ԳԼՈՒԽ Բ. – Ո՞Վ Է ԱՆԱՍՏՎԱԾԸ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Բ. – Ո՞Վ Է ԱՆԱՍՏՎԱԾԸ

Անաստված (աթեիստ) է կոչվում նա, ով ուրանում է Աստծո գոյությունը: Երկու տեսակ անաստվածներ կան. գործնական և տեսական:

Գործնական անաստվածներ են կոչվում նրանք, որոնք չեն ժխտում Աստծո գոյությունը, սակայն այնպես են ապրում, իբրև թե Աստված և Իր օրենքները գոյություն չունեն:

Դժբախտաբար շատ է նրանց թիվը ամեն ազգի և ամեն երկրի մեջ: Նրանք ավելի շատ անտարբերներ են, քան անաստվածներ:

Տեսական անաստվածներ են կոչվում նրանք, որոնք ժխտում են Աստծո գոյությունը գիտական կամ իմաստասիրական (փիլիսոփայական) տեսանկյունից:

Մարդկության պատմության մեջ միշտ էլ եղել են անաստվածներ, բայց անհամեմատ քիչ է նրանց թիվը:

Ահավասիկ տեսական անաստվածի մի օրինակ.

«Մի օր», պատմում է Երվանդ Օտյանը, «մի անհավատ բարձրացավ մի փոքրիկ ամբիոնի վրա [...] և սկսեց ամբողջ ուժով գոռալ.

– Աստված չկա՜, Աստված չկա՜, Աստված չկա՜:

Այս աղաղակը իսկույն իր շուրջը համախմբեց այնտեղ գտնվող ժողովրդի մեծ մասին:

Մարդը մի անգամ էլ աղաղակեց.

– Աստված չկա՜ ... :

– Բայց ապացո՞ւյցը, - հարցրեց ներկա բողոքական հովիվներից մեկը:

– Ապացույցը անմիջապես պիտի տամ, - պատասխանեց անհավատ բանախոսը՝ գրպանից մի խոշոր ժամացույց հանելով:

Հետո, ժամացույցը ժողովրդին ցույց տալով՝ ասաց.

– Տեսե՛ք, ժամը տասն անց է տաս րոպե. մինչև ժամը տասն անց քսան, այսինքն՝ տասը րոպե ժամանակ եմ տալիս Աստծուն, որ, եթե գոյություն ունի, հայտնվի ու ինձ կանգնածս տեղում ջախջախի։

Այս ասելով՝ ժամացույցը ամբիոնի վրա դրեց, թևերը ծալեց և աչքը սլաքին ուղղած՝ խրոխտաբար սպասեց:

Ամբողջ բազմությունը լուռ ու հանդարտ մնաց:

Երբ տասը րոպեն լրացավ՝ մարդը հաղթականորեն գոռաց.

– Տեսա՞ք, որ Աստված գոյություն չունի [...] »[1]:

Բայց Աստված, Իր գոյությունը փաստելու համար, պարտավոր չէ ամեն մի մանկամիտ մարդու խենթ խոսքերին ականջ դնելու:

[1] Ե. ՕՏԵԱՆ, Տասներկու տարի Պոլսէն դուրս, Կ. Պոլիս 1922, էջ 209-210.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։