ԳԼՈՒԽ Զ. – ԱԳՆՈՍՏԻՑԻԶՄ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Զ. – ԱԳՆՈՍՏԻՑԻԶՄ

Ագնոստիկների ուսմունքի հիմքում ճանաչողության նույն սկզբունքն է, ինչ մատերիալիստների ուսմունքի հիմքում:

Ագնոստիկներն էլ մատերիալիստների պես պնդում են, թե. «Ճանաչում ենք միայն այն ճշմարտությունը, որ տրվում է մեր զգայական փորձառությանը. մեր միտքն անկարող է անցնել զգայականի սահմանները»:

Նրանք, սակայն, տարբերվում են մատերիալիստներից: Վերջիններս պնդում են, որ մեր բոլոր գիտությունների առարկան միմիայն նյութն է՝ իր թաքուն ուժերով: Նյութից դուրս ուրիշ էակ գոյություն չունի:

Իսկ ագնոստիկներն ասում են. էմպիրիկ գիտությունները մեզ ցույց են տալիս միմիայն զգայական առարկաները: Զգայական աշխարհից այն կողմ մնացածը մեզ անծանոթ է: Հնարավոր է, որ գոյություն ունենան ուրիշ աննյութ էակներ, բայց մեր միտքը չի կարող դրանք ճանաչել:

Ագնոստիկների համաձայն՝ Աստծո գոյությունը ո՛չ կարող ենք ժխտել, ո՛չ էլ՝ ապացուցել: Մեր սահմանափակ միտքն անկարող է Աստծո գոյության խորհրդավոր ծրարը բացելու: Աստված «անհուն օվկիանոս է, որ գալիս է մեր ափերին բախվելու, բայց մենք նրան հասնելու համար ո՛չ նավակ ունենք, ո՛չ էլ առագաստ»[1], ասում է ֆրանսիացի փիլիսոփա Էմիլ Լիթրեն:

[1] EMILE LITTRÉ (1801-1881), Paroles de philosophie positive, Paris 1859, p. 31.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։