ԳԼՈՒԽ Բ. – ԱՍՏԾՈ ԷՈՒԹՅՈՒՆԸ. ԱՌԱՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Բ. – ԱՍՏԾՈ ԷՈՒԹՅՈՒՆԸ. ԱՌԱՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ

«Անսահման եւ անծիր,
Դու Սիրոյ Ովկէանոսն ես, Տէր.
ո՞վ կարող է լայնութիւնդ, բարձրութիւնդ
եւ խորութիւնդ չափել»[1]:

Խրիմյան Հայրիկ

 
Մի օր Մովսես մարգարեն հեռվից նշմարում է մի մորենի, որն այրվում էր առանց սպառվելու: Հետաքրքրությունից մղված՝ մոտենում է բոցակապ թփին, որտեղից մի ձայն ասում է իրեն. «Կա՛նգ առ։ Հանի՛ր կոշիկներդ, որովհետև կանգնածդ տեղը սուրբ է»: Իսկ երբ մարգարեն հարցնում է Նրա անունը, Նա պատասխանում է. «Ես եմ Աստված, որ Է»:

Աստված, ուրեմն, այն էակն է, որ Է. Նրա էությունը «լինելն» է, «գոյությունը»:

Ինչպես կտեսնենք հաջորդ գլուխներում, Աստված ամենապարզ Էակ է: Նրանում բարդություն և բաղադրություն չի կարող գոյություն ունենալ: Այն բոլոր կատարելությունները, որոնք բազմազան ձևերով գտնվում են արարածների մեջ, մեկ և միևնույն բանն են Աստծո էության հետ:

Նրա էությունը շողշողուն ադամանդ է, որը բոլոր կատարելությունները միանգամից է շողարձակում:

Սակայն մեր միտքն անզոր է միայն մեկ հայացքով ընդգրկել Աստծո էության մեջ եղած այդ անհունազան կատարելությունների ամենապարզ միությունը:

Այսպիսով, մեր միտքը, աստվածային զանազան կատարելությունները ճանաչելու համար, իրարից անջատում և առանձին առանձին է դիտարկում դրանք, որոնք մեկ և միևնույն բանն են Աստծո էության հետ:

Եվ ուրեմն, Աստծո բոլոր կատարելությունների միջից «Ինքնագո լինելու» կատարելությունը մեր համար Նրա էության բնորոշիչ տարրն է, ինչպես որ «բանականությունը» մարդու բնորոշիչ տարրն է։

Եվ հիրավի, մարդը մյուս բոլոր էակներից տարբերվում է որպես «բանական կենդանի», ինչպես էլ Աստված մյուս բոլոր էակներից զանազանվում է «ինքնագո լինելու» կատարելությամբ:

Բոլոր էակներն իրենց «գոյությանը / լինելուն» չեն տիրապետում, չեն նույնանում իրենց գոյության հետ, այլ՝ ուրիշից են այն ստանում: Միայն Աստված է, որ Ինքն Իր գոյությունն է, և այն ուրիշից չի ստանում. Իր «էությունը» նույնանում է իր «լինելու / գոյության» հետ:

Երկրորդ. «լինելու» կատարելությունն իր մեջ արդեն պարունակում է բոլոր մյուս կատարելությունները, որովհետև ամեն կատարելություն լինելու մեկ ձևն է, օրինակ՝ մեկը բարի է, իմաստուն է, ճշմարիտ է: Բարությունը, իմաստությունը, ճշմարտությունը առանց «լինելու» գոյություն չունեն: «Ես այն եմ, որ Է», ասաց Աստված: Աստծո «լինելը» Իր էությունն է:

Բոլոր էակները, ինչպես տեսանք, իրենք իրենցով չունեն իրենց «գոյությունը», այլ՝ մեկ ուրիշից են ստանում այն: Այս ուրիշը Աստված է, Ում «լինելը» Իր էությունն է, և Ով Ինքն Իրենով գոյություն ունի: Այսպիսով, Աստված «ինքնագո լինելն» է, «լինելու» լիությունը։

«Էությունը» և «Գոյությունը» Աստծո մեջ մեկ և միևնույն բանն են:

[1] ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ, Ամբողջական երկեր, Նիւ Եորք 1929, էջ 178.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։