ԳԼՈՒԽ Գ. – ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄ) – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Գ. – ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄ)

«Ի զո՜ւր, ո՛ նիւթապաշտ,
հող կը մտնես՝ աղաղակելով .''Ոչնչութի՜ւն, ոչնչութի՜ւն'':
Հոգիդ յաւէտ կենդանի է,
նա կը սաւառնի տապանիդ վրա»[1]:
 
Եղիա Տէմիրճիպաշեան

 

ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Համաձայն նյութապաշտ մատերիալիստների, փորձառական գիտությունը ճշմարտությունը ճանաչելու միակ ճանապարհն է: Նրանք պնդում են, որ ճշմարիտ է միայն այն, ինչը հասանելի է մեր զգայական փորձառությանն ու մեր զգայարաններին:

Այսպիսով, նյութը և իր ուժն են միայն մեր զգայական փորձառության առարկան. հետևաբար միայն նյութը և իր ուժն են ճշմարիտ իրականությունը:

Աստված, հոգի գոյություն չունեն, քանի որ աննյութ են և մեր զգայարաններին չեն տրվում:

Տիեզերքի բոլոր էակները նյութի տարբեր կերպարանքներն են, իսկ բնության բոլոր ուժերը՝ նյութի մեքենայական շարժման տարբեր երևույթները: Շարժումն էլ անբաժան է նյութից և նրա էության մասն է կազմում:

Էակների տարբերությունները միմյանցից ո՛չ թե էական և որակական են, այլ՝ պատահական և քանակական:

 

ՆՅՈՒԹԻ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ (ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ)

Նյութը, մատերիալիստների համաձայն, միակ աղբյուրն է բոլոր իրականությունների: Ամեն ինչ նյութից է առաջ գալիս և վերադառնում է նրան: Նյութը օրրանն է և դամբանը ամեն էակի; Բուսական, զգայական և իմացական կյանքերը նյութի բերրի հողից են ծլել: Յուրաքանչյուր աճ, զգացում և գաղափար նյութի հրաշալի ծաղիկներն են:

Նյութի վայրի և անգիտակից հեղաշրջումով (էվոլյուցիայով) են առաջ եկել ամենափոքր ատոմից մինչև երկնքի անհունության մեջ թավալվող աստղերը, արևն ու լուսինը, երկիրն ու նրա վրա գոյություն ունեցող յուրաքանչյուր շնչավոր և անշունչ էակ՝ անտեսանելի մանրէից մինչև հանճարափայլ մարդը:

Ֆոյերբախն ասում է (Feuerbach, 1775-1833). «Մարդն իր կերածից չի տարբերվում»[2]: Մատերիալիստ Մոլեսքոթի համաձայն (Moleschott, 1822-1893), մարդու անհուն բանականությունը ո՛չ այլ ինչ է, եթե ոչ՝ «ֆոսֆորի արտադրություն»[3]:

Ահավասիկ, նաև մատերիալիստ Էնգելսի խոսքերը. «Զգայարաններով ըմբռնելի նյութական աշխարհը, որին մենք պատկանում ենք, միակ իրականությունն է: Մեր խիղճը և մտածողությունը, որքան էլ որ գերազանց թվան, ո՛չ այլ ինչ են, եթե ոչ՝ արդյունք նյութական, մարմնավոր մի գորածարանի՝ ուղեղի: [...] Միտքն էլ նյութի գերազանց արտադրությունն է»[4]:

Նույն միտքն է հայտնում նաև Կ. Մարքսը, երբ գրում է. «Գաղափարը ուրիշ բան չէ, եթե ոչ՝ մարդկային ուղեղի մեջ տեղափոխված նյութական աշխարհը»[5]:

Նյութը, այսպիսով, իր անսպառ հարստությամբ իբր բավարար է տիեզերքի առեղծվածները լուծելու, ամեն իրականություն բացատրելու և ամեն միտք ու սիրտ հագեցնելու համար:

 

ՆՅՈՒԹԻ ԾԱԳՈՒՄԸ

Մատերիալիստական ուսմունքի համաձայն, նյութն անսկիզբ է և անվախճան, ինքնուրույն է, առանց պատճառի և պատճառն է ամեն բանի:

Նյութի ձևերն ու երևույթները փոխվում են, բայց այն մնում է անփոփոխ: Էակները գալիս են ու գնում, բայց նյութը մնում է հավիտյան: Միակ, բացարձակ և անհրաժեշտ էակն է այն. մի խոսքով՝ մատերիալիստական աստվածն է:

 

ՄԱՏԵՐԻԱԼԻՍՏ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

Մատերիալիզմի՝ Քրիստոսից առաջ ապրած ռահվիրաներ էին հույն փիլիսոփաներ Դեմոկրիտը, Էպիկուրը և ուրիշներ, հռոմեացիներից՝ Լուկրեցիոսը:

Վերջին դարերի մատերիալիզմի ջատագովները դարձան Հոբսը (Hobbes), Հոլբախը (Holbach), Լամետրին (Lamettrie), Ֆոյերբախը (Feuerbach), Շտրաուսը (F. Strauss), Հեկքելը (Haeckel), Կ. Մարքսը (K. Marx), Ռիշեն (Richet) և ուրիշները:

Բնագետ մատերիալիստներից արժե հիշել գերմանացի Հերցին (Hertz) և հոլանդացի Մոլեսքոթին (Moleschott):

Կան նաև ուրիշ հեղինակներ, որոնք թեև իրենք իրենց մատերիալիստ չեն համարում, սակայն, իրենց ուսմունքը հանգում է մատերիալիզմի:

[1] Ե. ՏԵՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ, տե՛ս Հ. Սիմոն Երեմեան, «Ազգային դէմքեր», Չորրորդ շարք, Վենետիկ 1913, էջ 168.
[2] Տե՛ս A. ZACCHI, Dio, Roma 1944, vol. I, p. 140.
[3] Նույն.
[4] Ensemble n. 3, série 3.
[5] Նույն.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։