ԳԼՈՒԽ Ը. – ՍՏՎԵՐՆԵՐ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՉԱՐԻՔԸ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Ը. – ՍՏՎԵՐՆԵՐ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՉԱՐԻՔԸ

«Ավա˜ղ, լուսնի տակ և վեհ բան չկա,
Ամեն ինչ կոպիտ, բիրտ անասնական.
Աննյութ, անմարմին, անկիրք սեր չկա,
Ա˜խ, մաքուր սերը երազ է միայն»[1]:

Ավետիք Իսահակյան

 
Երբ մեր աչքերը դարձնում ենք դեպի խեղճ մարդկությունը, շատերի համար նախախնամությունը կարծես աներևույթ լինի: Այն բարերար ձեռքը, որ գորովանքով փայփայում է բնության բոլոր էակներին, հանկարծ կարծես բռունցքի է վերածվում և իջնում է խեղճ մարդկության գլխին: Այն ձեռքը, որ բարիք է սփռում ամեն կողմ, որ պատվարներ է կանգնեցնում՝ չարիքների առաջն առնելու համար, ո՛չ միայն անտարբեր և անհոգ է թվում մեր սրտի փշերն հավաքելու հանդեպ, այլ՝ կարծես չարիքների ամբարտակը կոտրում է մեր առաջ, և ամեն տեսակ աղետներ են խուժում տառապակոծ մարդկության վրա:

Եթե նախախնամության ձեռքը, տիեզերքի սանձը բռնած, թույլ չի տալիս, որ աստղերն իրար բախվեն, ինչո՞ւ է թույլ տալիս, որ մահն ավերներ գործի մարդկության մեջ: Մի՞թե «մի մարդու մահը մի տիեզերքի փլուզումը»[2] չէ:

Մարդկությանը տանջող այս բազմազան չարիքները, ցավը, հիվանդությունը, սովը, պատերազմները, մահն ու մեղքը մի՞թե չեն ապացուցում, որ աստվածային նախախնամությունը բացակայում է երկրից:

Անուրանալի իրականություն է, որ երկրի վրա գոյություն ունի չարիքը: Ամեն մարդ առավել կամ նվազ չափով համտեսել է չարիքի դառնությունները:

Բայց ի՞նչ է չարիքը:

Չարիքը, ընդհանուր առմամբ, զրկումն է այն կատարելությունից, որը որևէ ենթակա պետք է ունենա: Այսպիսով, ամեն չարիքի մեջ երկու բան է նկատվում. ա) կատարելությունից զրկումը, կատարելության բացակայությունը. բ) ենթական, որին այդ կատարելությունն անհրաժեշտ է: Արձանի համար չարիք չէ իմացականություն չունենալը, որովհետև իմացականությունը կատարելություն է, որն արձանին չի պատկանում: Մինչդեռ մարդու համար չարիք է իմացականությունից զուրկ լինելը, որովհետև մարդը, կատարյալ համարվելու համար, պետք է օժտված լինի իմացականությամբ: Նմանապես, բույսի համար չարիք չէ խուլ կամ կույր լինելը, մինչդեռ նույն բանը չարիք է անասունի համար, քանի որ լսողությունը և տեսողությունը կատարելություններ են, որոնք պատկանում են անասունների բնությանը:

Չարիքը բաժանվում է երկու հիմնական խմբի. ֆիզիկական չարիք և բարոյական չարիք:

Ֆիզիկական չարիքը բացակայությունն է այն կատարելության, որը պատկանում է որևէ էակի էությանը, կամ էլ նրա լրացուցիչ մասն է կազմում: Օրինակ՝ կուրությունը, հիվանդությունները, զգայական ցավը ֆիզիկական չարիքներ են:

Բարոյական չարիքը բացակայությունն է այն համաձայնության, որ պիտի ունենան որևէ կամքի ազատ գործերը՝ բարոյական օրենքի հետ: Այսպես, մեղքերը բարոյական չարիքներ են:

Եվ ահա՛, թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյական չարիքներին հանդիման, որոնց հանդիպում ենք մեր կյանքի ամեն քայլափոխին, հետևյալ մտածումն է տանջում մեզ. «Կա՛մ աստվածային նախախնամությունն անկարող է չարիքը խափանելու երկրից, կա՛մ, եթե կարող է, չի կամենում խափանել այն»:

Առաջին պարագայում հարկավոր է ուրանալ Աստծո ամենակարողությունը, իսկ երկրորդ պարագայում հարկավոր է ուրանալ Աստծո բարությունը:

[1] Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆ, Ընտիր երկեր, Երևան 1948, էջ 55.
[2] Ա. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ, Արձակ էջեր եւ քերթուածներ, Փարիզ 1937, էջ 145.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։