ԳԼՈՒԽ Է. – ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Է. – ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆԸ

«Նախախնամութիւնը, որ տիեզերաց մէջ
ամէն էակի իւր պաշտօնն յատկացուցած է,
սկսեալ այն բոցանիւթ աշխարհներէն, [...]
մինչեւ աննշմարելի ճճին, որ իւր տիեզերքն
ու կեանքն ունի ջրոյ կաթիլի մը մէջ»[1]:

Ռ. Բերբերյան

 
Աստված Իր ամենակարող զորությամբ ոչնչից ստեղծեց տիեզերքը:

Տակավին մեզ մի հարց է մնում: – Աստված արարչագործությունից հետո շարունակո՞ւմ է արդյոք հետաքրքրվել տիեզերքով, թե՞ ամփոփված է Իր ահավոր մենության մեջ: Իր արարչագործ ձեռքը քաշե՞լ է արդյոք տիեզերքից, թե՞ շարունակում է հայրական հոգածություն տածել իր ձեռակերտ էակների հանդեպ:

Փիլիսոփաներն այս հարցմանը տարբեր պատասխաններ են տալիս:

Հին ստոիկները տիեզերքի բոլոր պատահարները վերագրում էին կույր ու անհրաժեշտ մի ուժի, ոգու: «Աստված հոգ չի տանում լուսնի ներքո գտնվող էակների մասին», ասում էին էպիկուրյանները:

Համաձայն Արիստոտելի, Աստծուն անվայել է երկրավոր չնչին իրերով զբաղվելը:

Ավվեռոեսի (Իբն Ռուշդ) և հրեա փիլիսոփա Մայմոնիդեսի համաձայն, Աստված միջամուխ է լինում միայն տիեզերքի ընդհանուր ու գլխավոր օրենքների և դեպքերի մեջ:

Անգլիացի և ամերիկացի մի քանի հեղինակներ կարծում են, որ Աստված սահմանավոր էակ է, որն անկարող է ամեն ինչին տեղյակ լինել:

Վերջապես մյուսները, երկրի վրա գոյություն ունեցող բազմազան չարիքները նկատելով, կասկածում են Աստծո հայրագութ նախախնամության վրա:

Իսկ մենք բնության և ողջմտության ձայներով ապացուցում ենք, որ Աստծո նախախնամությունը բացահայտ է տիեզերքի մեջ:

Բոլոր էակներին ստեղծելուց հետո Աստված պահպանում ու պաշտպանում է նրանց իրենց գոյության մեջ, կառավարում է ամենամեծ իմաստությամբ և Իր անմիջական ազդեցությամբ նրանց մղում է իրենց որոշակի նպատակին:

Տիեզերքի բոլոր էակները, առանց բացառության, բանական թե ո՛չ բանական, ազատ կամ ո՛չ, ո՛չ միայն իրենց գոյատևման մեջ, այլ նաև՝ իրենց յուրաքանչյուր շարժման ու գործունեության համար կարիքն ունեն Աստծո շարունականան ու անմիջական օժանդակության: Եթե մի պահ Աստված դադարեցնելու լիներ իր օժանդակությունը, ամբողջ տիեզերքը վայրկենապես կդառնար ոչնչություն: Ինչպես որ էլեկտրական լամպը լույս տալու համար ամեն վայրկյան կարիքն ունի էլեկտրական հոսանքի, այդպես էլ յուրաքանչյուր արարած, գոյություն ունենալու համար, ամեն վայրկյան Աստծո օգնութան կարիքն ունի: Եվ ինչպես որ էլեկտրական հոսանքը կտրելուց հետո վայրկենապես կմարի լամպը, այդպես էլ, Աստծո կողմից օգնության ու օժանդակության դադարելու պարագայում, արարածը վայրկենապես կոչնչանա, կվերադառնա այն ոչնչությանը, որից որ ստեղծվել է:

[1] Ռ. ՊԷՐՊԷՐԵԱՆ, Առաջին տերեւք, Կ. Պոլիս 1877, էջ 112.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։