ԳԼՈՒԽ Զ. – ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Զ. – ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես տեսանք մինչ այս, Աստված ամեն էակի գոյության և գործունեության առաջին պատճառն է: Ա՛յլ խոսքով, էակներն արդյունք են Աստծո արարչագործության:

Ի՞նչ է նշանակում ստեղծել, արարել բայը:

Պետճառը երկու կերպով կարող է արդյունք առաջացնել: Առաջինը, երբ նախապես գոյություն ունեցող նյութից մի նոր բան է ստեղծում: Օրինակ, երբ արձանագործը նախապես գոյութուն ունեցող մարմարի կտորից արձան է քանդակում: Արձանը արձանագործի արդյունքն է:

Երկրորդը, երբ նախապես գոյություն չունեցող բանից, այսինքն՝ «ոչնչից», էակ է առաջ բերում: Նման կերպով արդյունք առաջ բերելը կոչում ենք «ստեղծել», «արարել»:

Բացի արարչագործությունը, մյուս բոլոր գործողություններից առաջացած արդյունքը միայն մասամբ է նոր: Այսինքն՝ առաջ է եկել իրենից առաջ գոյություն ունեցող նյութի փոփոխությունից: Օրինակ՝ տունն արդյունք է, որն առաջ է եկել նախապես գոյություն ունեցող քարերից, փայտերից, երկաթի կտորներից, որոնք նոր ձև ու դիրք են ստացել տան ստեղծման համար:

Մինչդեռ արարչագործությամբ առաջ եկած արդյունքն իր ամբողջ էությամբ ու գոյությամբ նոր է:

Եվ ուրեմն, ասում ենք, որ տիեզերքը աստվածային արարչագործության արդյունք է, այսինքն՝ Աստված ոչնչից տիեզերքը արարեց:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։