

Գիրք Ելից 3, 14

 
Նախորդ էջերում անցանք այն ուղիներով, որոնք առաջնորդեցին մեզ առ Աստված:

Հիմա հասել ենք երկնքի դռան դիմաց. ներսում Աստված է՝ խորհուրդների մշուշի մեջ պարուրված:

Մեր առաջին հարցը եղավ. «Աստված կա՞»: – Այո՛, – պատասխանեցին բոլոր արարածները միաբերան:

Այժմ հարցնում ենք. «Ո՞վ է Աստված. ի՞նչ բնություն և ի՞նչ հատկություններ ունի Նա», Ում գործերը գիտենք, բայց Իր ի՛նչ լինելուց տեղյակ չենք:

Բոլոր փիլիսոփաների՝ այս երկրորդ հարցմանը պատասխանող ուսմունքները բաժանվում են երեք գլխավոր խմբերի:

Ա. – Աստված կա, բայց անճանաչելի է:

Այդ կարծիքին էին Ուիլիամ Համիլթընը, Հենրի Լոնգվիլ Մանսելը և հատկապես անգլիացի փիլիսոփա Հերբերթ Սփենսերը, համաձայն որի՝ Աստծո մասին մեր մտածած ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը: «Այն զորությունը [Աստված], որ աշխարհը մեզ ի ցույց է դնում, անքննելի է»[1]:

Բ. – Աստված ամբողջովին ճանաչելի է:

Մենք Աստծո էությունը ճանաչում ենք այնպես՝ ինչպես որ է, անմիջական ճանաչողությամբ, ասում են Ն. Մալբրանշը և իր համախոհները:

Մեր միտքն ամեն ինչ կարող է ճանաչել, ասում են Իդեալիստներն ու Ռացիոնալիստները: Սպինոզան ասում է. «Մարդկային միտքը Աստծո հավերժական և անհուն էության ամենակատարյալ ճանաչողությունն ունի»[2]: Իսկ Էռնեստ Ռենանը, փառաբանելով մարդկային միտքը (բանականությունը), ավելացնում է. «Անվիճելի է, որ մարդկային բանականությունը, մարդկությունը կազմավորելուց հետո՝ պետք է կազմավորի նաև Աստծուն»[3]:

Այս երկու ծայրահեղ կարծիքներն էլ սխալ են: Երրորդ կարծիքը, որի պաշտպանն ենք հանդիսանում, միջին ճանապարհ է ընտրել և ասում է.

Գ. – Աստծո էությունը և հատկանիշները կարող ենք ճանաչել միայն անուղղակի և անկատար ճանաչողությամբ:

Առաջին աստղագնաց Գագարինը, որ մեր երկրի մթնոլորտից դուրս ելնելով՝ պտույտ տվեց մոլորակի շուրջը, վերադարձին ասաց, թե երկնքում պտտվելիս Աստծուն չի հանդիպել[4]:

Պ. Դյուբարլեն, նրան պատասխանելով՝ ասում է. «Ի՞նչ է, Աստծուն մթնոլորտային ողնաշարավոր էակ էիր կարծո՞ւմ, որ քեզ հանդիպեր»:

Աստված աննյութ էակ է, որ մեր զգայարաններին չի տրվում:

Գիտությունն իր կատարելագործված հեռադիտակներով և մանրադիտակներով չի կարող մեզ ցույց տալ Աստծո էությունը:

Աստված իր ստեղծած տիեզերքում «ուղղակիորեն» տեսանելի չէ, այլ՝ «անուղղակի», ինչպես ճարտարապետն իր կառուցած շենքում կամ քանդակագործն իր ատեղծած արձանում:

«Երբ արևի ճառագայթն ընկնում է սենյակ, ինքը ճառագայթը չի երևում: Մեր տեսածը ո՛չ այլ ինչ է, եթե ո՛չ միայն՝ օդում գտնվող փոշու հատիկների պար, [...] որը մեզ ցույց է տալիս լույսի ճառագայթը: Այդպես էլ Ստեղծագործ Մտքի [այսինքն՝ Աստծո] ջինջ պայծառությունն անուղղակիորեն երևում է էակների պարի մեջ»[5]:

Ուստի, դարձյալ արարածներն են, որ մեզ տալիս են Աստծո «էությունը» ճանաչելու հնարավորությունը: Նրանցից յուրաքանչյուրը մեկական հայելի է, որի մեջ փայլում են Աստծո էությունը և հատկությունները թույլ անդրադարձումներով: Ահա՛ մեր ասածի փաստարկումը:

[1] H. SPENCER, First principles, Առաջին մաս, Գլուխ Ա., թիվ 14.
[2] SPINOZA, Ethica, II, 47րդ նախադասություն.
[3] RENAN, L’avenir de la Science, էջ 37.
[4] Իրականում, սակայն, այդ խոսքը Գագարինն ինքը չի ասել, այլ՝ Ն. Խրուշչովը, իսկ սովետական պրոպագանդան այն տարածել է իբրև Գագարինի կողմից արտասանված խոսք։ Գագարինն ինքը, մինչդեռ, խորապես հավատացյալ անձնավորություն է եղել։ Տե՛ս՝ Հանրագիտարան բաժնի « Գագարին Յուրիյ Ալեքսեևիչ » հոդվածը։
[5] SETILLANGES, Recueillement, էջ 49.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։